fbpx

Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» գրքի շնորհանդես

Մարտի 6-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր և մանկավարժ Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» գրքի շնորհանդեսը։

Գիրքը լույս է ընծայվել «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ՝ հայ վաստակաշատ կոմպոզիտոր Գագիկ Հովունցի 90-ամյակին ընդառաջ։ Այն նվիրված է կոմպոզիտորի կամերային ստեղծագործություններին և երաժշտական տեսությանը։

Գագիկ Հովունցը տարիներ շարունակ վարում էր նոթատետրեր, որտեղ ամեն օր նշումներ էր կատարում։ Մի օր նա հասկացավ, որ եկել է սեփական հարմոնիկ համակարգը մշակելու ժամանակը՝ այդ բոլոր մտքերը մի տեղուկ համակարգելով։ Գրքի բնօրինակը գրվել և լույս էր տեսել 1995 թվականին ռուսերենով՝ «Мысли о гармонии»։

— Գրքում ամփոփված է Գագիկ Հովունցի ստեղծագործական կրեդոյի ամբողջ կորիզը։ Նրա բոլոր ստեղծագործությունները հիմնված են այդ փոքրիկ գրքում ներկայացված տեսության վրա։ Այն եռամաս է առաջին մասում խոհափիլիսոփայական մտորումներ են հարմոնիայի շուրջ, երկրորդը հենց տեսությունն է, երրորդը՝ երզահանգումներ, – ասաց երաժշտագետ Շուշան Հյուսնունցը։

2018 թվակաին «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի և «Նարեկացի» արվեստի միության համագործակցությամբ լույս էր ընծայվել Գագիկ Հովունցի «Մտքեր հարմոնիայի մասին» երաժշտատեսական աշխատության թարգմանությունը անգլերենով և գերմաներենով: Գրքի անգլերեն թարգմանությունն իրականացրել է Աշխեն Մկրտչյանը, գերմնաներենը՝ Շուշան Հյուսնունցը։

Չնայած օրեր առաջ՝ մարտի մեկին 94 տարեկան դարձած կոմպոզիտորը ներկա չէր միջոցառմանը, սակայն նրա խոսքը լսելի դարձավ «Շողակաթ» հեռուստաընկերության կողմից նկարահանված «Նվիրյալ անձեր» շարքի մաս կազմող վավերագրական ֆիլմով, որի հեղինակն է Լուսինե Բալյանը:

Տարիներ առաջ ծնվեց նաև Շուշան Հյուսնունցի և կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանի հեղինակած «Գագիկ Հովունց. ստեղծագործական դիմանկարի ուրվագծեր» գիրքը՝ նվիրված կոմպոզիտորի կյանքին, երաժշտական ստեղծագործությանը, երաժշտական-տեսական և փիլիսոփայական հայացքներին:

Միջոցառումն ուղեկցվեց համերգային ծրագրով, որի ընթացքում հնչեցին Գագիկ Հովունցի մի շարք կամերային-գործիքային ստեղծագործություններ ։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով