fbpx

Լեո Լեո Վարդանյան «Իմ լուսամուտից» | Ցուցահանդես

Մայիսի 17-իին ՀԲԸՄ ցուցասրահում բացվեց աբստրակցիոնիստ Լեո Լեո Վարդանյանի «Իմ լուսամուտից» խորագիրը կրող ցուցահանդեսը։

Լեոյի աշխատանքները խորապես հոգևոր են և խոհական: Շարքերի միջոցով նկարիչը ներկայացնում է անվերջ թվացող տարբերակներ՝ սևեռուն, սակայն կառավարելի դիտանկյուններից: Իր ստեղծագործություններում նկարիչը խաղարկում է գծերն ու տարածությունը՝ ստանալով լույսի, գույնի և ռիթմի նրբերանգներ, որոնք նա կոչում է «վիբրացիաներ» (տատանումներ):

Մենք հատուկ ենք որոշել անվանել «իմ լուսամուտից», այլ ոչ թե «իմ պատուհանից» քանի որ այս ամենը կապում ենք լույսի հետ։ Սյուժեն այդ մեկ հատ պատուհանն է, բայց շատ տարբեր ժամերին։ Այս գործերում շատ ենք տեսնում ժամանակը, որը ոչ մարմնական երևույթ է և չես կարող նկարել, – ասաց ՀԲԸՄ-ի ցուցահանդեսների համադրող և պատասխանատու Աննա Գարգարյանը։

Այս շարքի բուն առարկան ոչ թե Լեոյի ննջարանի պատուհանից բացվող տեսարանն է, այլ լույսի թրթիռները, նրա հարափոփոխ երանգները, որոնք տարբեր են օրվա յուրաքանչյուր պահին:

Լեո Լեոն բազմաշերտ արվեստագետ է, ով տիրապետելով տարբեր մեդիաների, ազատորեն դիմում է ռելիեֆային արվեստին, վիդեոարտին, պերֆորմանսին: Բայց սա առաջին առաջին անգամն է, որ ներկայացվում են նրա լուսանկարները։ Այս աշխատանքները կատարվել են երեք տարվա ընթացքում և ընդհանուր առմամբ կար մոտ 1000 լուսանկար։

— Սա կարելի է համեմատել իմպրեսիոնիզմի հետ Մոնեն Լեոյի համար ամենամեծ հեղինակն է։ Մոնեի մոտ նույն Նոտր Դամն է, ուղղակի տարբեր ժամերին տարբեր գույների ներքո։ Նման մոտեցում ենք տեսնում այս ավելի ժամանակակից շարքում, – հավելեց Աննան։

Նկարիչն աշխատել է տարբեր տպագրությունների՝ թղթի ապակու կտավի և բեբեխայի վրա։

Այս ինստալյացիան Լեոն և Աննան միասին են մտածել։ Կտորի շերտերը և՛ հանում են պատկերի ֆոկուսը, և՛ ինչ-որ չափով մեծացնում ու ամենակարևորը՝ շարժում են տալիս ամեն ինչին։

Կրկնության միջոցով Լեոն բացահայտում է հենց այս երևույթը՝ դիտողի ուշադրությունը տեսանելի բնորդից (լուսամուտից) շեղելով դեպի անտեսանելին (ժամանակը): Լեոյի «լուսամուտ» նախաձեռնությունը բնույթով վիզուալ օրագրություն է, որը դյուրազգաց է, խոցելի, բաղձալի, և որը արտացոլում է ժամանակի և, վերջին հաշվով, կյանքի ունայնությունը:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունիսի 3-ը։

Շուտով ականատես կլինենք ՀԲԸՄ-ի և «Armenian Art week»֊ի համագործակցությունը, ինչը, ըստ համադրողի՝ կարևոր է իրենց համար կապ հաստատել այդպիսի միջազգային հարթակի հետ և արվեստագետներ ներկայացնել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով