fbpx

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ներսում։ Մարդու իրավունքների հռչակագիրը կոմիքսների տեսքով

Արդեն մեկ շաբաթ է, ինչ Հայաստանում անցկացվում են Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառումները, որոնց կիզակետը Օպերայի և բալետի ազգայի ակադեմիական թատրոնի բակն է։ Այստեղ տեղադրված տաղավարներում գագաթնաժողովին մասնակից երկրները բոլոր հետաքրքրվածներին ներկայացնում են իրենց երկրի մշակույթը, տեսարժան վայրերը, համալսարանները, ամենքը փորձելով դա անել յուրովի։

Լինելով հետաքրքրվածների շարքում, մենք նույնպես շտապեցինք տաղավարներ՝ գտնելու ներկայացուցչական ամենահետաքրքիր լուծումը, որը գտանք Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում։

«Մենք ներկայացնում ենք Բրյուսելի վալոնյան՝ ֆրանսախոսների հատվածը, որի Արտաքին գործերի նախարարությունը զբաղվում է արվեստագետների գործունեությամբ։ Իրենք որոշել են մարդու իրավունքների հռչակագրի 70-ամյակի առթիվ հռչակագրի յուրաքանչյուր հոդվածի համար նկարել մեկ կոմիքս, որպեսզի ավելի հասանելի լինի հասարակության լայն շերտերին», – մեզ հետ զրույցում ասաց տաղավարի հայ կամավորը։

1948թ․ դեկտեմբերի 10-ին Փարիզում ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը բաղկացած է 30 հոդվածներից, որոնց հիման վրա նկարված կոմիքսների վրա աշխատել են ավելի քան 30 հեղինակներ։ Նկարիչների շարքում են Էմիլ Բրավոն, դիզայներ Ֆիլիպ Դյուբուկը, հայտնի վիդեոբլոգեր Սիպրիենը (ֆր․՝ Cyprien) և շատ ուրիշներ։ Որպես հիմք է ընդունվել մարդկանց բազմազանության գաղափարախոսությունը։

Նայելով ցուցադրված պաստառներին՝ նկատեցինք բելգիական հայտնի կոմիքսների սիրված կերպար Սպիրուին (ֆր․՝ Spirou), ով նույնպես ընտրված էր որպես հռչակագրի նկարազարդման հերոս և դեռևս ստեղծման 1938 թվականից պայքարում էր անարդարության դեմ։

Այսպիսի ստեղծարար, տեղեկատվական ու մշակութային լուծումով էր հանդես եկել Բրյուսելը, որն, ի դեպ, աշխարհին հայտնի է իր կոմիքսներով։ 20-րդ դարում կոմիքսներն արվեստի հենց այն ճյուղն էին, որով Բելգիան ժառանգություն թողեց ողջ աշխարհին։ Ըստ տեղացիների՝ կոմիքսները նրանց մշակույթի անբաժան մասն են կազմում։

Շատերիս հայտնի «Սմուրֆիկները», նույն ինքը՝ «Սպիրուն» և «Տինտինի արկածները» 20-րդ դարի բելգիացի նկարիչների և սցենարիստների ձեռքի ու մտքի գործն են։

Շարունակելով կոմիքսների թեման՝ անդրադառնանք Ֆրանսիայի Անգուլեմա քաղաքի կոմիքսների միջազգային փառատոնին, որը մեծագույնն է ողջ Եվրոպայում։ Քաղաքում ողջ տարածքով անցկացվող այս չորս օրյա գունավոր փառատոնն ամեն տարի ունենում է ավելի քան 200,000 այցելու, մոտ 800 լրագրող, իսկ հեղինակներին տրվում են տարբեր հեղինակավոր մրցանակներ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով