fbpx

Էլյա Համբարձումյանի «Էլիկո» գրքի շնորհանդեսը

Հունիսի 20-ին Զանգակ գրատանը տեղի ունեցավ Էլյա Համբարձումյանի «Էլիկո» ինքնակենսագրական գրքի շնորհանդեսը։

Հեղինակը հավաստիացնում է, որ առանց ժպիտի, իսկ երբեմն էլ առանց ծիծաղի հնարավոր չէ ընթերցել այն։ Ակամայից կարդացողը մասնակից կլինի շատ պատմությունների, իրենց աչքի առաջ կմեծանա Էլիկոն, ու հաստատ կզգան, որ այսուհետ նրանից մի մասնիկ կրելու են իրենց մեջ։

— Գիրքը վայելելս ձեր շնորհիվ է։ Այն ինչ տեղադրվում է իմ էջում, անմիջապես արձագանք է գալիս, որ դա ուզում են տեսնել գրքի ձևով։ Ես էլ շատ ականջալուր մարդ եմ և սիրում եմ անմիջապես կատարել իմ մտերիմների ցանկությունները ու կամաց-կամաց գնացի առաջին գրքիս ծննդին։

Իր առաջին գրքի լուսընծայման համար Էլյան շնորհակալություններ հայտնեց՝ նախևառաջ սկսելով իր երեխաներից․

— Երբ իրենք փոքր էին, ես իրենց ձեռքը բռնած տարել եմ դեպի երազանքի կատարում ու միշտ ասել եմ, որ դուք ամեն ինչ կարող եք։ Հետո տեղերով փոխվեցինք, իրենք մեծացան, ես փոքրացա ու ասեցին՝ մամ, իսկ ի՞նչն է խանգարում երազանքդ իրականացնելու համար, և հասկացա, որ իրոք երազանքի համար ժամկետներ չկան։

Գրքի խմբագիրը Նվարդ Փարսադանյանն է, ում խմբագրած գրքերը շատ բազմաբնույթ են (դպրոցական, գիտական, գեղարվեստական և այլն)։ Նա նաև տեխնիկական խմբագիր է և ծանոթանում է հրատարակչությունների բոլոր գրքերին՝ տալով վերջնական հավանությունը։

Այս գրքին Նվարդը նախ ծանոթացել է որպես ընթերցող, այնուհետև անցել աշխատանքի՝ մի քանի փուլով, որի ընթացքում հինգ օրում խմբագրել և ևս հինգ օրում էլ սրբագրել է։

— Շատ անկեղծ գիրք է՝ զրույց ընթերցողի հետ, անմիջական, կյանքի դասեր, – այսպես բնութագրեց գիրքը խմբագիրը։ — Շատ ուսուցողական է և՛ չամուսնացած աղջիկների, և՛ տղաների, և ընտանիք կազմածների համար։ Իհարկե դա իր կյանքի պատմությունն է, բայց շատերին կարող է ուղղորդել։

Իր խմբագրած գրքերի շնորհանդեսներին միշտ չէ, որ Նվարդը հասցնում է մասնակցել, բայց այս անգամ պարտք համարեց հեղինակի հետ ծանոթանալ, քանի որ աշխատանքի ընթացքում նա  երկրում չէր։

Գրքի վերնագրի փոխարեն կարելի էր ավելի ճոխ նախադասություններ մտածել, բայց քանի որ վերջինս ինքնակենսագրական է, մանկության վերաբերող հերոսն էլ էլիկոն է, այլ ոչ թե Էլյան։ — Եթե այն ժամանակ հարցնեին՝ անունդ ինչ է, ես կթաքնվեի տատիկիս թիկունքի ետևում ու կասեի՝ Էլիկո, – հավելեց հեղինակը։

Ըստ Էլյա Համբարձումյանի՝ Էլիկոյի հայացքը կյանքին եղել է շատ պայծառ, շատ ջինջ, և ինքն ուրախ է, որ մնացել է նույն Էլիկոն։

Լուսանկարները՝ Աստղիկ Օհանյանի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով