fbpx

Էլիզա Մխիթարյան | Հում Ջազզ

Քաղաքում բոլորը վազում էին, ու ինձ դա խորթ էր: Խմբի տղաների հետ փոխհարաբերություններն այլևս առաջվանը չէին, համերգներին հազվադեպ էին ինձ կանչում, գումար նորմալ չէի աշխատում: Մեկ ամիս անց իմացա,որ նոր երաժիշտ են գտել:

Խմբի հետ փոխհարաբերություններս սկսեցին վատանալ շատ անսպասելի: Մենք այլևս չէինք հասկանում նույն երաժշտությունը, փորձի վայրը նույնն էր, ժամը՝ գրեթե միշտ նույնը, սակայն ինչ-որ բան այն չէր: Եվ խնդիրն այն չէր, որ երաժշտություն չէր ստացվում, այլ այն, որ անկեղծ ասած, ինձ սկսել էր դուր գալ ջազզը, իսկ իրենց՝ ոչ:  Իմ նոտաները սիրում էին քայլել, ու քաղաքի վազքն իրենց դուր չէր գալիս բնավ:

-Արսեն սիրահարվե՞լ ես, նորմալ նվագիր: Այս հիմար երաժշտության համար մեզ  երկու հազար դրամ էլ չեն թողնի, ես դեռ կնոջս ծննդյան ծաղիկները պիտի գնեմ, խոստացել է ցույց տալ բարեկամներին:

Ես սիրահարված չէի  ու կին էլ չունեի:

Սիրահարությունը հեշտ է գողանալ, որովհետև դրանից շատ կա: Փողոցներում, սրճարաններում, համալսարաններում և դպրոցներում, և նույնիսկ այնտեղ, ուր սեր երբեք չի եղել, սիրահարություն կա: Մարդկանց համար որևէ բան խորապես զգալը դժվար է, այդ պատճառով մենք նախընտրում ենք այն, ինչ հեշտ է: Կամ չենք նախընտրում, և օրերից մի օր որևէ մի սրճարանում մեզ կհանդիպի մեկ այլ Հեսսե ու կգողանա մեր խորքը: Այդպես է:

Ջազզը գողացել էր խորքս:

Ես խնդիր չունեի ինքս ինձնից նեղանալու, որովհետև մեջս երաժշտությունը վերածնվել էր:

Կենսագրական ֆիլմեր շատ էի դիտել, ու հավատում էի,որ մի օր փողոցում նվագելիս մի շատ հարուստ պրոդյուսեր կնկատի ինձ և ես կդառնամ սիրված արտիստ: Ես հոգնել էի փողի համար սաքսոֆոնով հիմար երաժշտություն ստանալուց, ես հոգնել էի երաժշտություն ստանալուց, ես ուզում էի երաժշտություն ստեղծել: Երաժշտություն ստեղծելու մտքից ես չէի կշտանում, ողջ օրը թափառում էի փողոցներով ու նվագում: Սիրում էի գիշերային Երևանում նվագել, որտեղ մարդիկ վազել չգիտեին, և որտեղ օդը չեն բռնում,որտեղ պաղպաղակի կոներով շրջող երիտասարդները ժպտում էին, որտեղ հետաքրքիր էր նրանց իմ սաքսոֆոնը, որտեղ նրանք սիրում էին քայլել սաքսոֆոնիս հետ, որտեղ իրենք էին ընտրում քայքլի ձևը և երաժշտությունը ոչինչ չէր պարտադրում նրանց: Կամ գոնե թե այս ամենն ինձ թվում էր:

Ջազզը ցնորք է:

Մենակություն բառին դժվար է արդեն խցկվել տողերի մեջ:

Մի օր էլ մի տատիկ մոտեցավ և ասաց.

Տղա ջան, այնքան փոքրամարմին ես, որ գործիքդ ենք առաջինը նկատում, հետո նոր քեզ:

Ինձ դուր եկավ տատիկը, որովհետև նա նկատելէր այն, ինչ ես ուզում էի, որ մարդիկ նկատեն: Ինձ չէ, գործիքը:

Ես պատկերացում անգամ չունեի, որ հեղափոխություն անելն այսքան հեշտ է, որ հարկավոր է ուղղակի սկսել ինքդ քեզնից և վերջ: Աշխարհում ոչ ոք պարտավոր չէ քեզ համար հեքիաթներ հորինել, և դու էլ իրավունք ունես ամեն հեքիաթի չհավատալու: Բայց բոլորս տաղանդավոր ենք: Մանկանը քնեցնելիս մայրերը արագորեն հեքիաթներ են հորինում, որտեղ հերոսները շատ հաճախ հենց իրենց երեխաներն են: Աստված բոլորիս հորինելու շնորհ է տվել, որպեսզի  ցանկացած հուսահտ վիճակում մենք մեզ հեղափոխելու ուղին հորինենք: Հեղափոխություն անում են սարսափելի իրականությունից չմեռնելու համար: Քո ներսի արվեստը փրկում է քեզ հեղափոխությունից չմեռնելու համար: Վերջ:

Ես մեկ շաբաթ թափառում էի փողոցներով: Երևանում ապրում էի վարձով, տունս խոնավ էր, հիմնականում  սնվում էի դրսում կամ չէի սնվում, որովհետև երաժշտությունը սկսել էր ինձ հերիքել: Սովորական երեկոներիս համաձայն նստեցի տանս ճռռացող մանրահատակին և հաշվեցի մեկ շաբաթում հավաքածս գումարը:

Երկու հարյուր հազար դրամ:

Խմբի հետ 3 անգամ անվանի  ակումբներից մեկում երգելուց հետո միասին վերցրած վաստակել էի երեսուն հազար դրամ: Ես չէի հավատում փողին, դրանց կեսը մանրադրամներով էր և միասին երկու հարյուր հազար: Երկու հարյուր հազա՞ր:  Ես վաստակել եմ այդքան փողը՝ ազնվորեն  երջանիկ զգալով և երջանկություն պարգևելով: Ես ոչ ոքի նեղություն չեմ տվել և օգնել եմ ինքս ինձ: Ես ամբողջ օրը  միայն անցկացրել եմ փողոցներում: Նստեցի վարձով սենյակիս հատակին ու սկսեցի մտածել փողոցի մասին:

Փաստորեն, փողոցի մասին իմ պատկերացումներն այլ էին և ես բացարձակ չէի գիտակցում դրա կարևորությունը
Փողոցը բանաստեղծություն էորի միջով անցնելիս սրտիդ տողերն ես հորինու՜մ… Փողոցը փոքրիկդատարկ բանաստեղծություն էորը կարիք ունի հասկացվելու:  Հեղափոխությունը փողոցը վերաիմաստավորեց:

Ես բանաստեղծությունը հասկացել էի ուրեմն: Եվ այս ամենը միայն այն բանից հետո, երբ ես ազատվեցի ներսս կեղեքող լռությունից: Դատարկված քաղաքի անկյուններում ես ընդամենը սկսել էի պատմել իմ սիրո մասին : Եվ պատմությունները ես չեմ սիրում ձգձգել, որովհետև ավարտ հարկավոր է ամեն ինչին, որովհետև եթե ինչ-որ բան չի ավարտվում, ուրեմն  մեզ համար ծուղակ են պատրաստել, իսկ ազնիվ ճանապարհների վրա հաճախ են փորձում դա անել:

Հեղափոխություն ես ինքս ինձ հետ արեցի և տեսա դա մնացածների մեջ միանգամից:

Չգիտեմ:

Միայն  մի բան գիտեմ:

Իմ ջազզը հում էր, բայց քաղաքը եփեց այն: Քաղաքի եփած ջազզն ուրի՜շ է…

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով