fbpx

Էդուարդ Հարենց՝ «Ելման կոյնե» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 15-ին Անտարեսյան գրատոնի շրջանակներում տեղի ունեցավ Էդուարդ Հարենցի «Ելման կոյնե» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։

Գրքի մասին իր կարծիքն ասաց «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը

– «Ելման կոյնե» վերնագիրը լեզվամտածողական արտահայտչամիջոց է։ Գիրքը հենց այդ տրամաբանությամբ է կազմված և ասեմ՝ բարդ պոեզիա է, կարդալիս առաջացնում է որոշակի արգելքներ, որոնք պետք է հաղթահարել։

Չնայած բանաստեղծը հրաժարվեց զրուցել, սակայն միջոցառման ընթացքում նշեց, որ պոեզիան չպիտի լինի թեթև զբաղմունք, ժամանց, այլ հաղթահարվի,  ընթերցվի։

–  Գիրքը բոլորի համար չէ՞։

– Չասեմ բոլորի համար չէ, ամեն մեկն իր ձևով այն կհաղթահարի՝ մեկը մի քիչ արագ, մյուսը՝ համեմատաբար դանդաղ, բայց որ հաղթահարելու համար լրացուցիչ գիտելիքներ են պետք գալու՝ դա հաստատ։ Վերջին տարիների խմբագրածս ամենաբարդ գրքերից է։

– Ինչ բովանդակային առանձնահատկություններ ունի գիրքը։

– Դրանք զուտ հեղինակային են, որովհետև Հարենցն արդեն ունի թեմաներ, որոնք իրենն են։ Դրանք մի քիչ վերերկրային երևույթների վրա սևեռումներ են Հարենցն ամեն անգամ տեղափոխում է մեկ այլ տարածություն։ Բնականաբար, Հարենցին բնորոշ սուզումներն օգնում են մի քիչ այլ կերպ նայել ամեն ինչին՝ և՛ առօրյային, և՛ աշխարհին, և՛ տիեզերքին, շատ երևույթների նայել «հարենցավարի», – ասաց գրականագետը։

Ինչպես նշված է գրքում՝ Ելման Կոյնե բանաստեղծությունների ժողովածուն Էդուարդ Հարենցի՝ լեզվին վերաբերմունքի ու նրա հանդեպ պատկառանքի, սիրո և ընդդիմության կասկածի և խոր հավատի հերթական դրսևորումն է։ Յուրաքանչյուր բանաստեղծությամբ Հարենցը ձգտում է է՛լ ավելի խորքով ճանաչել լեզուն, և յուրաքանչյուր բանաստեղծությամբ՝ լեզուն ինքն էլ բացահայտում է իր թաքնված կարելիությունները։

Անտարեսյան գրատոնի մասին զրուցեցինք «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։

– Մոտ տաս-տանսհինգ օր առաջ սկսեցինք փողոցներում տեղադրել մեր թարգմանիչների նկաներով պաստառները «Եթե բաբելոնում թարգմանիչներ լինեին» ուղերձով։ Փորձեցինք Երևանին տարեվերջում մի քիչ գրական շունչ հաղորդել, բայց չուզեցանք այդ ամենը մնա միայն Երևանում, այլև հասնի մարզեր։ Հասկանալով, որ մարզերի համար էապես կարևոր է գինը՝ կատարվեցին մինչև 80% զեղչեր, ինչից առնվազն երկու անգամ հրատարակիչը վնաս է կրում, քիչ է չէին վաճառվում որոշ գրքեր, հիմա էլ վաճառվում են վնասով։ Բայց փողոցն ու գրախանութի ներսը սկսում են համահունչ դառնալ։ Այս բոլոր միջոցառումներից պետական 0 լումա է ծախսվել և կուզեմ, որ մյուս հրատարակչություններն ու պաշտոնյաները հաշվի առնեն այս կտորը և չմսխեն պետական բյուջեն և նման միջոցառումներն անեն պետության հաշվին։ Դրանք պետք է իրագործեն հրատարակչություններն իրենց գրողական համայնքի հետ։

Ինչ սպասումներ ունեք գրատոնից։

– Սպասումն այն է, որ շատ ընտանիքներում լավ գրքեր կհայտնվեն, ինչը շատ-շատ եմ կարևորում։ Ցավոք, պետությունն այս ամենում անում է հակառակ քայլը, իսկ մենք փորձում ենք նրանց արած «ղալաթները» կոմպենսացնել։

– Արդեն գրատոնի երկրորդ և վերջին օրն է, ինչպիսի՞ն է ընթերցողների ներգրավվածությունը երեկ և այսօր։

– Երեկվանից այս վիճակն է (ցույց է տալիս հավաքված մարդկանց), կամ ավելի խիտ էր։ Մարդիկ գալիս են ընտանիքներով և բոլորի համար գրքեր են գնում։ Կարծում եմ՝ երեկ մոտ հազար գիրք է գնացել ընտանիքներ։

– Մյուս տարի սպասե՞նք «Անտարեսյան գրատոնի»։

– Ոչ միայն մյուս տարի, այլ տարին մի քանի անգամ։ Կփորձենք էլի կրկնել, մարդիկ ավելի շատ կօգտվեն, պահանջարկը կշատանա։

Մարտիրոսյանի խոսքով՝ հրատարակչությունը շուտով կպատրաստի տարվա ամփոփումը, որտեղ իրենց կարծիքով կգնահատեն այն լրատվամիջոցներին ու լրագրողներին, որոնք ամենաշատն ու ամենաորակյալն են անդրադարձել գրքի թեմային և այն մարդկանց անունները, ովքեր միշտ կանգնած են գրքի կողքին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով