fbpx

«Դեն Բրաունն ինձ զայրացրել էր», — Մարկ Արեն

Մարտի 26-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ հանդիպում «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպի հեղինակ, գրող Մարկ Արենի հետ։ Հանդիպումը կայացավ «Ես գրում եմ» խորագիրը կրող նախագծի շրջանակներում, որտեղ տարբեր գրողներ պատմում են իրենց ստեղծագործական գործընթացի, ոգեշնչումների և գրական աշխատանքի մասին:

Գրել սկսելու մասին հարցին հեղինակը պատասխանեց, որ բավականին ուշ է եղել, 21֊րդ դարի սկզբին, իսկ մինչև այդ ուղղակի ընթերցող էր դեռ մանուկ հասակից։

— Պետք է ասեմ, որ դպրոցում գրականությունն ու լեզուն իմ ուժեղագույն կողմերը չէին։ Ինձ գրել դրդեց երկու հանգամանքիմ կյանքի մի պահին շատ էր հուզում այն միտքը, թե ինչպես է տեղի ունենում դավաճանություն։ Քանի որ քրիստոնյաների համար դավաճանության կարկառուն դեմքերից մեկը Հուդան էր, որոշեցի հասկանալ նրա դավաճանության դրդապատճառը։

Հենց այսպես էլ ծնվեց Մարկ Արենի առաջին՝ «Ռեքվիեմ Հուդայի» վեպը։ Այն հրատարակվել է 2006 թվականին, ռուսերենով, Մոսվկայում։ Այդ ժամանակ էլ լույս տեսավ Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը», որը կարդալիս նա զայրացել էր։ Ըստ գրողի՝ կան թեմաներ, որոնց կարելի է անդրադառնալ միայն մի հանգամանքում՝ փորձել ոչ թե աղավաղել, այլ պարզաբանել, իսկ Բրաունն աղավաղել էր։ Որոշեց գրել Հուդային նվիրված վեպ, որը պատասխան կլինի Դեն Բրաունին։ Այդ վեպում Հուդան դառնում է մեր ժամանակակիցը, և իր անունն արդարացնելու համար գալիս է Հայաստան։ Նա ասում է՝ ես եկել եմ մի ազգի մոտ, որ ոչ թե տրված է Աստծո կողմից, այլ առաջինն է ընտրել Աստծուն։

— Ինձ հաջողվեց ժամերի ճշտությամբ վերականգնել պատմությունը, — ասաց նա։

Երկրորդ՝ ցեղասպանության մասին գրքում Մարկ Արենը չէր ուզում արյուն, բազմաթիվ զոհեր և հայեր լինեն։ Ուզեցավ փորձ կատարել և այդ ամենը ներկայացնել թուրքի տեսանկյունից։ Խոսքը հայտնի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. անատոլիական պատմություն» վեպի մասին է, որը երեք տրվա ընթացքում վերահրատարակվել է վեց անգամ։

— Կա կլասիցիզմ, ռոմանտիզմ, իդեալիզմ, ես հորինեցի իմ ոճը, որն անվանում եմ ավանտյուրիզմ։ Դրա գաղափարն այն է, որ ես վերցնում եմ ինչ-որ ժամանակ ապրած (ոչ թե ողջ) հիմնականում հայտնի մարդկանց, ծանոթացնում նրանց իմ հերոսների հետ։ Ընթերցողի մոտ տպավորություն է առաջանում, որ հորինված կերպարներն էլ են իրական մարդիկ եղել։ Ավանտյուրիզմի մեկ այլ բնորոշ կողմն էլ հերոսների անկախությունն էես նրանց երբեք չեմ թելադրում՝ ինչ անեն։ Նրանք ապրում են իրենց կյանքով։ Ինչպես նաև ես երբեք չեմ ավարտում իմ վեպերը, քանի որ իմ ընթերցողներին վերաբերվում եմ որպես գործընկերների։ Ես ուզում եմ, որ պատմությունները նրանք մտքում ավարտեն այնպես, ինչպես իրենք են ուզում, — իր ստեղծագորածական միջոցի մասին պատմեց հեղինակն ու հավելեց, որ դա բավականին հետաքրքիր եղանակ է։

Չնայած բեսթսելերի առկայությանը՝ Մարկ Արենը զբաղվել է գիտությամբ և հենց դա էլ համարում է իր մասնագիտությունը, իսկ գրականությունը որակում է որպես  հոբբի։

Մարկ Արեն գրական կեղծանունը նա ընտրել է, որպեսզի իր գիտական ու գրական մուսաները միմյանց դեմ չպայքարեն։ Սովորաբար դրանք գալիս են ուշ ժամի և երբեմն՝ միաժամանակ։ Գրողի իրական անունն է՝ Կարեն Մարգարյան։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով