fbpx

«Լարովի նարինջը» շարունակություն ունի

«Լարովի նարինջ» բեսթսելերի հեղինակ Անթընի Բըրջեսի արխիվում գտնվել է վեպի շարունակության ձեռագիրը։

«Լարովի վիճակ» ( անգլ․՝ Clockwork Condition) վերնագրով ստեղծագործությունը բաղկացած է 200 էջից և ներկայացնում է մարդու հոգեվիճակի մասին հեղինակի մտքերը՝ զարգացնելով 1962 թվականին լույս տեսած գրքի թեմաները։ Վեպը պատմում է հանցագործ դեռահասին պետության կողմից բուժելու փորձերի մասին։

Գիտաֆանտաստիկայի անավարտ շարունակությունը նկարագրվում է որպես  «ինքնակենսագրական տարրերով փիլիսոփայական մտորումներ»։

Այստեղ Բըրջեսն անդրադարձել է նաև Ստենլի Կուբրիկի կողմից 1971 թվականին ադապտացված ֆիլմի շուրջը պտտվող անհամաձայնություններին։ Կուլտային ֆիլմը, որում Մալքոլմ Մաքդաուելը մարմնավորել է Ալեքսին, մեղադրվել է բռնության, հանցագործությունների նմանակման մեջ, ինչի պատճառով Կուբրիկն իր ձեռքով է հանել ֆիլմը բրիտանական վարձույթից։

«Լարովի վիճակի» ձեռագիրը երբևէ ոչ մի տեղ չի տպագրվել և գտնվել է Բըրջեսի Բրաչանոյի (Հռոմից ոչ շատ հեռու) տան թղթերի մեջ։ 1993 թվականին գրողի մահվանից և տան վաճառքից հետո արխիվը տեղափոխվել է Մանչեստեր՝ Անթընի Բըրջեսի միջազգային ֆոնդ։

Ինքը՝ Բըրջեսն ախատանքն անվանել է «ժամանակակից մարդու վիճակի փիլիսոփայական բարձր հայտարարություն»՝ իր անհանգստությունը հայտնելով մարդկության վրա մեծ ազդեցություն թողող նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ զանգվածային լրատվամիջոցների, ֆիլմերի և հեռուստատեսության մասին։

Այստեղ է ամփոփված նաև վեպի անսովոր վերնագրի ծագումը։ Ձեռագրում ասվում է․

— 1945 թվականին, երբ վերադառնում էի բանակից, լսեցի, թե ինչպես 80-ամյա Քոնքին լոնդոնյան գինետներից մեկում ասաց, որ ինչ-որ մեկը այնքան տարօրինակ էր, որքան լարովի նարինջը»։

Այստեղ այդ մարդը նկատի է ունեցել «ինչ-որ մեկի» խելագարությունը, ինչը շատ էր տպավորել գրողին և քսան տարիների ընթացքում ցանկանում էր որևէ բան այդկերպ անվանել։

Անթընի Բըրջեսի միջազգային ֆոնդի տնօրեն, պրոֆեսոր Էնդրյու Բիսվելը կարծում է, որ սա «Լարովի նարնջի» հրաշալի շարունակություն է, որը լույս է սփռում Բըրջեսի և Կուբրիկի վրա։

— Հեղինակը հրաժարվել է ձեռագրից այն ժամանակ, երբ հասկացել է, որ նա գրող է, այլ ոչ թե փիլիսոփա, – ասել է պրոֆեսորը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով