fbpx

Արթուր Մեսրոպյան | Թռչող տունը

Ժողովածուն ներկայացնում է Արթուր Մեսրոպյանի վերջին տարիների գործերը։ Բանաստեղծություններն արտացոլում են անձի ու երևակայական ես-ի սթափ առերեսման փորձը, սառնասիրտ գնահատողական հայացքն ընտրությանը, ազատ կամ զսպված ինքնության դրսևորումներին, որոնք տեղաբաշխված են չհարմարվողականության տարածքներում։ Ընթերցողը մասնակիցը կդառնա յուրօրինակ ճամփորդության առ էության ներսում գտնվող փակը, մութը և պահվածը, կառնչվի մարդու՝ միֆական հիմքի հետ միաձուլման ընթացքին, կտեսնի մետամորֆոզների մի շղթա՝ արտաքին պայմանականությունների քայքայման փորձով, չտեսնվածի հետ հանդիպմամբ ու նոր-անհայտի բացահայտմամբ։

Խմբագիր՝ Հայկ Համբարձումյան
©Զանգակ, 2017

***

ամեն անգամ երբ կարոտում եմ քեզ

ինձ թվում է դու չկաս/չես եղել/չես լինի

իսկ ես դեռ ապրում/ապրել/ապրելու եմ

դա սարսափելի է

քեզնից դուրս ապրելը

անտարածության մեջ

երեսուն սանտիմետրանոց քանոնով

տանդ չափը գծելու նման բան է

իսկ երբ դրան գումարվում է

անժամանակությունը

(իսկ այն միշտ գումարվում է)

հասկանում եմ որ

անհուսության սահմանից այն կողմ էլ

դեռ մի բան կա

ես այնտեղ չեմ ուզում լինել

գիտեմ որ այս ամենը հիմարություն է

թուլության պահ

բայց շատ մեկ-մեկ

միևնույնն է զգում եմ.

ուզում եմ գամ քեզ դիմավորելու

կգամ քեզ դիմավորելու

կդիմավորեմ քեզ

***

այսօր կսիրեմ նրան ինչպես մի նավ

կվարեմ ծովերի խորքը, տակը, որսի

դուրս կգամ

օվկիանոսի գունախառը ձկների վրա

պատերազմ կհայտարարեմ հարևան ծովի

տիրակալին

կլինեմ բաց ծովի մեջ

մինչև ականջներս

մինչև ութ հազար կիլոմետր կսուզվեմ

մինչ բոլոր խեղդվածներին չգտնեմ

դուրս չեմ գա

ափս հուսամ կսպասի

ես կիջնեմ բոլոր սիրահարների անկողինների մեջ

կքնեմ բոլոր կանանց ու տղամարդկանց

գրկած

ես կլինեմ արև

ու բոլոր աղջիկներին կտեսնեմ

ափս կսպասի իսկ ես ձկների հետ

դուրս կգամ առավոտը չեկած

ափս թող մարմնիս տեր կանգնի

այս գիշեր մի գիշերով պետք է դուրս գամ

մի գիշերով մանկապարտեզի երեխա եմ դառնալու

խաղալու եմ, քնեմ ու գրքեր գրեմ

մի գիշերով կատու եմ լինելու

միոտանի շուն, պոչը կտրած մուկ

ծառերից չեմ իջնելու գետնին ու

բոլոր լուսամուտներից ներս եմ նայելու

այսօր ես կսիրեմ այն սիրուն աղջկան

որ արտագաղթեց անցած բոլոր ամառներից մեկում

ասում են հիմա ամեն ինչ լավ է

իսկ ձմեռները հյուր է գալիս մեկ շաբաթով

այսօր ես կսիրեմ նրան ինչպես մի նավ

կսիրեմ ինչպես հեքիաթում մահացած երեխային

ինչպես երբեմն սիրում են մորը

***

ինչ կատարյալ ենք մենք իրար խեղում

հիանալ կարելի է

ու արդեն առաջին անգամը չէ

բայց համը մեկ է նույնն է

ու հիմա, երբ գնացել ես

կարծես մեռած կատու լինի

փորիս մեջ

ու ինչքան էլ պոչից քաշում եմ

կոկորդովս

դուրս չի ելնում

ճանկերը երևի ընկել են

սիրտ-թոքովս կամ էլ

երիկամներովս կամ էլ

ով գիտի ինչով ու

ճանկռում են ճանկռում են

ես չգիտեմ կուլ տամ կատվին

ի վերջո, թե չէ

որովհետև վստահ չեմ, թե

կմարսեմ նրան

թե էլի քաշեմ, քաշեմ պոչից

կոկորդովս

ու սրտաթոքախառը դուրս

թափեմ

հերն էլ անիծած

ամեն դեպքում միգուցե թողնեմ ինչպես

կա

ու ինձ դարձնեմ

մի մեռած կատվի գերեզման

***

թափանցիր մեջս մորեմերկ

մտիր մեջս

կլանվիր ընդերքս

ալիք-ալիք անցիր տակս

խորքս սուզվիր

ընկղմվիր մարմնովդ ողորկ

ու լպրծուն ներսս

թաց

պահիր շունչդ

ափերովդ, բազուկներովդ

բացիր ինձ, փխրեցրու

մեծացրու խորքերս

ընդարձակիր սիրտս, ձերբազատիր

թաթախվիր, սողոսկիր

խորշերս

անտակությունս քեզնով արա

ներքաշվիր, թափանցիր

ոտքերովդ մղվելով առաջ

ոտնաթաթերովդ ջրերս հետ մղելով

մարմինդ ու խոնավությունդ ու

մերկությունդ մեջս շաղելով

վարարելով ձգվիր

իմ առաձգականությունից գրգռված

իմ քնքշությունից մեղկացած

լուծվիր մեջս

գլխով հարելով փափկությունս

գլխահարելով անդիմադրողականությունս

մինչև կներշչնվեմ

քթանցքներովդ

հրելով թոքերդ

հուր անելով խոռոչդ

ու սուզվելով մեջդ

մեղմ ու մորեմերկ

կառնեմ քեզ անցքերս

խորքերովդ կացնեն

ու կմիանամ ինձ

ներսս կծծեմ քեզ

կլուծեմ

հանգստությանս մեջ

սառնությանս մեջ

անշարժությանս մեջ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով