fbpx

Արթուր Քոնան Դոյլ՝ «Կորուսյալ աշխարհ» գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 22-ին Խնկո-Ապոր ազգային մանկական գրադարանում «Կարապ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները ներկայացրին Սըր Արթուր Քոնան Դոյլի «Կորուսյալ աշխարհը» գիրքը, որը լույս է տեսել 1912 թվականին։

Այն պրոֆեսոր Չելենջերի արկածների մասին պատմող գիտաֆանտաստիկ շարքի առաջին գիրքն է։ Իրադարձությունները տեղի են ունենում Հարավային Ամերիկայում՝ Ամազոնի խորհրդավոր ջունգլիներում, որոնք իրենց մեջ թաքցնում են անհայտ ու զարմանահրաշ աշխարհ։ Արշավախմբի անհավանական արկածները համեմված են կոլորիտային կերպարներով և անգլիական նուրբ ու հեգնական հումորով։

Քոնան Դոյլը հայտնի է ոչ միայն որպես լեգենդար խուզարկու Հոլմսի, այլև որպես գիտաֆանտաստիկ և պատմավեպերի հեղինակ։ Վերոնշյալ հայտնի կերպարը կերտելուց և բուռն ստեղծագործական գործունեություն ծավալելուց հետո Քոնան Դոյլը ցանկացավ փոխել իր կյանքի ուղին՝ իրեն փորձելով այլ գրական ժանրում և հասնելով հաջողության։

– Կորուսյալ աշխարհը նրա ստեղծագործական գործունեության գագաթնակետերից է, որտեղ բացահայտվում է մի նոր, հետաքրքիր երկիր։ Այս գիրքը ունի ճանաչողական նշանակություն հատկապես դպրոցականների համար, քանզի տալիս է վաղ երկրաբանակնան շրջանի գիտելիքներ, – ասաց թարգմանիչ Քրիստինե Չիլինգարյանը։

Օրեր առաջ «Կարապ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները ներկայացրել էին Սըր Արթուր Քոնան Դոյլի Շերլոք Հոլմսի մասին պատմող ստեղծագործությունների ամբողջական հավաքածուն, որը բաղկացած է վեց գրքից։ Այդ նախագիծն իրականացնելու համար հրատարակչությունը թարգմանական մրցույթ էր հայտարարել, որի շրջանակներում ստացված վաթսուն հայտից ընտրվել էին վեց թարգմանիչներ՝ Արփինե Վարդանյան, Էլիզա Սարգսյան, Էդիտա Շադոյանը, Շուշան Փայտյանը, Շուշաննա Վասիլյանը և Քրիստինե Չիլինգարյանը, ովքեր աշխատել էին վեց հատորների վրա։ Թարգմանություններից, թրեյնիգներից և հրատարակչության խմբագիրների հետ քննարկումներից հետո սկսեցին աշխատել «Կորուսյալ աշխարհը» գրքի վրա։

– Նախագիծը կարևորվում է երիտասարդ թարգմանիչներին դրսևորվելու հնարավորություն տալով, քանի որ բոլորը փորձ են պահանջում, իսկ երիտասարդներս՝ դա չունենք։ Այն տվեց մասնագիտական առաջընթաց, փորձեցինք մտածել Շերլոքի նման և շատ կարևոր է նաև թիմը, որում շատ հաճույքով ենք աշխատել, – նախագծի մասին խոսեց Շուշան Փայտյանը։

Շնորհանդեսի վերջում ցուցադրվեց նաև «Կորուսյալ աշխարհ»-ի էկրանավորումներից մեկը։

Անհնար էր անտարբեր անցնել նաև կազմակերպված անգլիական թեյախմության կողքով, որում նույնիսկ թխվածքաբլիթներն էին Շերլոքի ոճով։

Հոլմսի մասին պատմող յուրաքանչյուր վեց գրքում առկա է կորուսյալ աշխարհի քարտեզի փոքրիկ կտոր։ Բոլոր վեց մասերը հավաքելով՝ ստացվում է այդ կորուսյալ աշխարհի քարտեզը և որպես նվեր, մինչև մարտի 20-ը ներկայացնելով «Էդիթ Պրինտ»-ի գրասենյակ, յուրաքանչյուրը կարող է ստանալ «Կորուսյալ աշխարհ»-ի իր օրինակը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով