fbpx

Հեղինակի հետ ծնված վիպակ | Արմինե Բոյաջյանի «Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» գրքի շնորհանդես

«Կա մի մարդ ում ես նախանձում եմ, Չարենցն է: Նա երակ է կապված գրականությանը:

Իմ սիրելի գրական ժանրը պամֆլետն է: Քաղաքական դաշտ շպրտվող կծու բառերն արթնացնում են թիթեռներիս: Ես դա հասկացա առաջին կուրսում, երբ կարդացի Ցիցերոն ու Պլուտարքոս: Կարդացի Ցիցերոն ու Պլուտարքոս ու շարունակեցի նախանձել Չարենցին: Հետո Դիդրո կարդացի, Վոլտեր, էլի ահագին բան կարդացի, ես դեռ նախանձում եմ Չարենցին: Նա չի խոսում այն ամենի մասին ինչ ես արդեն գիտեմ, նա չի խոսում այնպես, ինչպես ես կխոսեի», – իր վիպակը սկսում է Արմինե Բոյաջյանը, ում «Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ին:

– Երբ ոգևորությամբ սպասում էի իմ ելույթին, հասկացա, որ մանկության տարիները մի կողմ դրած` Արմինեին ամենաշատը ես եմ ճանաչում, ինչպես նաև հասկացա, որ լեզուն ինձ համար գրականության մեջ կարևոր դեր ունի, ինչն էլ ինձ միանգամից տարավ ստեղծագործելուն: Ինձ թվում է` այս գիրքը բոլորի մասին է: Մեզանից յուրաքանչյուրն այստեղ կգտնի իր մանկության պատառիկները, – ասաց գրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանը:

Ինչպես հեղինակն է ասում` այս վիպակը ծնվել է հազար ինը հարյուր ութսուն երկու թվականին` իր հետ միասին: Սա նրա հեքիաթի պրոյեկտումն է թղթին, սա հենց նրա հեքիաթն է` մարմնավոր այն նապաստակը, որ ամենքս նկարել ենք մեր բաժին ծառի տակ: Աչքերը հեղինակինն են. պատմողն ինքն է, բայց դրանք կարող են լինել յուրաքանչյուրինը: Սա այն պահարանն է, որտեղ նա կախել է իր մարդկանց, իր պատմությունները, իր գույները:

Գեղարվեստա-դոկումենտալ այս վիպակն ունի հատուկ կառուցվածք: Պատումները բաժանված են ըստ հիշողության տեսակների`հաշվի առնելով նրանց բովանդակությունն ու «ինչպես»-ը:

Իր կարծիքով կիսվեց գրող, բանասեր Գոռ Հարությունյանը, ով ցանկացավ նախևառաջ դուրս հանել այն բացասականությունը, որն ուներ գրքի նկատմամբ.

– Սկզբից ևեթ համաձայն չեմ եղել վերնագրի հետ, համաձայն չեմ հիմա և համաձայն չեմ լինի ցկյանս: Ըստ իս` այս գրքի բովանդակությունը մի քանի անգամ ավելի լուրջ է քան դրված վերնագիրը:

Երկու կարևոր բանի վրա եմ ուզում շեշտը դնել` լեզվի և բովանդակության: Նա խոսել է մեզ հետ մեր լեզվով, այն հասանելի է: Երևի նրանից է, որ ես բովանդակության մեջ իմ մանկությունն եմ տեսել և ամբողջ իննսունականները, անկախ նրանից մենք այդ ժամանակ ճանաչել ենք իրար, թե չէ, ապրել ենք նույն պերճանքն ու թշվառությունը: Պետք է ասեմ, որ Արմինեն հաղթահարել է լեզվական պատնեշն ու պատումի ձևը շատ սիրուն է ներկայացրել:

Ես դարձա քո ընթերցողն ու այնքան կլինեմ, քանի այս էս լեզվով ինձ կվերադարձնես իմ հերոսներին գեղարվեստականեցրած`Նորքի անտառով, օձերով, պլաստմասե պեչենիներով…

Գրքի հեղինակ Արմինե Բոյաջյանը շատ հուզված էր և ներկաների հետ կիսվեց իր ամենակարևոր` սիրո ուղերձով.

– Այստեղ են իմ բակի ընկերները, դպրոցիս տնօրենը, թատերական ինստիտուտի դասախոսները, շնորհակալ եմ, սիրում եմ ձեզ:

96 թվականի հոկտեմբերի 27-ին կորցրել եմ հորս և ճիշտ նույն օրը, 20 տարի անց կորցրի իմ գրական հորը: Այս օրը ես լիովին իրենց եմ նվիրում, սա նրանց շնորհքն է:

«Նկարում եմ նապաստակ (location-ծառի տակ)» վիպակն այս տարի արժանացել է Ռուբեն Հովսեփյանի անվան գրական մրցանակի:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով