fbpx

Հայաստանում միակ մանկական հրատարակչությունը | «Արևիկ»

Հուլիսի 3-ին Զանգակ գրատանը տեղի ունեցավ «Ամսվա հրատարակչություն» նախագծի հերթական հանդիպումը, որի հյուրն այս անգամ «Արևիկ» հրատարակչությունն էր։ Հանդիպումն առանձնացավ հատուկ ծրագրով, որը մեկնարկել էին «Զանգակն» ու «Արևիկը». կազմակերպել մրցույթ, որին երեխաները կներկայացնեն իրենց հեքիաթները, իսկ լավագույնները կներառվեն ժողովածուում։ Սակայն այս մասին կարող եք կարդալ ռեպորտաժի վերջում։

«Արևիկը» Հայաստանում միակ մանկական հրատարակչությունն է, որը գործում է արդեն երեսուն տարի։ Այն ժամանակին եղել է մեկ այլ մեծ հրատարակչության մեջ և կազմել է մանկական մասը, իսկ վաղ իննուսականներին դրանք բաժանվել են՝ ստեղծելով մեծերի և փոքրերի գրականությամբ զբաղվող առանձին հրատարակչություններ։ Ներկայիս տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանն այն ղեկավարում է հինգ տարի, իսկ նրան նախորդել է իր հայրը՝ բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը։

— Սկզբում շատ հեքիաթային թվաց, բայց ժամանակ անց հասկացա, որ այդքան էլ հեշտ չէ փոքրիկների հետ աշխատել, կամ առավել ևս հրատարակչական գործունեության մեջ գոյատևելը, – ասաց Սաբեթը։

Տպագրվող գրքերի մասին

Ինչպես ասում է տնօրենը՝ ընտրությունները կատարվում են շատ սուբյեկտիվ սկզբունքով։ Այն գրքերը որոնք Սաբեթրի վրա տպավորություն են թողնում կամ դուր են գալիս իր ութամյա դստերը, հասկանում է, որ ափսոս են՝ մյուս երեխաներն էլ չկարդան։

Գրքի դերը ժամանակակից աշխարհում

— Անընդհատ պնդում են, որ տպագիր գրքերը զիջում են էլեկտրոնայինին, բայց, տեսնելով տենդենցը, չեմ ուզում համաձայնել դրա հետ, – իր կարծիքը հայտնեց հրատարակիչը։ Նա գրեթե վստահ է, որ տպագիր գիրքը մշտապես ունենալու է իր հատուկ տեղը։ Չի պակասելու, ուղղակի ավելանալու է էլեկտրոնայինը։ Սակայն երեխաներն այսօր գերադասում են դյուրամարս, ինտերակտիվ գրքեր։

Պատանի գրականության մասին

Իրենց հրատարակչության տեսլականում շատ մեծ տեղ են տալիս հենց այդ տարիքի երեխաների համար ստեղծվող գրականությանը։ Այդտեղ բավական մեծ խնդիր կա, որովհետև հետաքրքությունները շատ տարբեր են, փոքր է սպառողական դաշտը, հրատարակիչը տուժում է։ Ըստ Սաբեթի՝ այս հարցը կարող է գլուխ բերվել պետական աջակցության դեպքում։ Հրատարակիչները փորձ անում են, բայց դրանք քիչ են։

«Արևիկի» նպատակը

«Արևիկ» հրատարակչության հիմնական նպատակներից մեկը երեխաներին իրենց մանկական աշխարհում պահելն է, երազելու կարողությունները չսպառելը և նույնիսկ զարգացնելը, ինչով էլ աչքի է ընկնում հենց իրենց մեկնարկած մանկական հեքիաթագրության նախագիծը։

Հեքիաթների այս ժողովածուն պատրաստվել է «Զանգակ» գրատների ցանցի կողմից իրականացվող «Ամսվա հրատարակչություն» նախաձեռնության շրջանակներում՝ «Արևիկ» հրատարակչության հետ համատեղ: Ժողովածուն կազմելիս փոքրիկների հեքիաթները թողվել են այնպիսին, ինչպիսին նրանք են ստեղծել՝ չշտկելով անգամ որոշ անհամապատասխանություններ, ոճական անհարթություններ: Այս ժողովածուն վառ ապացույցն է այն բանի, որ ոչ մի երեխա նման չէ մյուսին, որ նրանցից յուրաքանչյուրն ունի այնպիսի յուրահատուկ մտածողություն, որ պատիվ կբերեր շատ հեքիաթագիրների: Գրքում արտահայտված ցանկացած միտք, ներկայացված ցանկացած կերպար և իրադրություն իրական է այնքանով, որքանով իրական են մեր երազներն ու երազանքները:

Լուսանկարները՝ «Զանգակի»

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով