fbpx

Արամ Խաչատրյան՝ «Դեպի արևն էին գնում» գրքի շնորհանդես

Սիրո խոստովանություն Երևանին, այսպես է երիտասարդ արձակագիր Արամ Խաչատրյանը բնորոշում իր առաջին «Դեպի արևն են գնում» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 26-ին։

Արամը մասնագիտությամբ իրավաբան է, իսկ գիրքն ավելի բազմակողմանի է, քան կարելի է պատկերացնել, ինչի շուրջ էլ ծավալվել է մեր զրույցը։

– Երևի սկսենք ամենապարզ հարցից՝ ինչի՞ մասին է գիրքը։

– Ես էլ իրականում չեմ հասկացել, թե գիրքն ինչի մասին է։ Երբ սկսել էի գրել, այն Երևանի մասին էր, պլանավորվել էր որպես ինչ-որ սիրային նամակ Երևանին։ Վերջինիս հետ իմ հարաբերություններում եղել են վերելքներ ու վայրէջքներ, բայց վերջում եկած այն գիտակցությունը, որ ես հավերժ պատկանում եմ Երևանին, հանգեց այս գրքին։

Այնուհետև եղավ Ապրիլյան պատերազմը, և նման բաներ լինելուց ասես գլխիդ մուրճով հարվածեն։ Շատ բաներ քեզ համար ավելի պարզ են դառնում, որի հետ մեկտեղ սկսում ես ինքդ քեզ ավելի շատ հարցեր տալ, օրինակ՝ ինչի՞ համար ենք մենք զբաղվում այն ամենով, ինչով զբաղվում ենք, ինչու՞ ենք մեզ վատնում, եթե ամեն ինչ կարող է այսպես վերջանալ։ Այս ամենը ծնեց նոր հարցեր՝ ո՞ւր է գնում մեր սերունդը, ի՞նչ խնդիրներ են մեզ խանգարում հասնել մեր նպատակներին։

Հետո եղավ թավշյա հեղափոխությունը, և գիրքը վերածվեց նրան, թե ինչը հանգեց հեղափոխությանը։

– Սիրային նամակից Ապրիլյան պատերազմ և թավշյա հեղափոխություն․ ո՞ր մասն է գերակշռում։

– Վերջին մասը վերջին տասը էջն է, բայց երևի թե ամենակարևորն է, որովհետև ամբողջ գիրքը տանում է վերջին տասը էջին։

– Ե՞րբ եք սկսել գիրքը գրել։

– Սկսել եմ գրել 2016 թվականին, ապրիլյան պատերազմից մի քանի օր առաջ, ինչից հետո միանգամից փոխեցի ուղղությունս։

– Ի՞նչ եք կարծում, արժե՞ ամեն դեպքում գրել այդ սիրայինը նամակը։

– Ինձ թվում է՝ կյանքում ինչ էլ գրեմ, Երևանի մասին, ուզում է հիսուն տարի հետո լինի, մեկ է գրելու եմ Երևանի մասին, այնպես որ բոլորս գրքերս էլ Երևանին նվիրված սիրային նամակներ են լինելու։

– Ու՞մ համար է գիրքը։

– Գրելուց ես չէի պատկերացնում ընթերցողին, ես գրում էի, որովհետև տպավորություն էր, թե արյունդ արդեն սկսում է եռալ, երբ արդեն չես կարողանում։

– Գիրքն իր մեջ երկու խոշոր իրադարձություն է ներառում, արդյո՞ք այն պատմական նշանակություն ունի։

– Պատմական նշանակության առումով երևի թավշյա հեղափոխությունն է, որը ներկայացված է առաջին օրվանից, երբ պարոն Փաշինյանի խումբը երթով հասավ Երևան, մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ ապրիլի 23-ը։

– Ի՞նչ սպասելիքներ ունեք գրքից։

– Դեռ չգիտեմ, նախ պետք է ուշքի գալ այս ամեն ինչից, որովհետև գրքի հետ կապված դեռևս ոչինչ պարզ չէ։ Երբ երկրորդ գիրքս տպեմ, կմտածեմ առաջինի սպասելիքների մասին։

– Ի՞նչ փոփոխություններ է կատարել խմբագիրը։

– Խմբագիրը նվազագույն փոփոխություններ է արել տեքստի հետ, միայն իմաստաբանական սխալները, օրինակ՝ «մտանք ներս»-ը փոխել է «ներս մտանք»։ Ավելի շատ սրբագրական աշխատանք է կատարել։

– Իսկ կհամաձայնվե՞իք, եթե որևէ բան կրճատեր։

– Ես կոմպրոմիսի գնացող չեմ, բայց լսում եմ ցանկացած կարծիք, և եթե այն խելքը գլխին է, վայրկյանական համաձայնում եմ։

– Հետագա ի՞նչ պլաններ ունեք։

– Մի ստեղծագործություն ունեմ, որը միաժամանակ և՛ վիպակ է, և՛ պիես, երևի դա կտպագրենք, իսկ հիմա գրում եմ երրորդ գիրքս, որի մասին երկրորդի հրատարակվելուց հետո կմտածենք։ Համենայնդեպս, ուզում եմ, որ իրարից շատ տարբեր լինեն, երբեք չեմ ուզենա մի ուղղությամբ ստեղծագործել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով