fbpx

Լավ գիրքն ամեն ինչի մասին է | Արամ Ավետիս «Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդես

Մայիսի 25-ին «Նոյան տապան» գրախանութում տեղի ունեցավ Արամ Ավետիսի «Ճարտարապետական մուտացիա» գրքի շնորհանդեսը։

— Դժվար է որևէ բան ասել, քանի որ ինչ-որ պետք էր ես գրել եմ գրքում, – այսպես ձևակերպեց իր շնորհակալական խոսքը Արամը, ով մինչ շնորհանդեսի մեկնարկը հասցրեց ստորագրել տասնյակ ընթերցողների կողմից ձեռք բերած գրքերը։

Արամ Ավետիսն իր «Ճարտարապետական մուտացիա» գրքում ձգտում է հավատարմորեն ներկայացնել արդի՝ ապամարդկայնացող աշխարհի ճշմարիտ արտացոլումը: Մեղավո՞ր է արդյոք այդ գիրք-հայելին, որ իր՝ անխաթար ներկայացրած աշխարհը չի ենթարկվում ոչ մի տրամաբանության և միայն սոսկում է պատճառում: Երազն ու իրականությունն իրար են խառնվել այդտեղ: Մի աշխարհ, ուր մարդը դարձել է կատարելապես ավելորդ, և միայն ցնորքներով կարող է ապրել:

— Շատերի ընկալմամբ գիրքը վերագրվում է առավել հասուն, խոհեմ, կյանքի փորձ ունեցող մարդկանց, մինչդեռ մեր երիտասարդ գրողը տեսնում ու բացահայտում է կյանքի բոլոր խունացած գույները, – ասաց «Նոյան տապան»-ի տնօրեն Լուիզա Բերբերյանը։

«Ճարտարապետական մուտացիան» հեղինակը գրել սկսել է երկու տարի առաջ, երբ ինքն ու իր գրող ընկեր Երվանդ Վարդանյանը որոշեցին նամակագրական տեքստեր գրել Երևանի մասին, բայց հետո հասկացան, որ գրածներում առկա շնչառությունները տարբեր են։

— Որոշեցի ես իմ քաղաքը տպագրել։ Գլխավոր հերոսի անունը Այլախոհ է, ում համար շատ բարդ է պահել իր անհատականությունը քաղաքային մշակույթի մեջ, – մանրամասնեց գրողը։

Այլախոհն ամեն օր կռիվ է տալիս, որ իր «ես-ը» չոչնչանա։ Ըստ Արամի՝ երբ պատմում ես, թե ինչի մասին է գիրքը, շատ պրիմիտիվ է ստացվում, քանի որ իրեն թվում է՝ լավ գրքերն ամեն ինչի մասին են։ Գրքի գաղափարախոսության հիմքում ընկած են անհատականության պահպանումն ու ամեն տեղ քարոզվող երևույթներին չձուլվելը։ Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, ինչպես գրքի հերոսը։

— Եթե գիրքը կարդալիս հասկանաք, որ սա ձեր պատկերացրած քաղաքը չէ, դա դեռ չի նշանակում, որ այդ քաղաքն այդպիսին չէ, իր խոսքն ավարտեց գրողը։

Ժամանակին Արամ Ավետիսի գրականության մասին գրախոսություն գրած Ալեքսանդր Թոփչյանը գրել է նաև այս գրքի վերջաբանը, որը ըստ Արամի՝ ճիշտ չէ անվանել անոտացիա։ Այդ տեքստում զետեղված է գրքի ողջ հոգեբանությունն ու գաղափարը։

Գիրքը խմբագրել է գրող Արմեն Սարգսյանը, շապիկի դիզայնը հեղինակել է Մկրտիչ Մաթևոսյանը, իսկ հրատարակվել է «Ակտուալ արվեստի» կողմից։

Արամ Ավետիսը գրել սկսել է տասնյոթ տարեկանից, սակայն իրեն գրող չի անվանում, այլ ասում է, որ գրում է։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով