fbpx

70-80-ականների Վանաձորի պատմական օազիսը | Անուշ Սարգսյան՝ «Սադի տակի շենքը»

Հունվարի 19-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ Անուշ Սարգսյանի առաջին գրքի՝ «Սադի տակի շենք»-ի շնորհանդեսը։ Այն առանձին պատումներից կազմված ստեղծագործություն է, որտեղ վանաձորյան մի շենքում ապրող մարդկանց և հեղինակի անձնական կենսագրության դրվագների միահյուսմանը զուգահեռ վեր է բարձրանում անցումային մի ամբողջ դարաշրջանի պատմություն՝ բնորոշ կոլորիտով, խոր դրամատիզմով:

Այս վեպ-էսսեի մասին առաջինը խոսեց «Գրանիշ» կայքի գլխավոր խմբագիր և Անուշի դեբյուտային գրքի խմբագիր Հասմիկ Հակոբյանը

— Գիրքն առաջին անգամ կարդալիս տեսա, թե ինչպիսի գեղեցիկ հայերենով, գեղարվեստական առատ շարադրանքով է ներկայացված առաջին հատվածը, ինչն ինձ գրավեց։ Շատ հետաքրքիր լեզու էր մնացած բոլոր ստեղծագործությունների հետ համեմատ։ Կարդացի և տեսա, որ ամբողջն է այդպիսին, հատկապես վերջին՝ մորը նվիրված պատումն ինձ լիովին «հունից հանեց»։

Ըստ Հասմիկի՝ Անուշը ոչ թե գրողական մտածված, հաջորդական քայլերի շնորհիվ, այլ ինտուիտիվ կերպով է իր զգացածը վերարտադրելով ստեղծել բարձր գեղարվեստական պատկեր։

—Վանաձորյան տարբեր պատմությունների ու հերոսների միջոցով Անուշը կարողացել է 70-80-ականների Վանաձորը մի պատմական օազիս դարձնել, – հավելեց խմբագիրը։

Գրքի հեքիաթային շնչով պատկերված շապիկին հենց այն շենքն է, որը նկարագրված է առաջին էջերում, բայց այդ շենքն այլևս չկա։

— Ես և Սամվել Խալաթյանը սադիստներ ենք, որովհետև հենց այդ սադի տակի շենքից ենք։ Այսօր մաքրամոլները կարող են ասել՝ ինչու ենք ռուսերեն բառ օգտագորում, բայց կապ չունի, թե ինչ լեզվով՝ անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, միևնույնն է, ինչ լեզվով էլ բառն օգտագործես, այդպես էլ այն կհարազատանա, – ասաց վանաձորցի Խորեն Գասպարյանը։ – Գիրքն իր արվեստով անմիջական է, զգացմունք է տալիս։

Անդրադառնալով շատ քննարկումների առիթ դարձած վերնագրին, հեղինակ Անուշ Սարգսյանն ասաց․

— Ընկերներիցս շատերն առաջարկեցին «սադ» բառը փոխել «այգով», և ես մտածեցի, որ մի գուցե ինձ վայել չէ առաջին գիրքս ռուսերեն բառով ներկայացնել։ Երկար քննարկումներ եղան, այնուհետև մի օր նկարիչ Վարդան Գաբրիելյանի արվեստանոցում միասին զրուցելիս նա ասա՝ ո՞նց, սադը քաղաքային ֆոլկլոր ա, ի՞նչ իրավունքով ես դարձնում այգի։ Այսպես, գրքի վերնագրի համար շատ շնորհակալ եմ Վարդանին։

Գրողի նպատակներից մեկն է, որ բոլորը վերադառնան իրենց մանկություն, իրենց մանկության քաղաք․․․

Գիրքը տպագրվել է «Գրանիշ» գրական համայնքի և մշակույթի նախարարության աջակցությամբ։

Լուսանկարները՝ «Զանգակ» գրատան ֆեյսբուքյան էջից

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով