fbpx

Անուշ Հեքիմյան | մի կարգին սուտ կմտածենք մինչև երեկո

Ներիր սիրելիս,

որ մի քիչ լղոզվել եմ վերնաշապիկիդ.

մենք անպայման մի կարգին սուտ կմտածենք մինչև երեկո,

որ արդարանաս կնոջդ մոտ,

որին դեռ չես հանդիպել.

և ընկերներիդ մոտ,

որոնց հետ արդեն չես հանդիպում:

 

Հարկ եմ համարում պատմել,

որ այն օրը աշխատանքից շատ հոգնած եկա

ու սկսեցի «սատանանգիտիթեինչի» պես պարել.

իմ լուսանկարչական ապարատն ինքն իրեն սկսեց

նկարել ինձ,

պատկերացնու՞մ ես,

իսկ ես, անդադար շարժման մեջ

ու հոգեվարքի,

այնպես լղոզված դուրս եկա նկարներում,

և իմ պատեֆոնը ամբողջ ընթացքում

քո ձայնն էր նվագում

ականջներիս մեջ:

 

Ես ինձ այնպես անկենդան եմ զգում

առանց քեզ.

ինձանից նույնիսկ նեխած հոտ է գալիս:

Աշակերտներս ասում են.

«Ձեզանից հաճելի է բուրում»

ես ժպտում եմ,

իսկ դրսում անծանոթներն ինձ ապրիլի մեկ են շնորհավորում.

էլի՛ հիմարացվել եմ.

տարվա մեջ տասներեք անգամ,

ամսի քսաներկուսի հաջորդ օրը,

այդ մեկը ես լավ եմ հիշում:

 

Դու ավելի մոռացկոտ ես.

երբեմն հարցնում ես՝

որ երթուղային հասնես տուն,

երբ դու…

արդեն

տանն ես:

 

Իրար ավելի մոտենալու ճամփա չկա,

հասկացի՛ր.

վաղուց ենք խաչվել մեկս մյուսով.

և մոռանալու դեպքում

պիտի անհապաղ դուրս գանք

իրար միջից՝ մեջքի դռնով,

թե չէ սիրտը կվնասենք:

 

Մղձավանջներում դու անընդհատ կնոջդ ես փնտրում,

ես՝ ամուսնուս.

մենք իրար դավաճանած ադամ ու եվա ենք.

փախչելու տե՛ղ չկա

և գլխից հանելու հնա՛ր:

 

Երանի այլևս չերազենք հասնել մեր նախկին սիրելիներին,

ինչպես համառորեն չենք երազում ներել պարտապաններին մեր:

 

Ամպերը նորից կուտակվում են,

և, բացի այդ,

դու միշտ այնպես անհարմար պահի ես գալիս,

երբ ես անձրևանոց չունեմ.

քո պատճառով անձրևը դադարում է,

և ես

դադարում եմ:

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով