fbpx

Աննը ֆրանկի օրագրի շնորհանդեսը

Հունիսի 13-ին տեղի ունեցավ Աննը Ֆրանկի հանրահայտ օրագրի՝ «Հետնատունը» գրքի շնորհանդեսը։ Զանգակ գրատանն անցկացված այս միջոցառման առանձնահատկությունը կապված էր օրվա ընտրյան հետ․ հենց այդ օրը Աննըն կդառնար 90 տարեկան։

Գիրքը հրատարակել է «Վերնատուն» հրատարակչությունը` Գրականության հոլանդական հիմնադրամի աջակցությամբ:

— Գիրքը նախկինում երկու անգամ թարգմանվել էր, խորհրդային շրջանում՝ ռուսերենից, հետո անգլերենից և թվում էր, թե ընթերցողն արդեն ծանոթ է այս գործին։ Բայց բնագրից թարգմանության դեպքում, ինչպես արվեստի ցանկացած ճյուղի մեջ ևս, այդ նրբերանգները փոխանցելու անհրաժեշտության մեջ է, – ասաց «Վերնատուն» հրատարակչության հրատարակչական գործերի տնօրեն Ներսես Տեր-Վարդանյանը։

Միջոցառմանը ներկա էր նաև Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպան Ն.Գ. Յոս Դաուման, ով իր հիացմունքը խոսքը հայտնեց ներկաների կողմից ցուցաբերված հետաքրքրվածության մասին․

— Իմ այսօրվա գալու առաջին դրդապատճառն անցյալը չժխտելն է։ Այդ պատճառով էլ այս աշնանը Հայաստանով ցուցահանդես կկազմակերպենք՝ ցույց տալու Աննը Ֆրանկի անցյալը։ Հույս ունեմ գրքի հաղորդագրություններն էլ ավելի դյուրին կհասնեն ընթերցողներին, քանի որ այն միանգամից թարգմանված է հոլանդերենից։

Թարգմանության առաջարկը ստացվել է հենց թարգմանչի՝ Աննա Մարիա Մատտաարի կողմից։ Հետաքրքրական է, որ բնիկ հոլանդացին ինքնուրույն է սովորել հայերեն։

Ըստ «Հետնատան» խմբագիր Արմեն Սարգսյանի՝ գրքի վրա աշխատելը շատ դժվար էր։ Այն  տևել է մոտ մեկ տարի։

Երբ կարդացի խորհրդային տարիների և անգլերեն թարգմանությունները, տպավորություն էր, թե Բորխեսն է գրել։ Ճիշտ է, Աննան խելացի էր, բայց 13-15 տարեկանում դժվար այդպիսի բառեր օգտագործեր, – մանրամասնեց խմբագիրը։

Արմենն անդրադարձավ նաև վերնագրի ընտրությանը, որը բոլորիս ծանոթ «Աննա»-ն չէ, այլ «Աննը»։ Պատճառն այն է, որ բնօրինակ հոլանդերենում հերոսուհու անունը Աննը է, և ինչպես ասաց խմբագիրը՝ մենք ունենք «ը»-ի հնարավորությունը։ Պետք է հոգատար լինենք հատուկ անունների տառադարձման ժամանակ։

Այս գրքով «Վերնատուն» հրատարակչությունը «Անհատներ» խորագրով շարք է սկսել, որով մտադիր է ներկայացնել այն կարևոր կերպարներին, որոնք իրենց ապրելակերպով ասելիք ունեն սերունդներին։

Շնորհանդեսը կազմում է Նիդերլանդների դեսպանության և «Քաղաքացիական հասարակության ինստուտուտ» ՀԿ-ի ձեռնարկած մի նախագծի մի մասը, որը կոչվում է «Աննը Ֆրանկ. Մի ուսանելի պատմություն»: Միջոցառման ժամանակ ներկայացված շրջիկ ցուցահանդեսը պատրաստել էր Ամստերդամի Աննը Ֆրանկի հիմնադրամը։ Այն կայցելի նաև Հայաստանի տարբեր մարզեր և առիթ կդառնա տեղի երիտասարդության հետ քննարկելու մարդու իրավունքներին և հանդուրժականությանն առնչվող տարատեսակ հարցեր:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով