fbpx

Աշխարհը մեր մշակույթով գրավելու համար պետք է զարգացնենք մշակույթի մենեջմենթը

Առաջին հերթին թիրախավորելով գրականությունը՝ news.1dr.am-ը փորձում է լուսաբանել այդ ոլորտի բոլոր իրադարձությունները և հայտնել կարևոր ու հետաքրքիր տեղեկությունները։ Այս անգամ որոշեցինք հայ ժամանակակից գրականության խնդիրների մասին ձեզ ներկայացնել գրականագետ Անի Հովնանի վերլուծությունը։

Հայ գրականության ներկայիս վիճակի մասին

– Այսօրվա հայ ժամանակակից գրականությունը բավական բազմազան է և՛ ժանրային իմաստով, և՛բովանդակության: Մենք հաճախ արդի ենք որակում մոտ երեսուն տարվա գրականությունը, այնինչ հնգամյակը մեկ գալիս է նոր սերունդ՝ նոր խնդիրներով, ժանրային նոր նախընտրություններով:

Մինչ հեղափոխությունը նոր սերնդի պոետների մոտ էլ անընդհատ հուսահատության նոտա կար, օրինակ՝ Արամ Մամիկոնյանի, Արմեն Սարգսյանի, Արթուր Մեսրոպյանի, Լուսինե Եղյանի պոեզիայում: Նույնիսկ նրանց ընդգծված «ապաքաղաքականությունը» քաղաքական կյանքից դժգոհության արդյունք էր, որ, ի տարբերություն, օրինակ՝ Կարեն Անտաշյանի կամ Գեմաֆին Գասպարյանի քաղաքականացված, հեգնախառն տեքստերի՝ իրենց գործերում քաղաքական կեցվածք չեն դրսևորում, այլ հակառակը, ամեն կերպ փախուստի են դիմում:

Իսկ հեղափոխությունից հետո ակնհայտ փոխվում են տրամադրությունները, որոնց շատ արագ արձագանքում են բանաստեղծության մեջ, իսկ արձակն ավելի երկար աշխատանք է։ Ամեն փոփոխություն իր հետ բերում է մի նոր գիծ։ Թվում է, թե ժամանակակից գրողը միայն ինքնամփոփ է ու լուծում է ներքին հարցեր՝ սիրային, խոստովանական պոեզիայում օրինակ, բայց անգամ այստեղ իր ռիթմով և լեզվամթերքով անմիջականորեն կապվում  է մեր ժամանակի հետ։ Վերջերս ընկերներով մտածում էինք, որ մենք ժամանակակից պոեմ գրեթե չունենք, ինչու՞։ Մի պարզագույն պատճառով, որովհետև ժամանակակից մարդու ռիթմը այլևս պոեմին չի հերիքում։ Վեպերի չափերը փոքրանում են, չնայած վեպի խնդիրը, ինչպես Մաթևոսյանն էր ասում՝ ոչ միայն ժամանակի, այլև տարածության հարց է լուծում։ Իսկ մենք այդքան տարածք չունենք, որ մեծ վեպ գրենք։ Զարմանալի է, որ մենք պոեզիայում էլ ենք դեպի կարճությունը գնում։ Պարսակական պոեզիայի այդքան արագ տարածման ֆենոմենը բացի թարգմանիչների հրաշալի աշխատանքից, նաև փոքրածավալության մեջ էմոցիա տալու հնարավորությամբ է բացատրվում։ Միջին ընթերցողը ժամանակ չունի երկար ընթերցելու և այդ կարճ բանաստեղծությունները արագ դիպչում են սրտին։

Հայկական բելետրիստիկայի մասին

– Շատ ընթերցողների գրավող գրականությանը մենք հաճախ ենք ֆաստֆուդային որակումը տալիս, բայց ես այլ ընկալում ունեմ: Ես երազում եմ, որ Հայաստանում ստեղծվի հրաշալի բելետրիստիկա, այսինքն լայն մասսաների համար ստեղծվող գրականություն։ Հայ ժամանակակից գրականության մեծագույն խնդիրներից մեկը գրականության ծայրահեղականությունն է, հաճախ գերինտելեկտուալ, ընթերցողին խորթ ոճաբանությամբ տեքստեր են հրամցվում, որին ընթերցողը պատրաստ չէ: Ընթերցողական զանգվածներ գրավելու իմաստով օգտվում են այն հեղինակները, որոնց տեքստերի լեզուն պարզ  է, ոչ թե պարզունակ, այլ պարզ, հասանելի յուրաքանչյուրին։

Ես կուզեի՝ մեր ընթերցողին լավ բելետրիստիկա մատուցվեր կամ ոչ գիտական ձևակերպմամբ ասեմ՝ հետաքրքիր դիպաշարերով, օրինակ՝ դետեկտիվի ու ֆենտեզիի տարրերով լավ գրականություն։ Ոչ թե պրիմիտիվ ու վատորակ, այլ նույնքան լավորակ, ինչպիսին այժմյան խոստովանական պոեզիան է կամ էկզիստենցիալ արձակը: Բայց զգում եմ նաև, որ այսօրվա երիտասարդները կարող են հասնել նաև այդ կետին։

Գրողների մի շրջանակ կար, որ  տեքստերում փորձում էր ամեն կերպ ապացուցել, որ ինքը խելացի է ու ինտելեկտուալ։ Ժամանակակից գրողին այդ խնդիրը թերևս արդեն չի հուզում. Նա նոր ճանապարհ ունի: Ի դեպ,  վերջին հնգամյակում նաև ժանրային փոփոխություններ են նկատվում: Ներժանրային թափանցումներից դուրս ենք գալիս և վերադառնում քիչ թե շատ մաքուր ժանրերին․ պատմվածքը կարծես դառնում է պատմելու, վեպը՝ վիպական տարածության մասին նյութ։  

Գրական գործակալի դերի մասին

– Ժամանակակից հայ գրողն ունի թարգմանվելու խնդիր։ Առաջինը ռեսուրսների բացակայությունն է, մյուսը՝ օտար լեզուներ կրողների վատ հայերենի իմացությունը։ Այս հարցում շատ կարևոր է գրական գործակալի դերը։ Հայաստանում կա ընդամենը մեկ կամ երկու գրական գործակալ, որը մեր դաշտին բոլորովին չի կարող հերիքել: Գրողը չպետք է ինչ-որ մեկին գտնի, որ իր գիրքը հրատարակեն կամ թարգմանեն։ Ունենք մշակույթի PR-ի խնդիր։ Հայաստանում թե՛ մասնավոր, թե՛ պետական մակարդակով մշակութային միջոցառումների գոնե քանակական պակաս չկա: Բայց ասել, որ մենք ունենք արվեստի մենեջմենթով զբաղվող հատուկ անձինք՝ սուտ կլինի։ Մարդիկ գալիս են և, ներեցեք կոպիտ բառի համար, բայց իրենց քթածակով փորձում են զրոյից սկսել ու իրենց ուժերով դառնում պրոֆեսիոնալ կամ ոչ։ Բայց միևնույնն է, մեզ մոտ պակասում են արվեստի մենեջմենթի բազային գիտելիքները։ Կարելի է ասել, թե ինչու մենք դրա տեղը չենք ունեցել, բայց խոսք կա՝մշակույթով են գրավում աշխարհը։ Եվ աշխարհը մեր մշակույթով գրավելու համար պետք է զարգացնենք մշակույթի մենեջմենթը։ Գրողը պարտավոր չի լինել պրակտիկ ու պրագմատիկ, պետք է միայն կարողանանք մեր արվեստագետին ճիշտ ներկայացնել։

Գրախանութում ես ունեմ սահմանափակ ռեսուրսներ և գիրք գնելիս ընտրում եմ այն, ինչին քիչ թե շատ ծանոթ եմ։ Դժվար է միշտ դիմել արկածախնդրության ուգնել ամեն պատահած գիրք, ընթերցողին պետք է ճիշտ ուղղորդել: Այսպիսի մի խոսք կա՝ մարդուն պետք է կարդալ ընդամենը երկու-երեք գիրք, որոնք գտնելու համար հազարավոր գրքեր էպետք կարդալ: Այդ անսահմանափակ գրքերի մեջ, երբ քեզ ընդամենը երկու-երեք գիրք է պետք, պետք է ֆիլտրեր ունենալ, իսկ այդ ֆիլտրերը աշխատեցնում են PR-ի մասնագետներն ու գրականագետները:

Գրական դաշտի բազմազանության մասին

– Գրական դաշտ նոր մտնողին կամ կողքից հետևողին թվում է, թե այստեղ գրողներին չեն ճանաչում։ Դաշտն այնպես է ձևավորվել, որ գրեթե ոչ մի լավ անուն հրատարակումից դուրս չի մնացել։ Այլ հարց է, որ մեր ֆինանսներն այնքան քիչ են, որ գրողի նկատմամբ չկա անհրաժեշտ ուշադրություն, համապատասխան հոնորար, թեև այդ հարցն էլ հուսամ՝ կլուծվի: Ես չեմ կարծում, որ կա մի գրող, որ կայքերից, մամուլից դուրս է մնում, բոլորը տպագրվում են։ Այլ հարց է, թե ում PR-ն է ավելի լավ արվում, ինչը կախված է մարդու տեսակից, իր շրջապատից, ներկայացնելու ձևից, բայց նաև, բնականաբար, տեքստի բնույթից, որովհետև մեր ընթերցողը որքան էլ բազմազան, այնուամենայնիվ, ամեն ինչ չի կարդում։ Մեր էլեկտրոնային մամուլը ապահովում է հարթակ ամեն տեսակ գրողի ի հայտ գալուն։ Եթե դու ձախական ես, կամ քաղաքական տեքստեր ես գրում,քեզ ավելի շատ «Ինքնագրի»  ընթերցողները կկարդան, եթե ընթերցողը ուզում է ամբողջ դաշտի մասին պատկերացում կազմել, ավելի լայն սպեկտրով է աշխատում «Գրանիշ»-ը, երիտասարդական գրականության տարածման մեջ էլ անուրանալի է «Գրեթերթ»-ի դերը, իսկ ավելի արվեստաբանական աշխատությունները «Արտերիա»-ում կարելի է գտնել։ Ընդ որում, թվում եմ միայն մի փոքր մասը: Դաշտը բազմազան է։ Տպավորություն է, թե առանձին-առանձին խմբեր են, և ամեն մեկը մի շրջանակ է թիրախավորել, բայց ըստ էության՝ մենք այդ խնդիրը չունենք, դաշտը բաց է, համենայնդեպս մամուլի առումով։ Հրատարակիչները նույնպես բաց են, բայց գրքի համար կան արդեն այլ գործոններ։ Հրատակչությունները նախևառաջ շահույթ հետապնդող կազմակերպություններ են, որոնք շատ ժամանակ կարող են չվստահել առաջին գրքի տպագրումը, դրա համար ես կարևորում եմ, որ գրողը մինչ գիրք տպագրելն անցնի մամուլի ֆիլտրով։ Այդ ժամանակ և՛ ինքը կհասկանա արժե, թե ոչ, և՛ ընթերցողը կճանաչի ու կորոշի, արդյոք այդ հեղինակն իրեն պետք է, թե ոչ։

Գրաքաննադատության և PR-ի սահմանահատման մասին

– Դեռ մեր նախորդ սերնդի գրականագետներին հաճախ էին մեղադրում, որ գրական քննադատությունից ավելի շատ գրական PR են անում։ Բայց շատ կարևոր է ընթերցող նախապատրաստելը, և գրականագետները պետք է գրախոսության ժանրը լավ զարգացնեն։ Նրանք պետք է ըստ հարթակների որոշեն, թե ում համար են գրում. դեպի հեղինակը ընթերցողներ բերելո՞ւ, գրողին ճիշտ ուղի ցույց տալո՞ւ, թե ուղղակի գրականագիտական վերլուծությունների։ Այս խնդիրը ունեն և՛ գրողները, և՛ ավելի շատ՝ գրականագետները։ Ընկերներիցս մեկն ասում էր՝ մերոնք ուզում են գրեն Բորխեսի բարդությամբ, բայց Սթիվեն Քինգի չափ ընթերցող ունենան։ Գրողը պետք է հստակ իմանա իր թիրախը՝ ում համար է գրում։ Բոլորովին ի նկատի չունեմ, թե հանուն ընթերցողի պետք է ոճդ փոխես, ուրիշ բան գրես, կամ իջեցնես ու բարձրացնես մակարդակդ, ո՛չ ու էլի ո՛չ։ Պետք է թիրախներ ընտրել։ Եթե գրում ես «ընտրյալ» մասսայի համար, քո սպասելիքները չպիտի լինեն հազարից քսան հազար ընթերցողները, իսկ եթե ունես շատ ավելի մեծ ակնկալիքներ, ապա պետք է այդ մարդկանց պատրաստես քո գրականությանը։ Երբ ընկերներով խոսում ենք, թե ինչպես հաջողվեց այս հեղափոխությունը, գալիս ենք նրան, որ քաղաքական տեքստը պարզ էր։ Երբ դու ուզում ես քաղաքական ճառ ասել, դա չպետք է լինի քաղաքական տերմինաբանությամբ, որովհետև դրանով ժողովրդին չես գրավի, այլ միայն մի փոքր իրավագիտակից մասսայի։ Բայց երբ քո խնդիրը ժողովրդի իրավագիտակցությունը բարձրացնելն է, դու պետք է բարդ բաները բացատրես իրենց լեզվով։ Նույնն էլ գրականության մեջ, պետք է բելետրիստիկայով ընթերցող պատրաստել ու նրանց հասցնել Խեչոյան կամ Հրաչյա Սարիբեկյան ինքնուրույն կարդալուն։

Այսօր կա գրական քննադատություն, բայց ներկայիս բազմազանության մեջ վերջինս քիչ  պատասխանատվություն է վերցնում։ Մենք ընթերցող պատրաստելու նպատակով շատ հաճախ ստիպված ենք լինում զբաղվել հենց այդ գրական PR-ով, քան թե մեր բուն գործով՝ գրական քննադատությամբ։ Բայց կարծում եմ արդեն կսկսվի: Նաև քչացել է գրական քննադատության նկատմամբ հավատը։ Իհարկե կան լավ մասնագետներ, որոնք զբաղվում են դրանով, բայց գուցե ամբողջ դաշտը չեն կարողանում լրացնել, հաճախ անդարդառնում են հատուկենտ ու իրենց համար ընտրված որակյալ գրքերի։  

Ես շատ եմ ուզում, որ տարեկան տեսություններ լինեն։ Տարեկան տեսությունը ակնարկի, էսսեի ձևով ներկայացվող գիտական ժանր է, որում ամփոփվում ու քննվում է այդ տարվա մամուլը, գրքերն ու պոեզիան։ Դրանով զբաղվում են շատ քչերը, իսկ ժանրը գնալով մարում է։ Պատճառն այն է, որ դաշտը նեղ է, գրողներից մեկը կարող է ասել, թե ինչու իր անունը չի տվել, կամ նեղանալ, թե ինչու է իր անունը տվել և այսպես շարունակ։ Բայց եթե ընդհանուր դաշտում լինի, գոնե չորս-հինգ հոգի զբաղվի տարեկան տեսություններով, լավ գրողներից ոչ ոք դուրս չի մնա, և ամեն մեկն իր հայեցակարգով նրանց կընդգրկի։ Մերոնք դաշտի փոքրության պատճառով են դրանից խուսափում, չնեղացնելու, չկոտրելու, հարաբերությունները չփչացնելու, անուն տալ-չտալու համար։ Բայց տարեկան տեսությունը որպես գրականագիտություն պիտի զարգանա գիտականորեն, այլ ոչ թե ուղղակի ցանկ տրամադրի։ Ընթերցողը պետք է կարողանա ասենք՝ հունվար ամսին բացի ու տեսնի նախորդ տարվա ամենակարդացվող գրքերը, իսկ գրականագետը՝ վեր հանի խնդիրները, օրինակ՝ հեղափոխության ժամանակ ինչ տրամադրություններ է գերակշռել, ինչպես է այն ազդել գրականության վրա։ Մի գուցե սուբյեկտիվ կարծիք է, բայց ես տարեկան տեսությունները շատ եմ կարևորում գրականագիտության մեջ։

Մենք՝ գրականագետներս էլ ենք խոստովանում, որ հնացել են գրականագետների գործիքները և մեր ու գրողների միջև անջրպետ է առաջացել։ Երբեմն գրողներն ավելի առաջ են ընկնում, որովհետև ինտուիտիվ կերպով նրանց հեշտ է դաշտին հետևելով նոր բաներ բերել, իսկ գրականագետն իրեն այդ շռայլությունը թույլ տալ չի կարող։ Մեր գրականագիտական դպրոցն այլևս հին է, և ուրիշ տեսություններ սովորելը շատ երկար աշխատանք է։ Իհարկե սովորում, բերում, թարգմանում ենք, վիճակը շատ վատ չէ, բայց կա այդ դպրոցի կայանալու խնդիր։

Գրողի ցանկալի կրթության մասին

Մշտապես ցանկալի ինքնակրթություն է պետք։ Ես չեմ պատկերացնում ժամանակակից գրող, որը չի կարդում ուրիշներին, լավ գրում է, բայց տեսություններին չի տիրապետում, այլ բան է՝ կիրառում է դրանք, թե ոչ։ Ինձ թվում է ինչ-որ չափով պետք է ընկալի այդ տեսությունները, թեկուզ խուսափելու համար։ Դասախոսներիցս մեկն ասում էր՝ «Եթե դու չգիտես Շեքսպիրին, փողոցում ամեն նոր պատահած գրող քեզ համար Շեքսպիր է»։ Գրողը նույնիսկ իր ժառանգորդական կապը չպահելու համար էլ պետք է նախորդներին ճանաչի։ Ճանաչել բառն ասելով՝ ես չեմ ուզում գրամոլների ջրաղացին ջուր լցնել, որովհետև նրանք այդ խոսքի տակ ընկալում են կրկնօրինակում, չէ ու էլի չէ։ Չարենցը Տերյանի դպրոցի շարունակողն էր, բայց Չարենցը երբեք Տերյան չէր կրկնօրինակում։ Սիմվոլիզմի տարրերն, օրինակ, Տերյանն իր հերթին բերել է ռուսական և ֆրանսիական գրականությունից, հետո Չարենցն իր «Ծիածանում» շարունակել է Տերյանի թևը՝ բերելով իրենը։ Մաթևոսյանը շարունակել է Բակունցին, բայց երբեք ու երբեք չի կրկնօրինակել։ Պետք է ընկալել այդ ժառանգորդական կապի և կրկնօրինակման հստակ տարբերությունը։ Իմ ցանկությունն է, որ ժառանգորդական կապերը և դրանց ինքնագիտակցումը ունենա ժամանակակից գրականությունը:

Նկարները՝ Անի Հովնանի ֆեյսբուքյան էջից

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով