fbpx

«Ան/Հանդուրժողականությունը հայ գրականության մեջ» գրքի շնորհանդես

Սեպտեմբերի 12-ին «ԲՅՈՒՐՈ» ակումբում տեղի ունեցավ «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» գրքի շնորհանդեսը։ Աշխատությունում տեղ գտած 9 հոդվածները (հետազոտությունները) ներառում են ողջ հայ գրականությունը՝ սկսած հինգերորդ դարի պատմիչներից մինչև նորագույն շրջանը։

«Նախորդ 20 տարիների ընթացքում հայ հասարակությունը բաժանվել էր արժեքային կղզյակների՝ առաջադեմ և պահպանողական։ Ինձ համար անհասկանելի էր, թե արդյոք կարող է լինել խաղաղարար հայրենասեր, ինչու է վտանգվում հայրենիքի անվտանգությունը, եթե պայքարում ես ժողովրդավարության համար, եթե կա ղարաբաղյան չլուծված հարց, ուրեմն երկիրդ պիտի կառավարի կոռուպցիոն համակարգ, որից շատ ժողովրդավարություն չպետք է պահանջել, որովհետև կվտանգվի անվտանգությունն ու լիքը նման բաներ։

Այս երկար աշխատանքի արդյունքում գրված գրքի նպատակն է երկխոսություն կամ կոնֆլիկտ ստեղծել այդ երկու մասսաների միջև, որոնք մեր իրականությունում ոչ մի կերպ չէին հաղորդակցվում։

Առաջաբանում կա մի սխեմա, որտեղ ասվում է, թե ինչպես լինել անհամաձայն հանդուրժող, որ համաձայնությունն ու հանդուրժողականությունը նույնը չեն», – ասաց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ)-ի հիմնադիր-տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյան։

Ըստ կազմակերպիչների՝ գիրքը տպագրվել է դեռևս 2017 թվականին և ուղարկվել հասցեատերերին, իսկ շնորհանդեսն ու քննարկումն ազդարարում են տպաքանակի ավարտը։

«Քյառթուի կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում» հետազոտության համահեղինակ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով քյառթուի սահմանումը տալու համար միայն գրականությունը քիչ է։ Այստեղ գրական տեքստի վերլուծությունից զատ շատ կարևոր են նաև սեփական գնահատականները, հիշողություններն ու փորձը։

Շարունակելով խոսքը՝ Արքմենիկնս ասաց․ «Հետազոտության արդյունքում ես ու գործընկեր Աշոտ Գաբրիելյանը նախ սովորեցինք, թե ինչ է անհանդուրժողականությունը։ Հասկացանք, որ հայ հետխորհրդային ու նաև խորհրդային գրողն ունի ազգային արժեքների պահպանման բարդույթներ։ Նրանք, թաքնվելով քյառթուի կերպարի տակ, դատապարտում են ժամանակակից բարքերը։

Քյառթու երևույթը հին չէ և ձևավորվել է անկախության շրջանում։ Հետաքրքիր է նրանց լեզուն։ Ժամանակակից «քյառթերենում» շատ են գրականությունից, հատկապես բեմադրված ստեղծագործություններից ներմուծված բառեր»։

Հիմնադրամն այս տարի նույնպես աշխատանքներ կկատարի էթնո-կրոնական համայնքների հետ և կփորձի շարունակել իրենց հետազոտությունները կրթության ոլորտում։

Գիրքը հրատարակվել է Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) կողմից 2015-2017 թթ. իրականացրած «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի շրջանակում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով