fbpx

Անահիտ Ղազախեցյանի «Դիլեմա»-ն

«Մենք գրում ու կարդում ենք պոեզիա, որովհետև մարդկային ցեղի ներկայացուցիչներ ենք, իսկ նրանց առաջ է մղում զգացմունքը։ Բժշկությունը, իրավաբանությունը, կիրառական գիտելիքներն ապահովում են մեր կյանքը, մինչդեռ սերը, գրականությունն այն բաներն են, որոնց համար մենք ողջ ենք մնում», – այս մեջբերումն ուղղակի չէր, այն շատերիս հայտնի «Մեռած պոետների ընկերակցություն» ֆիլմից էր, որով էլ սկսվեց Անահիտ Ղազախեցյանի «Դիլեմա» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։

– Երբ դեռ 13 տարեկան էի, իմ չափահաս ընկերները բացել էին «Մեռած պոետների ընկերակցություն», և հենց այդտեղից էլ, կարծում եմ, սկսեց իմ կապը գրականության և գրականության մարդկանց հետ։

Սովետական վիճակները մերժել ցանկանալով՝ միջոցառումը չուներ հաղորդավար և անցկացվեց ինտերակտիվ ձևաչափով՝ հավասար նստել կամ կանգնելով ու գրականությունից խոսելով, կարդալով։

Ներկաների շարքում էր «Գարուն» ամսագրի գլխավոր, ինչպես նաև օրվա լույս տեսած գրքի խմբագիր Աշոտ Գաբրիելյանը, ով իր ուրախությունը հայտնեց լավ պոեզիայի հանդեպ այսքան հետաքրքվողների համար։

– Անահիտի գրքի հետ աշխատելը հա՛մ հեշտ էր, հա՛մ՝ դժվար։ Հեշտ էր այնքանով, որ լավ տեքստը միանգամից աչք է զարնում։ Մեզ մոտ տարիքային խմբերի բաժանելու սովորություն կա, բայց ապշելու է դառնում, երբ իմանում ես՝ ինչքան երիտասարդ է հեղինակը։ Դժվար է աշխատել բոլոր տաղանդավոր գրողների հետ, այդպիսի մարդիկ հնարավոր չէ կամակորություններ չունենան։

 Սերունդը նախևառաջ արտացոլում է իր ժամանակը, բայց շատ տաղանդավորներ արտաճում են ժամանակի մեջ և գնում վերև, ներքև․․․ Այս մասին շատ են վիճում, և հարց է առաջանում՝ ինչպես մտնել քեզ չպտականող ժամանակի մեջ, երբ ընթերցողներն էլ իրենց հերթին իրենց ժամանակներում շատ հարմարավետ են զգում։ Ուրախալի է, որ միջոցառումն այսքան բազմամարդ է, և ներկաները եկել են հարգելու Անահիտի գիրը։

Մի լավ զգացողություն ունեմ, որ լավ տողեր կարդալիս դրանք կարծես արդեն ինձ են պատկանում, և դա թող գրագողություն համարվի։

Գրքի շապիկի նկարազարդումը նույնպես Անահիտինն է։

– Երբ ասում էին՝ մենք չգիտենք որ դու նկարում ես, պատասխանում էի՝ ես նույնպես։

«Գրանիշ»-ի անցյալ տարվա հայտնության հետ կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը ծանոթացել էր նրա շարքը հրապարակելիս։

– Պոեզիայով անվերջ նամակներ եմ ստանում, և դրանց մեջ գտնվում է մեկը, որն ամբողջական բանաստեղծական շարք է, հեղինակը տիրապետում է բանաստեղծության արվեստին և արժանի է հրապարակման։ Դա մեծ ուրախություն է խմբագրի համար։ Իր առաջին շարքը, որում կար նաև շատերիս հայտնի «Փազլ» ստեղծագործությունը, բավականին կազմակերպված էր, և վերոնշյալ բանաստեղծությունում երևում էր, թե ինչպես է ինքը փազլի պես դասավորում կյանքը ոչ միայն իրողությունների, այլև պատմական տարբեր ժամանակաշրջանների մեջ սեփական «ես»-ը տեսնելով՝ կառուցում սեփական աշխարհը։

Հասմիկին հատկապես տպավորել էր վերջերս հրապարակված «Սրտի խորքից խոսք քեզ հետ» շարքը, որ նարեկացիական տեքստի հետ էր համադրված։

– Երբ բանաստեղծը, բացի սեփական հույզերից ու զեղումներից կարողանում է մշակութաբանական տեքստի հետ համադրել այդ ամենը և արդյունքում ստանալ նոր տեքստ, միայն այդ ժամանակ կարող ենք ասել, որ ունենք նոր աշխարհ ներկայացնող բանաստեղծուհի, – ասաց գրականագետը։

«Դիլեմա» գիրքը բաղկածաց է ծովերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գույնն ու երաժշտությունը, բայց երաժշտութունը չի պարտադրում ընթերցողին լսել, այսինքն գիրքը կարելի է կարդալ՝ բանի տեղ չդնելով երաժշտությունը։

– Ծովերն ինն են, այսօր ամսի 19-ն է և ժամը 19:00-ին սկսել է գրքիս շնորհանդեսը։ Ինը թիվը շատ կարևոր, սիրելի թիվ է ինձ համար, բայց վերջում տարօրինակորեն ստացվել է տասը ծով, որովհետև վերջին բանաստեղծության վերնագիրը «Ծով» էր, բայց դարձավ «Միգածով»։ Այն ամենահասարակն է, չունի երաժշտություն և իրենով էլ ավարտվում է գիրքը, – գրքի մասին պատմեց հեղինակը։

Անահիտ Ղազախեցյանը չբացատրեց վերնագրի ընտրությունը, պատճառաբանելով, որ դա ակնհայտ է և բացատրելու որևէ կարիք չկա։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով