fbpx

Այն ամենն ինչ չգիտեիք կոմիքսների մասին և ամաչում էիք հարցնել

Վերջերս ավելի ու ավելի շատ է խոսվում կոմիքսների, նրանց էկրանավորումների և սուպերհերոսների մասին, սակայն, եթե անկեղծ լինենք, Հայաստանում այս ոլորտը դեռ մնում է ստվերի տակ։ Մարդիկ «կոմիքս» եզրույթը շփոթում են «կոմիկական»-ի հետ, ինչի պատճառը, ամենայն հավանականությամբ, շատերիս հայտնի հին «32 ատամ ակումբ»-ն էր, ովքեր ունեին «կոմիքսներ» կոչվող հումորային կարճ դրվագներ։

Մենք շատ ենք սիրում կոմիքսներ և ունենք դրանք ավելի լայն շերտերի հասցնելու նպատակ, սակայն դուք մեզ նույնպես պետք է օգնեք՝ մոռանալով վերոնշյալ հիշատակումը երբեմնի հումորային ակումբից։

Այսպիսով, եթե Ձեր շրջապատում չկան «կոմիքսագետներ» կամ լինելուց հարցերին պատասխանելու փոխարեն ծիծաղում են Ձեր չիմացության վրա, ապա 1Dram թիմը հաճույքով կներկայացնի այն հարցերը, որոնց պատասխանել է «Eksmo» հրատարակչությունը։

Ես լուրջ արվեստ ու գրականություն եմ սիրում, ինչու՞ պետք է կոմիքսներ կարդամ։

Դուք հաստատ կինոյի մասին նյութեր եք կարդում։ Դասական դարձող ֆիլմերը շատ քիչ են՝ ի տարբերություն հիմարությունների, սակայն ոչ ոք կասկածի տակ չի դնում կինեմատոգրաֆի արվեստ լինելու փաստը։ Այդկերպ էլ կոմիքսները՝ ընդամենը արտահայտչամիջոց են, որոնք լցվում են տարբեր ընթերցողներին համապատասխանող բովանդակությամբ։ Օրինակ՝ դուք կարող եք կարդալ կապույտ գույնի մաշկ ունեցող լրտեսի (Իքս-մարդկանց Միստիկը) արկածների մասին, ով կերպարանափոխվում է այնպես, ինչպես ուզում է։ Կարող եք կարդալ նաև Արտ Շպիլհելմանի «Մաուս» գրաֆիկական վեպը Հոլոքոստի մասին։ Ի դեպ, այդ գրքի համար նա հեղինակավոր Պուլիցերյան մրցանակ է ստացել։ Այսօր կասկած անգամ չկա, որ կոմիքսները ևս արվեստի տեսակ են, այլ ոչ թե «նկարներով գրքեր»։ Դրանցում համարժեք են և՛ տեսքտերը, և՛ պատկերները։ Վարպետության հարց է, թե ինչպես են դրանք կազմվում, ինչի վրա է շեշտը դնում նկարիչը և ինչը թողնում կադրից դուրս։

Արդյո՞ք կոմիքսները դեռահասների համար նախատեսված զվարճալիքներ են։

Իհարկե ոչ, կոմիքսները վաղուց են գրավել աշխարհը։ Կինոթատրոնում Կապիտան Ամերիկային կամ խոսացող ծառ Գրութին նայողների միջին տարիքը 29 է։ Imdb.com-ում Նոլանի «Մռայլ ասպետը» (Բեթմեն) ֆիլմը զբաղեցնում է չորրորդ տեղը, էլ  չասենք, թե քանի նմանատիպ ֆիլմ է «Օսկար» շահել։ Բանն այն չէ, որ դրանք տպավորիչ են կամ զանգվածային, այլ այն, որ շատ կերպարներ բավականին հակասական ու բարդ են։ Կոմիքսներն ունեն վիճաբանությունների լայն տարածություն տալու հատկություն՝ կադրից դուրս թողնելով կարևոր մանրուքներ ու դետալներ։ Հենց այդ պատճառով էլ մարդիկ կարող են մինչև կապտելը վիճել՝ Բեթմենը հերոս է, թե ոչ (շատերը կարծում են, որ երկդիմի կերպար է կամ նույնիսկ չարագործ)։

Իսկ աղջիկները կոմիքսներ կարդու՞մ են։

Նրանք նույնիսկ նկարու՜մ են։ Առաջ կոմիքսները համարվում էին միայն «տղայական» թեմա, իսկ այսօր աղջիկները մեծ հաջողություններ են գրանցում իրենց գիկային youtube-ալիքներում։ Շուկան արձագանքում է ընթերցողներին․ փոքրանում են հերոսուհիների կրծքերը՝ հասնելով իրական չափերի, և մեծանում է նրանց ինքնուրույնությունը։ Գնալով փոխվում է նաև հերոսուհիների պահվածքը՝ դառնալով ավելի սովորական, այլ ոչ թե ինչպես տղամարդկանց երևակայությունում էին։ Կա մի պահպանողական կարծիք, ըստ որի՝ կանայք փչացրել են կոմիքսները, սակայն այդ բարբաջանքն այլևս ոչ ոք չի լսում։ Վիճակագրությունը նույնպես հակառակն է ցույց տալիս․ աղջիկների կողմից նկարված կոմիքսները շուկայում ոչնչով չեն զիջում տղաների աշխատանքներին։

Մեկ էլ ասեք՝ մեծահասակների համար կոմիքսներ նույնպես կան։

Օ, այո՜։ Դրանք ոչ միայն կոմիքսներ են, որտեղ կան բռնության և սեքսի տեսարաններ, այլև պատկերազարդված պատմություններ, որոնք կարող են հասկանալ միայն մեծահասակները։ Օրինակ՝ «Sex Criminals»-ը պատմում է մարդկանց էկզիստենցիալ ճգնաժամի մասին, որոնք նույնիսկ ուրիշի հետ իրենց անկողնային հաճույքի ամենաթեժ պահին միայնակ են իրենց զգում։

Բացի այդ, կան կոմիքսների դետեկտիվ, «մռայլ» շարքեր, օրինակ՝ Netflix-ի հայտնի սերիալ «Ջեսիկա Ջոնս»-ը հիմնված է Marvel MAX հրատարակչության կոմիքսների հիման վրա, որը թողարկում է 18+ գրքեր (լի սեքսով, հայհոյանքներով ու բռնությամբ)։

Ո՞րն է կոմիքսի և գրաֆիկական վեպի տարբերությունը։

Կոմիքսը նման է սերիալի․ կարճ թողարկումներ (16 էջանոց), որոնք պատմում են հերոսների հետ երկար ժամանակահատվածում տեղի ունեցող պատմությունը։ Որոշ այդպիսի պատմություններ ամիսներ, տարիներ և նույնիսկ տասնամյակներ են տևում։

Գրաֆիկական վեպն ավելի շուտ վեպ է, որը պատմում է միայն մեկ պատմություն սկզբից մինչև վերջ։ Որպես կանոն՝ այն չի շոշափում շատ թեմաներ, այլ խորն ուսումնասիրում է մեկը։ Օրինակ՝ «Պերսեպոլիս»-ը պատմում է Իրանից արտագաղթած աղջկա մասին, որում շղթայված են հայրերի և զավակների, պատերազմի, շարիաթական հասարակությունում կանանց դիրքի թեմաները, սակայն դրանք լրացնում են գխավոր հերոսուհու ինքնահաստատման թեման։ Իսկ այ «Իքս-մարդկանց» մասին պատմող կոմիքսների մի համարում կարող է շոշափվել ռասսայական խտրականության, մյուսում՝ իշխանության խնդիրը, երրորդում՝ սիրո թեման։

Բնական է, այդ սահմանը երբեմն խախտվում է։ Օրինակ՝ արդյո՞ք կարող ենք «Քաղաքացիական պատերազմ»-ի կոշտ կազմում հավաքած բոլոր թողարկումները համարել գրաֆիկական վեպ։ Այնտեղ նույնպես կան ազատության, անվտանգության, վստահության, դավաճանության, քաղաքականության և սոցիալական ցնցումների նման բարդ թեմաներ։ Իսկ Ալան Մուրի «Պահապանները» սկզբում 12 թողարկումից բաղկացած կոմիքսներ էին, այնուհետև դրանք հավաքեցին մեկ փափուկ կազմի ներքո և անվանեցին լիարժեք գրաֆիկական վեպ։

Ի՞նչ կոմիքսներ կարդալ, եթե սուպերհերոսներին այդքան էլ չեմ սիրում։

Կարելի է փնտրել արդեն սիրված գրքերի գրաֆիկական տարբերակները, օրինակ՝ «Դրակուլան», «Մարտական ակումբը», «Մուգ աշտարակը» կամ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»։ Այսօր կոմիքսների շուկան այնքան մեծ է, որ կարելի է  գտնել ամեն ինչ, սկսած բիզնես-գրականությունից («Մարքսի կապիտալը կոմիքսում»), վերջացրած հայտնի նկարիչների ու գրողների մասին պատմվածքներով («Ֆրանց Կաֆկա․ գրաֆիկական վեպ»)

Իսկ եթե սիրու՞մ եմ սուպերհերոսների։

Սուպերհերոսների մասին պատմող կոմիքսներում մոլորվել կարելի է։ Կան բնօրինակ կոմիքսներ, կան վերաթողարկումներ, նուար, հումորային, պարադոքսալ տարբերակներ։ Շատ բան կա։

Լավ կլինի չտանջվել և տարբեր թողարկումների ամենասկզբից չկարդալ՝ կերպարի մասին մի ամբողջական վեպ ստանալու համար։ Ավելի լավ է ընտրել սիրած հերոսին ու նախ համացանցում փնտրել նրա մասին հայտնի կամուրջներ (անգլ․՝ story arc)։ Կամուրջները դրանք կոմիքսների շարքեր են, որոնք միավորված են մեկ սյուժեի շուրջ և կարելի է կարդալ հիմնական շարքից կտրված։ Հանրագիտարանները նույնպես կարող են օգնել, որոնք, ի դեպ, վաճառվում են Հայաստանի գրախանութներում։

Ինչու՞ են հերոսները վարտիքը կրում տաբատի վրայից։

Ամեն ինչ սկսեց 1939 թվականին, Սուպերմենի կարմիր վարտիքից, որն ուղղակի կրկեսային ուժեղ մարդկանց փոփոխված հագուստն է։ Նաև, մարդուն տրիկոյով նկարելը շատ ավելի հեշտ է, քան սովորական հագուստով․ նկարիչները ստիպված չեն լինում մտածել՝ ինչպիսին պետք է լինեն հագուստի ծալքերը։ Նմանատիպ բաները շատ կարևոր էին, երբ շուկան դեռ նոր էր ծնվում և պետք էր նկարել արագ ու էժան։

Ո՞վ է ամենաուժեղ սուպերհերոսը։

Հրաշալի հարց է գիկերի մեջ թեժ քննարկում գցելու համար։ Սուպերհերոսները պարբերաբար կռվում են իրար դեմ («Բեթմենն ընդդեմ Սուպերմենի», «Քաղաքացիական պատերազմ»), և ամեն անգամ կռիվը տարբեր ձևով է ավարտվում։ Գրազ գալուց վերցրեք այնպիսիններին, որոնք ռեգեներացվել են, ինչպես Դեդփուլն ու Կուղխը (Wolverine), ովքեր քիչ թույլ կողմեր ունեն, ինչպես Սուպերմենը (նրան թուլացնող կրիպտոնիտը գտնելու համար պետք է շատ տանջվել), ովքեր կառավարում են իրականությունը, ինչպես Ալ վհուկը (Scarlet Witch) և որոնք հոգեպես նույնպես կայուն են (կրկին Դեդփուլը)։ Ի դեպ, «Դեդփուլը ոչնչացնում է Marvel-ի տիեզերքը» կոմիքսում վերջինս սպանում է բոլորին, նաև աստված Թորին։

Ի՞նչ տարբերություն կա Marvel-ի և DC-ի միջև։

Դրանք լրիվ տարբեր հրատարակչություններ են։ Հենց նրանք են թողարկում կոմիքսները այն մեծ մասը, որը դուք գիտեք։ Նրանք չեն օգտագործում մեկը մյուսի կերպարները, բացառությամբ քրոսսովերների։ Քրոսսովերները պատմություններ են, որոցնում տարբեր գրքերի, սերիալների և ֆիլմերի կերպարները կարող են որոշ ժամանակով հանդիպել։ Նման բաների համար հրատարակչությունները նախապես պայմանավորվում են։ Marvel-ի ամենահայտնի կերպարներն են՝ Երկաթե մարդը, Կապիտան Ամերիկան, Սարդ-մարդը, Հալքը և այլն։ DC-ի ամենահայտնի կերպարներն են՝ Սուպերմենը, Բեթմենը, Կատու-կինը, Ջոքերը, Հրաշք-կինը, Հարլի Քուինը և այլն։

Կոմիքսասերները դրանցում մետաֆիզիկական գաղափարներ գտնու՞մ են։ Դրանք ընդհանրապես կա՞ն։

Ինչպես միշտ՝ կախված է այս կամ այն թողարկման հեղինակից։ Որպես կանոն՝ շատ կոմիքսներ շատ տարբեր թեմաներ ու հարցեր են բարձրացնում՝ բարոյականության և նորմայի (Ջոքեր), կանխորոշման և կամքի ազատության (Քացաքացիական պատերազմ 2), իրավունքների պաշտպանությունը բռնությամբ, թե առանց բռնության (Իքս մարդիկ), կառավարության անառակացման (Բեթմեն) և հայրերի ու զավակների հակադրությունը։ Ի դեպ վերջին թեման առկա է ամեն երկրորդ կոմիքսում, գրեթե բոլոր սուպերհերոսներն ընտանեկան խնդիրներ են ունեցել։ Եվ ընդհանրապես, անհնար է չտեսնել՝ ինչպես է Կապիտան Ամերիկայի պատմությունը ոգեշնչված Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գրված «կորած սերնդի» մասին պատմող գրքերից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով