fbpx

«Հինգ րոպե լռություն» | Լուսանկարչական ցուցահանդես

Հունիսի 18-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ «Հինգ րոպե լռություն» խորագիրը կրող Եվգենի Ժիլյաևի անհատական լուսանկարչական ցուցահանդեսը։

Հեղինակ Եվգենի Ժիլյաևը, 1988 թվականին լինելով Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի ուսանող, առաջիններից մեկն էր, ով եկավ Սպիտակ որպես փրկարարական ջոկատի փոխհրամանատար։

Մեզ թվում է, թե սա երեկ է եղել, մեկ էլ թվում է` արդյոք սա մեզ հետ է եղել: Կարծում եմ հայ ժողովրդից ոչ մեկն անմասն չի մնացել այս աղետից, – ասաց Թեքեյան կենտրոն հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը։ — Երկար ու դժվար ստացվեց ցուցահանդեսի կազմակերպումը: 30-րդ տարելիցը նշելիս պլանավորոում էինք ու միշտ չէր ստացվում, գուցե դրա համար էլ այսօր մարդաշատ չէ:

Ծուլիկյանն առաջին անգամ առիթ ունեցավ ծանոթացալու Ժիլյայևի կյանքին ու ստեղծագործությանը և վստահ է` իր նմանները շատ են եղել: Նրանցից մի քանիսն իրենց հուշերը բերեցին մեր օրեր, իսկ շատերն էլ ոչնչացրին` չպահելով բացասական լիցքերը:

— Չենք կարող չհիշել մեր աչքի առաջ ավերված տները, իսկ դրանից հետո գալիս է աշխարհի հանդեպ երախտապարտությունը, որը մեզ շատ օգնեց, – հավելեց տնօրենը։

Ցուցադրված նկարների գերակշիռ մասն արվել է լռության հինգ րոպեների ընթացքում, որն անհրաժեշտ էր փլատակների տակ մնացած կենդանի մարդկանց ձայները լսելու համար։

— Ժիլյաևն այսօր պրոֆեսիոնալ լուսանկարիչ է, իսկ այս նկարներն անելիս սիրողական է եղել. որակային առումով միանգամից երևում է դա: Մի պահ նայելիս ոնց որ մտնես այդ ամենի մեջ ու վերապրես, ինչը ոչ թե իր վարպետության, այլ հենց անփորձության շնորհիվ է, – ասաց ցուցահանդեսի համադրող, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը։

Այս ցուցահանդեսն էլ ավելի շատ նկարներով նախորդ տարի արդեն երկու անգամ եղել է Ռուսաստանում․ առաջին անգամ՝ Փրկարարների ռուսական միության և երկրորդ անգամ` Հայաստանի դեսպանատան Մշակույթի կենտրոնում:

Ենգոյանը նաև նշեց, որ մեզ մոտ անելիս մի փոքր ծանրություն եղավ: Հայերը ցավը չեն ուզում երկար հիշել ու շեշտել, պարզ է: Անգամ Սպիտակ քաղաքում չցանկացան ցուցադրել այս նկարները:

Ցուցահանդեսն իրականացվել է PhotoPodium.com կայքի, Մոսկովյան հանրագիտարաններ հիմնադրամի REVERբերացիա Արտ-պրոյեկտի նախագիծ՝ Ռուսաստանի Գեղերվեստի Ակադեմիայի, ՌԳԱ-ի մերձվոլգյան մասնաճյուղի, ՌԳՍՄ ցուցահանդեսների և կրթական ծրագրերի աջացկությամբ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով