fbpx

5 գիրք ֆուտբոլի մասին

Վերջին օրերի ամենաարդիական և քննարկվող թեման ֆուտբոլն է, որը պայմանավորված է հունիսի 14-ին սկսած Ֆուտբոլի աշխարհի առաջնությունով։ Միլիոնավոր երկրպագուներ այս օրերին ուղղակի ցնծում են, ուրախանում ու տխրում հաղթանակներով և պարտություններով։
Պահպանելով ամեն ինչում գրականություն փնտրելու մեր տեսակը՝ մենք առանձնացրել ենք աշխարհի ամենահայտնի սպորտաձևի մասին 5 գիրք, որոնք պետք է հետաքրքրեն Ձեզ։


Արփի Ոսկանյան՝ «Մարադոնան և Ռոնալդինյոն»

Մարադոնան և Ռոնալդինյոն ամուսնանու՞մ են։
2011 թվականին հայ ընթերցողների դատին հանձնած այս պատկերազարդ հեքիաթը պատմում է Ֆուտբոլստան անունով և Դարպաս մայրաքաղաքով թագավորության մասին։ Ֆուտբոլստանի թագավորն ու թագուհին ցավոք սրտի ունենում են աղջիկ (իհարկե, ցանկալի կլիներ տղա, որը կդառնար լավ ֆուտբոլիստ) և անվանում Մարադոնա։ Այո, Մարադոնան այստեղ աղջիկ է, ում պատվին կազմակերպված ֆուտբոլի առաջնությունում իրեն լավագույնս դրսևորած ֆուտբոլիստը պետք է ամուսնանա նրա հետ։ Իսկ գլխավոր հերոսուհին տանել չի կարողանում ֆուտբոլը, չնայած, որ բոլորը տարված էին դրանով։ Նա սիրում էր երգել․․․ Թե ինչպես են զարգանում գործողությունները, կիմանաք ընթերցելով 48 էջանոց այս գիրքը։


Մայք Քարսոն՝ «The manager։ Ինչպե՞ս են մտածում ֆուտբոլային առաջնորդները»

(Mike Carson – The Manager: Inside the Minds of Football’s Leaders)

Պատմության մեջ առաջին անգամ 30 ամենահաջողակ ֆուտբոլային մենեջերները կիսվում են առաջնորդության գաղտնիքներով։ Նրանք մազրիչներ և ղեկավարներ են, որոնց հաջողություններին ու անհաջողություններին հետևում են միլիոնավոր երկրպագուներ։ Գրքում դուք կիմանաք, թե ինչ գին ունեն հանդիսավոր հաղթանակները, ինչպես ընդունել ծանր որոշումներ և, չնայած պարտությունների, պահպանել հավատն ու տանել թիմին դեպի հաղթանակ։ Այս գիրքը ֆուտբոլին սիրահարված մարդկանց համար է, ովքեր ուզում են հասկանալ, թե ինչ կանոններով և օրենքներով է կառուցված խաղը։


Նիկոլայ Ստարոստին՝ «Ֆուտբոլը տարիների ընթացքում»

(Николай Старостин – “Футбол сквозь годы”)

«Սպարտակ»-ի հիմնադիր և մոսկովյան ֆուտբոլի հավաքականի ղեկավար Նիկոլայ Պետրովիչ Ստարոստինը պատմում է իր սպորտային կյանքի մասին։ Ռուսական ֆուտբոլի ձևավորման և զարգացման պատմություններն ընթանում են երկրում տեղի ունեցող բուռն իրադարձությունների ֆոնին։ Ստարոստինը պատմում է այն մարդկանց մասին, որոնց հետ խաղացել և աշխատել է, արտահայտում իր դատողություններն իրենց ֆուտբոլի խնդիրների մասին։

Այսօր «Սպարտակ»-ի երիտասարդ երկրագուներից քչերն են տեղյակ Ստարոստին եղբայրների  դրամատիկ կյանքից։ Այս գրքում դուք կիմանաք, թե ինչու են նրանց բանտարկել ու ճնշումների ենթարկել, և թե ինչպես է ֆուտբոլի գնդակն օգնել նրանց և շատերին ողջ մնալ։


Քրիս Անդերսոն և Դևիդ Սելլի՝ «Խաղ թվերի հետ։ Ինչու՞ են ֆուտբոլի մասին ձեր գիտելիքները սուտ»

(Chris Anderson, David Sally – “The Numbers Game: Why Everything You Know About Football is Wrong”)

Ձեզ թվում է, թե դուք ամեն ինչ գիտե՞ք ֆուտբոլի մասին։ Այս գիրքը կստիպի ձեզ մտածել այն բոլոր կանոնների մասին, որոնց դուք սովոր եք համարել անխախտելի։ Այն հիմնավոր և պարզ ձևով պսակազերծում է ֆուտբոլի մասին շատ առասպելներ և ստերեոտիպեր։

Ի տարբերություն ուրիշ գրքերի՝ այս մեկը ձեր վզին չի փաթաթում իր կարծիքը, այլ ընդամենը առաջարկում է մտածել և նայել իրադրությանը մի քանի տեսանկյունից։ Այս գիրքը ծանոթացնում է նոր, անսովոր մարտավարությունների և սխեմաների հետ, որոնք օգտագործում են հավաքականները, սակայն տեսանելի չեն սովորական դիտորդին։


Լուկա Կայոլի՝ «Մեսսին ընդդեմ Ռոնալդուի։ Մեծ դիմակայությունը»

(Luca Caioli – “Messi VS Ronaldo: The Greatest Rivalry”)

Այստեղ ասելու շատ քիչ բան կա։ Լիոնել Մեսսի, Կրիշտիանու Ռոնալդու, միլիոնավոր հավատարիմ երկրպագուներ, որոնք կարծես տարիներ շարունակ հակամարտության մեջ լինեն։

Այս գիրքը երկու ֆուտբոլիստների մասին առաջին վերլուծականն է։

 

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով