fbpx

«1-Էջանոց մարքեթինգային պլան» գրքի շնորհանդես

«Սա՛ է իրական մարքեթինգը», — այսպես է մեկնաբանել գործարար, «100 բիզնես գաղտնիքներ» բեսթսելերի հեղինակ Վահագն Դիլբարյանը այն գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 11-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում: Խոսքը Ալան Դիբի «1-Էջանոց մարքեթինգային պլանի» մասին է։ Այն որակավորվում է որպես հեղափոխական մոտեցում մարքեթինգին՝ իր պարզության և մատչելիության շնորհիվ։

Հայաստանում բիզնես ոլորտն այդքան էլ լավ վիճակում չէ, իսկ այս գիրքն ընդամենը մեկ էջի մեջ պատմում է մարքեթինգային գաղտնիքների մասին, – ասաց «Էդիթ պրինտ» հրատարակչության հիմնադիր֊նախագահ Մկրտիչ Կարապետյանը։

Վերջերս «Էդիթ պրինտը» առանձնակի ուշադրություն է դարձնոմ մարքեթինգային, բիզնես, տնտեսագիտական գրականությանը։ Հրատարակչության հիմնադրի խոսքով՝ ամեն ամիս լույս կտեսնի նոր համաշխարհային բեսթսելեր տվյալ ոլորտում։

Այդ համաշխարհային բեսթսելերներից մեկն էլ սա, որը չի իջնում «Amazon» կայքի բեսթսելերների առաջնակարգ հորիզոնականներից, և այսօր արդեն հասանելի է նաև հայերենով, որի թարգմանական գործն է ստանձնել Զարուհի Սողոմոնյանը։

— Գրքում գերգրական բառերի կողքին կտեսնեք խոսակցական և անգամ գռեհիկության աստիճանի հասնող բառեր։ Նմանօրինակ ձեռագրով է գրված բնօրինակը, որն էլ մենք որոշեցինք պահպանել։ Թարգմանական պրոցեսը շատ հետաքրքիր էր, – գրքի հետ իր շփման մասին պատմեց Զարուհին։

Թարգմանչուհին սովորում է մարքեթինգի ֆակուլտետում, և գիրքը թարգմանելու առաջարկը ստանալուց հետո մտածում էր, թե շատ անծանոթ եզրույթներ են կլինեն, որոնց մի մասի հայերեն թարգմանությունները կա, մյուսինը՝ ոչ։

— Գիրքը գրված է այնքան հանրամատչելի լեզվով, որ բիզնեսի ու մարքեթինգի հետ որևէ առնչություն չունեցող հասարակ մահկանցուներս կարող ենք կարդալ, հասկանալ և ուղղորդվել այս մեկ էջանոց մարքեթինգային պլանով։

Գիրքը փորձել են մոտ բերել նաև հայկական իրականությանը՝ պահպանելով զավեշտը։ Օրինակ՝ բնօրինակում Sparkle անունով կատվին կոչել են Փայլակ։

Շնորհանդեսի ընթացքում կայացավ նաև մարքեթինգին առնչվող հատուկ սեմինար, որը անցկացրին մարքեթոլոգ, Global Media Lab մարքեթինգային ընկերության հիմնադիր Սեդա Վարդանյանը և «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի ղեկավար Շավարշ Կարապետյանը: Եթե Շավարշն ավելի մանրամասնեց «մարքեթինգ» եզրույթը, ապա Սեդան ներկայացրեց 2019 թվականի մարքեթինգային տենդենցները՝ գործնական խորհուրդներ տալով ներկաներին։

Լուսանկարները՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության ֆեյսբուքյան էջից

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով