fbpx

«Պատմություն, որը բխում է իմ ներսից», – Արթուր Միկոյան | Գրքի շնորհանդես

Վեց տարի առաջ «Անտարես» հրատարակչության կողմից ստեղծված «XXI» (21) մատենաշարը մարտի 29-ին համալրվեց ևս մեկ գրքով: Այս անգամ իր արձակ ստեղծագործությամբ ներկայացավ երիտասարդ գրող, ժուռնալիստների և գրողների միության անդամ, «Լուռ հոգիներ» և «Սատանայի աշտարակը» գրքերի հեղինակ Արթուր Միկոյանը։

Շնորհանդեսն իր բացման խոսքով սկսեց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու և «Օտար լույս» վեպի խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը
– Այսօր շատ խորհրդանշական է, քանի որ Արթուրի գիրքը «XXI» մատենաշարի 21-րդ գիրքն է: Այդ բոլոր գրքերն իրենց մեջ պարունակում են գրական տարբեր ժանրեր, և այս գիրքն իր առանձնահատուկ տեսակով զարդարում է շարքը։ Ֆանտաստիկ ժանրը հայերենով ներկայացնել շատ բարդ է, և չկան այդ ժանրի հստակ դրսևորումներ: Մեզ համար շատ կարևոր է Արթուր Միկոյանի հայտնությունն արձակում։ Հույս ունեմ, որ նա հավատարիմ կմնա գրական այս ժանրին։

Գրականագետը նշեց, որ շատ է խոսվում այն մասին, որ գոյություն չունի ժամանակակից հայկական արձակ: «XXI» շարքի ստեղծման նպատակը հենց այդ կարծիքին վերջ տալն է: Նա ասաց, որ այսօր իրենք հասել են իրենց նպատակին։

Վերջում Արքմենիկ Նիկողոսյանը նաև ավելացրեց, որ հրատարակչությունը համագործակցում է  դպրոցների հետ, որոնք իրենցից հաճախ հարցնում են, թե ինչ կարդան: Այդ գրքերի ցանկում նա ներառել է Արթուր Միկայոնի «Օտար Լույս»-ը: Ըստ իրեն` տեխնոլոգիական դարաշրջանում այս գիրքը երեխաներին շատ կհետաքրքրի:

Այն հարցին, թե ինչի մասին է վեպը, հեղինակ Արթուր Միկոյանը պատասխանեց․ «Ես իմ ստեղծագործությունները դժվարանում եմ մեկնաբանել, ուստի չեմ կարող ասել ինչի մասին է այն:  Ներկայացրել եմ մի պատմություն, որը բխում է իմ ներսից: Իմ կյանքի հիման վրա ստեղծել եմ վեպի հերոսի պատմությունը, որը բաղկացած է մի քանի բաժիններից: Համադրել եմ տարբեր գրական ժանրեր` սյուրռեալիզմ, մոդեռնիզմ, ֆանտաստիկա»:

Մոտավորապես ութ ամսվում գրված այս վեպից Միկոյանն ակնկալում է, որ այն ընթերցողին չի ձանձրացնի, հաճույք կպատճառի և մի գուցե նաև ոգեշնչի։ Իսկ շատ կկարդան, թե քիչ` կախված է նախասիրություններից:

«Օտար Լույս» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ «Հայ գիրք» գրախանութում։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով