fbpx

Հոմերոսից մինչև Հարրի Փոթեր | Վհուկները գրականությունում

Համաշխարհային պատմության օրացույցը թերթելիս գտանք մի հետաքրքիր իրադարձություն՝ 1647 թվականի մայիսի 26-ին ոմն Ալս Յանգը մահապատժի է ենթարկվել (կախվել) կախարդության օգտագործման պատճառով։ Սրանով իսկ հիմնք է դրվել Ամերիկայում և Եվրոպայում վհուկների նկատմամբ հարյուրամյակներ տևած հետապդնումներն ու մահապատիժները։

Իհարկե, կախարդական, գերբնական և ոչ երկրային երևույթները մշտապես հետաքրքրել են մարդկանց, և մենք էլ բացառություն չեղանք։ Այս անգամ ձեզ կներկայացնենք «այն» աշխարհի ամենավառ ներկայացուցիչների՝ վհուկների պատմությունն ու նրանց արտացոլանքը գրականության մեջ։

«Ես միշտ վստահ եմ եղել, որ կանայք կարողանում են իրենց գերբնական ուժերի միջոցով իմանալ՝ ինչ է կատարվում տղամարդու հոգում։ Նրանք բոլորը վհուկներ են», – Պաուլո Կոելիո։

Վտանգավոր գիտելիքներով մարդկանցից վախեցել և նրանց հարգել են դեռ շատ վաղուց։ Ահա այդպիսի գիտելիքներով են հարուստ եղել վհուկները՝ կանայք, որոնք խախտել են կնոջ արտաքին տեսքի մասին ընդունված բոլոր ստանդարտները, լինելով կա՛մ շատ գրավիչ ու սեքսուալ, կա՛մ ընդհակառակը՝ շատ տգեղ ու սարսափելի։

«Վհուկ» բառը հայերենում հավանաբար առաջացել է «վիհ» բառից, որը նշանակում է անդունդ, ճանապարհ դեպի դժոխք։ Վհուկը («այն մեկը, որ տիրապետում է գաղտնի գիտելիքներին») դիվաբանության ամենավառ կերպարներից է։ Նրա բավականին մանրամասն նկարագրությունները տրված են ֆոլկլորային գրականությունում, որտեղ նա չարքի ամենապարզ, մահաբեր էակն է։

Բոլորիս կյանքում հանդիպած ամենաառաջին վհուկը Ջադուկն է, նույն ինքը՝ Баба-яга-ն։ Այս տգեղ պառավը մշակույթ է ներթափանցել հետսլավոնական դիցաբանությունից։ Ըստ ավանդության՝ նա անտառային ընկած աստվածուհի է, որը եղել է կամուրջ մեռածների և ողջերի աշխարների միջև։ Ջադուկը հաճախ հանդիպում է ռուսական մուլտֆիլմերում ու լեգենդներում։

Ջադուկ

Վհուկները գրականությունում հայտնվել են վաղուց և երկար ժամանակով։
Մ․թ․ա․ 7-րդ դարում Պերսևսի և Աստերիայի միակ դուստր Հեկատան լուսնի լույսի, կախարդական ամեն ինչի՝ բոլոր վհուկների և վտանգավոր բույսերի աստվածուհին է։ Ըստ Հոմերոսի՝ նա սկզբում բացասական կերպար չէր, այնուհետև, ժամանակի ընթացքում մղվեց հետին պլան, իջավ Հադեսի մեռյալների աշխարհ։ Դժոխքի շների ուղեկցությամբ այդ սփրթնած և մազութի սև մազերով կինը ամեն գիշեր դուրս էր գալիս որսի։

Հեկատա

Վհուկներ հաճախ հանդիպում են Գրիմ եղբայրների ստեղծագործություններում։ «Հենզել և Գրետել» հայտնի հեքիաթում պառավ վհուկն ապրում է քաղցրաբլիթե տնակում, որտեղ պատահաբար հայտնված քրոջը ստիպում է եղբորը 4 շաբաթ շարունակ կերակրել, որպեսզի վերջինս գիրանա, իսկ վհուկն ուտի նրան։

«Նարնիայի քրոնիկներ»-ում Սպիտակ դաժան ու սարսափազդու վհուկն է, որ Ձյունե թագուհուն է հիշեցնում։

Բոլորին հայտնի «Հարրի Փոթեր»Հերմիոնա Գրեյնջերն աչքի է ընկնում իր ինտելեկտով ու ընկերասիրությամբ, նրան հաճախ անվանում են Հոգվարթսի լավագույն կախարդուհի։ Հերոսուհին մեծ դեր է խաղում չարքի դեմ վճռական պայքարում։

Էմմա Ուոթսոնը Հերմիոնա Գրեյնջերի դերում

Միջին դարերում կարծում էին, որ կանայք վհուկներ են դառնում սատանայի հետ պայման կապելուց հետո։ Ըստ այդ պայմանի, նրանք մասնակցում էին կախարդների գիշերաժողովների կամ զոհաբերում նորածնի։ Այսպիսի սնահավատությունների պատճառով 15-17-րդ դարերում աշխարհի տարբեր մասերում սկսեցին այն կանանց նկատմամբ մասսայական հետապնդումներն ու մահապատիժները, որոնց վհուկներ էին համարում։ Այս ժամանակաշրջանն արևմտյան Եվրոպայում անվանվեց «կախարդների որս»։

Մարդկության պատմության այդ տարօրինակ ու դաժան շրջանի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, նկարահանվել ֆիլմեր ու հեռուստասերիալներ։ Ամենահայտնի գրքերից մեկը Պուլիցտերյան մրցանակակիր Ստեյսի Շիֆի «Կախարդները գիշերաժողով, 1692»-ն է (Stacy Schiff, “The Witches: Salem, 1692″)։ Հեղինակն ութ հետազոտողների հետ միասին գրել է այս ոչ գեղարվեստական աշխատությունը, որի մասին Նու Յորք Թայմսն ասել է․ «Իր նոր գրքով Ստեյսի Շիֆը կարծես ցանկանում է դեն նետել բոլոր փոխաբերություններն ու հետ բերել կախարդների գիշերաժողովի իրական պատմությունը։ Նա տալիս է 1692 թվականի ինը դաժան ամիսների ժամանակագրական մանրամասն նկարագրությունը, որը սկսեց երկու աղջնակների դժբախտությունից և հանգեցրեց 20 մարդկանց մահապատժի, որոնք մեղադրվեցին կախադրության օգտագործման մեջ»։

Ստեյսի Շիֆի «Կախարդները․ գիշերաժողով, 1692» գրքի շապիկը

Մահապատժի ենթարկված Բրիդջեթ Բիշոփն իր դատավարության ժամանակ ասել է․ «Ես չունեմ ոչ մի ընդհանրություն սատանայի հետ»։ Սակայն դա իրեն չի փրկել մահից։

Կա՞ արդյոք կապ սատանայի և վհուկների միջև, կամ ընդհանրապես, կա՞ն և եղե՞լ են վհուկներ երբևէ, այդպես էլ հայտնի չէ։ Հատկապես այսօր ամեն ինչում տրամաբանություն փնտրող մեր մտածելակերպը թույլ չի տալիս հասկանալ և լուրջ վերաբերվել այդ ամենին։

Մեր ժամանակներում իրենց վհուկներ կամ կախարդներ համարող մարդկանց շատերն անվանում են խաբեբաներ կամ պայծառատեսներ։ Նրանք կազմում են փոփ արվեստի մի մասը, նրանց մասին նկարահանվում են նույնիցկ հեռուստաահողորդումներ։

Կարդացեք գրքեր, եղեք տեղեկացված, իսկ մենք կշարունակենք քայլել համաշխարհային պատմության օրացույցի հետ, գտնելու ձեզ համար ամենահետաքրքիր իրադարձությունները։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով