fbpx

Սերգեյ Դովլաթովի կյանքի օրենքները

Իմ մասնագիտությունն է լինել ռուս գրող։

Ես ծնվել եմ ոչ այնքան համերաշխ ընտանիքում։ Միջակ էի դպրոցում։ Հեռացվել եմ համալսարանից։ Երեք տարի ծառայել եմ պաշտպանության բանակում։ Գրել եմ պատմվածքներ, որոնք չէի կարողանում տպագրել։ Ստիպված էի լքել հայրենիքս։

Երկար էի մտածում այն մասին, թե ինչ ազգային պատկանելություն ունեմ և որոշեցի, որ ես մասնագիտությամբ ռուս եմ։

Ամբողջ կյանքիս ընթացքում ես պատմում եմ պատմություններ,  որոնք մի տեղ լսել կամ հորինել եմ, կամ ձևափոխել։

Նևայի վրա մի սառցակալած բեռնանավ էի հսկում։ Այն ոչ մի արժեք չուներ, թվում էր, թե դրանից գողացել են ամեն հնարավոր բան։ Սակայն երեք հոգի՝ երկուսը բարձրագույն կրթությամբ, օրուգիշեր այն հսկում էին։

Ինձ չտպագրեցին։ Ես չկարողացա գրականությամբ գումար աշխատել։ Դարձա խելագար, հարբեցող։ Ինձ շրջապատում էին հարբեցողությանն անձնատուր եղած հենց այդպիսի չընդունված հանճարներ։ Բայց ուր էլ տանում էի պատմվածքներս միայն գովասանքի էի արժանանում։ Ոչ ոք երբեք կասկած չի հայտնել գրականությամբ զբաղվելու իմ իրավունքի մասին։

Ես չեմ ափսոսում, որ ապրել եմ աղքատության մեջ։ Եթե հավատանք Հեմինգուեյին, ապա աղքատությունը անփոխարինելի դպրոց է գրողի համար։ Չքավորությունը մարդուն դարձնում է հեռատես։ Հետաքրքիր է, որ Հեմինգուեյը դա հասկացավ միայն հարստանալուց հետո։

Ես մեկնեցի, որպեսզի գրող դառնամ։

Ամերիկան միակ երկիրն է երկրագնդի վրա, որտեղ անհայտ ծագման, հնդեվրոպական լեզվի կրող մարդն իրեն հանգիստ կզգա։

Երբ ես ապրում էի Լենինգրադում, կարդում էի կամ «տամիզդատ» (արգելված գրքեր, «тамиздат»՝ հրատարակված արտերկրում՝ «там»),  կամ թարգմանած հեղինակների։ Մի ամերիկյան վեպում նկարագրված էր, թե ինչպես է հերոսը մտնում բար, կես դոլարանոցը շպրտում ցինկե վաճառասեղանին ու կրկնակի մարտինի պատվիրում։ Այդ ամենն այնքան բնական էր․․․ Ճիշտ այնպես, ինչպես Շեքսպիրը։

Գաղթյալները հիմա սիրում են խոսել իրենց նախկին տառապանքների մասին։ Ինձ ոչ ոք դեն չի՛ նետել, չի՛ նեղել, չի՛ վռնդել։ Ուղղակի կյանքն այդպես դասավորվեց։ Ոչ ոք ձեռնաշղթաներ չի հագցրել ու ստիպել մեկնել, ուղղակի խորհուրդ են տվել։

Այն ժամանակվա վտարանդիների ավանդական ընտանիք՝ կինն աշխատում է, իսկ ամուսինը բազմոցին պառկած Լոխանկինի նման մեծախոսում է, ծրագրեր է կազմում և մտածում ժողովրդավարության ճակատագրի մասին։ Ահա այսպես էի ապրում մի քանի ամիս շարունակ։

Ամերիկայում ես այդպես էլ ո՛չ հարստացա, ո՛չ առաջադիմեցի։ Երեխաներս դժկամորեն ռուսերեն էին խոսում, ես դժկամորեն՝ անգլերեն։

Ես թույլ մարդ եմ։ Ինձանից դժվար թե դիմացկուն «այլախոհ» դուրս գա։

Ինձ չեն հետաքրքրում փաստերը, ես շփոթվում եմ, շատ եմ ստում, չեմ սիրում մանրակրկտություն, աշխույժ չեմ, մի խոսքով՝ լրագրող չեմ, չնայած ողջ կյանքս հենց դրանով եմ գումար աշխատել։ Արտագաղթի ճանապարհը բռնելով՝ ես ինձ համար նոր ժանր հորինեցի։ Քանի որ ծանոթ չէի ամերիկյան կյանքին, լավ տեղեկացված չէի ամերիկյան մամուլից, չէի հետևում ամերիկյան արվեստին, ես արմատավորեցի Ռուսաստանում «Անհեթեթություն» («Взгляд и нечто») կոչվող ժանրը։ Դովլաթովը մեծախոսում է ինչից պատահի։

Ռուսաստանում հաջողությունը միարժեք հասկացություն է։ Այն իր մեջ ներառում է գումարը, փառքը, հարմարավետությունը, հայտնիությունը, մամուլի դրական արձագանքը, պարկեշտ մարդու համբավը և այլն։ Ամերիկայում հաջողությունները կարող են լինել տասը, տասներկուսը, տասնհինգը․․․ Կա շուկայական հաջողություն, հաջողություն համալսարանական դասախոսության շրջանում։ Իմ դեպքն անգլերեն կոչվում է «քրիթիքըլ ըքլեյմ»՝ նկատված քննադատների կողմից (critical acclaim)։

Ի սկզբանե ռուս ազգի ինքնագիտակցության կենտրոնում չի եղել ո՛չ տեխնիկան, ո՛չ առևտուրը, ո՛չ էլ կրոնը, այլ գրականությունը։

Ես վստահ չեմ, որ ինձ գրող եմ համարում։ Ես չէի ցանկանա ինձ պատմող անվանել, դա նույնը չէ։ Գրողը զբաղված է լուրջ խնդիրներով, նա գրում է այն, ինչի համար մարդիկ ապրում են, ինչպես պետք է մարդիկ ապրեն։ Իսկ պատմողը գրում է՝ ինչպես են մարդիկ ապրում։

Որոշ մարդկանց մոտ խալտուրայի և անձնական արվեստի միջև տարբերությունն այնքան էլ նկատելի չէ։ Ինձ մոտ, կարծես, դրանով զբաղված են ուղեղի այլ մասեր։ Եթե ես պատվերով եմ գրում, ապա դա ի սրտե չէ, ինչն էլ, բնականաբար, վատ է։

Ոչ մի գրող ինքնակամ չի թողել իր գրական գործը։ Տեխնիկական ինտելիգենցիայի շրջանում դասալիքները շատ են, իսկ գրողների՝ համարյա թե չկան։

Հիմա ես արդեն մեծ եմ և պարզվեց, որ ինձանից ոչ մի Լև Տոլստոյ, ոչ մի Ֆոլքներ դուրս չեկավ, չնայած ինչ գրում եմ՝ տպագրվում է։ Առաջին պլան են եկել ինչ-որ տարօրինակ բաներ․ պարզվեց, որ ես ընտանիք ունեմ, որ ամուսնությունը ոչ միայն փաստ է, այլև գործողություն։ Պարզվեց, որ երեխաները կապիտալի ներդրում կամ քո խրատների առարկան ու ստորացված էակներ չեն, որոնց չգիտես ինչու պարտավոր ես դաստիարակել՝ լինելով սատանան գիտի, թե ինչ։ Նրանք ինչ-որ աստվածային արարածներ են, որոնցից դու կախում ունես, ովքեր քեզ քննադատում են, և որոնց հետ պետք է ամեն գնով նորմալ մարդկային հարաբերություններ պահպանել։ Դա ամենակարևորն է։

Հեգնանքը անպաշտպանների սիրած, իսկ ամենակարևորը՝ միակ զենքն է։

Ռուս գրողներից միայն Իոսիֆ Բրոդսկին է հասել բացարձակ հաջողության, մնացածը, որպես կանոն՝ ստում են։

Ատրասահամանում ապրող ռուս գրողները շատ հազվադեպ էին անցնում օտար թեմայի։ Նկատեք, նույնիսկ Նաբոկովի մոտ ռուս կերպարները կենդանի են, իսկ արտասահմանցիները՝ պայմանական, դեկորատիվ։ Նրա միակ կենդանի արտասահմանցին Լոլիտան է, բայց բնավորությամբ նա նույնպես սովորական ռուս օրիորդ է։

Ես հասկացա, որ երբեք չեմ գրի Ամերիկայի մասին, երբեք չեմ անցնի անգլերենի։

Կինը ռուս գրողի համար կարող է անել երեք բան։ Նա կարող է կերակրել, ազնվորեն հավատալ նրա հանճարին, և վերջապես՝ հանգիստ թողնել նրան։ Ի դեպ, երրորդը չի բացառում առաջին երկուսին։

Կյանքը կարճ է։ Մարդը միայնակ է։ Հույս ունեմ, որ այս ամենը բավական տխուր է, որպեսզի ես կարողանամ գրականությամբ զբաղվել։

Ես ինքս եմ գրում երեխաներիս համար, որպեսզի իմ մահից հետո նրանք հասկանան, թե ինչ ոսկի հայր են ունեցել։ Եվ վերջապես, միայն այդժամ նրանց անամոթ ամերիկական աչքերից կհոսեն ուշացած զղջման արցունքներ։

Աղբյուր՝ Esquire

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով