fbpx

Պոեզիայի և երաժշտության «երկխոսությունը»

Պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ «Գրանիշ» գրական համայնքի կազմակերպած միջոցառումը տեղի ունեցավ մարտի 21-ին The Club-ում, որում համակցված էր արձակն ու երաժշտությունը։

«Միջոցառման նախապատրաստական աշխատանքները սկսել ենք փետրվար ամսից։ Տեղանքի ընտրությունը կանգնեց հենց The Club-ի վրա, քանի որ այն հասանելի է հանրությանը և հայտնի իր մշակութային իրադարձություններով», – ասաց «Գրանիշ»-ի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը։

Երեկոն իրենց ստեղծագործություններով հարստացրին հայ հասարակությանն արդեն ծանոթ, միմյանցից լիովին տարբեր հեղինակներ՝ Ավագ Եփրեմյանը, Հասմիկ Սիմոնյանը, Ներսես Աթաբեկյանը, Հուսիկ Արան, Կարեն Անտաշյանը, Արփի Ոսկանյանը և Վահե Արսենը։

Միջոցառման կազմակերպման մասին մեզ հետ զրույցում Հակոբյանն ասաց․
– Ընտրել ենք այն բանաստեղծներին, որոնց անվան շուրջ այսօր կառուցվում է ժամանակակից հայ պոեզիան։ Թեպետ միջոցառումը նվիրված է պոեզիայի օրվան, այնուամենայնիվ չցանկացանք կրկնել «1Դրամ»-ի «Շրջանաձև ընթերցանություններ»-ի  ձևաչափը»։

Իրադարձությունն անսովոր ու էլ ավելի գրավիչ դարձրեց պոեզիայի հետ հավասար հնչող երաժշտությունը։ Ամեն հեղինակ ինքն էր ընտրել իր ընթերցանության ժամանակ նվագող երաժշտին ու երաժշտությունը կամ հրաժարվել դրանից։ Իրենց նվագակցությամբ հանդիսատեսին հիացրին դաշնակահարներ Դավիթ Բալասանյանը,  Վարդան Հարությունյանը, թավջութակահար Ալեքս Միրզոյանը, թառահար Միքայել Ոսկանյանը և «Հայասա» խմբի մենակատար Գայանե Ավդալյանը, ով նաև կարդաց իր ստեղծագործություններից մեկը։

Այն հարցին, թե ինչպես է առաջացել պոեզիայի և երաժշտության «երկխոսության» գաղափարը, Հակոբյանը պատասխանեց․
– «Խուսափելով ձևաչափերի կրկնությունից՝ ցանկացանք, որ անպայման երաժշտություն լինի, սակայն առանց պաթետիկ և ետևում հնչող եռաժշտության արհեստական տպավորության։ Այդ պատճառով հրավիրեցինք իմպրովիզ կատարողների»։

Երեկոյի հատուկ հյուրերից էր հայ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով վերջում ներկաներին նվիրեց պոետիկ և երաժշտական կատարում։

Միջոցառումը կայացավ «Գրանիշ» գրական համայնքի՝ հանձին Հասմիկ Հակոբյանի ղեկավարությամբ։ Հատուկ շնորհակալություն հայտնվեց Մշակույթի նախարարությանը, The Club-ին՝ տարածքն անվճար տրամադրելու և «Ազատություն ռադիոկայան»-ին ուղիղ հեռարձակման համար։

Ինչպես հայտնեցին կազմակերպիչները՝ հաջորդ տարի նշվելու է պոեզիայի համաշխարհային օրվա 20 ամյակը, և այս փոքրիկ միջոցառումը կարող է նախատիպը հանդիսանալ հետագայի համար, որում կա ներկաներից յուրաքանչյուրի ներդրումը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով