fbpx

«Մենք կարծես որբերի սերունդներ լինենք», – Ռուզաննա Գրիգորյան | «Որբաքաղաքը» գրքի շնորհանդես

Հուլիսի 23-ին նորաբաց «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ ամերիկահայ արվեստի և մշակույթի պատմաբան Նորա Ներսեսյանի «Որբաքաղաքը» աշխատության հայերեն հրատարակության շնորհանդեսը։

Բնօրինակը թողարկվել էր 2016 թվականին անգլերենով՝ «City of Orphans»։ Այն պատմում է  1919-1931 թվականներում Ալեքսանդրապոլում (ներկայիս Գյումրի) գտնվող աշխարհի խոշորագույն որբանոցի մասին։ Գրելիս՝ հեղինակն օգտվել է ոչ միայն Հայաստանի, այլև ԱՄՆ-ի արխիվային նյութերից։ Նախնական թարգմանությունը կատարվել է Միացյալ Նահանգներում Հասմիկ Հարությունյանի կողմից։

– Երկու տարի առաջ, երբ Նորան առաջարկեց գիրքը թարգմանել, այն ինձ թվաց շատ հետաքրքիր ու կարևոր, սակայն չէի պատկերացնում դրա իսկական արժեքը։ Առերեսվելով ճշմարտությանը՝ հեղինակը քաջագործություն է կատարել, բացաահայտելով որբերի կյանքը՝ բռնելով որբերի կողմը։ Իհարկե քննարկվում են նաև այլ տեսանկյուններից, սակայն հեղինակի մեծ նվաճումն է որբի կյանքը ցույց տալ այնպես, ինչպես եղել է։ Այն ոչ միայն հայերեն թարգմանությունն է, այլև շտկված ու փոփոխված հրատարակությունը, – ասաց Աշոտ Հովհաննիսյանի անվան հումանիտար հետազոտությունների ինստիտուտի նախագահ և «Որբաքաղաքը» գրքի առաջնորդող տեքստի հեղինակ Վարդան Ազատյանը։

Վարդանի հեղինակած ներածությունը փաստում է այն մասին, թե ինչպես է Ներսեսյանն անցել խղճահարությունից անդին, ցույց տվել որբին իր բարդ կյանքով։ Այդպիսով՝ գիրքը հարգանքի տուրք է զրկյալ որբերին։

– Եթե ես նախօրոք իմանայի նյութի այսքան ծանր բովանդակության մասին, հավանաբար կհրաժարվեի աշխատել դրա վրա։ Սակայն երևի բարին էլ դա էր․․․ Եթե գրքի մասին պատմեմ շատ կարճ, ապա այնտեղ նկարագրվում է հետևյալը՝ Թուրքիայից շուրջ երկու հարյուր հազար հայ գաղթական, ահռելի քանակությամբ որբեր, որոնցից մոտ քսանից քառասուն հազարն են գրանցվել որբաքաղաքում, բայց նրանցից երեք անգամ ավելին մահացել են գաղթի ճանապարհին, սարսափելի սով, ֆինանսական ճգնաժամ և սահմանային չլուծված հարցեր, – պատմեց հայերեն վերամշակված հրատարակության ընդհանուր խմբագիր Ռուզաննա Գրիգորյանը։

Գիրքը սկսվում է ներածությամբ, այնուհետև ինստիտուտի կողմից փոքրիկ հատված է, որտեղ նկարագրված են թարգմանական մոտեցումները, քանի որ, ըստ խմբագրի՝ չկար համակարգված բառապաշար և օգտվելով տեղական նյութերից՝ նրանք մշակել են գիտական լեզու։ Այնուհետև Ներսեսյանի հեղինակած տասներկու գլուխներն են՝ դեռևս չհրապարակված լուսանկարներով, որոնց հաջորդում է մոտ տասներեք հազար որբերի տվյալների ցուցակ։ Դրան հաջորդում է արդեն որբաքաղաքի աշխատակիցների նկարներով ցուցակը։ Վերջում ծանոթագրություններն են՝ Նորայի օգտված աղբյուրները։

Անդրադառնալով այդ որբացուցակին՝ Ռուզաննան ասաց․
– Ի դեպ, ընկերներիցս շատերն այդ ցուցակով գտել են իրանց տատիկներին, պապիկներին և հեռավոր ազգականներին։ Իսկապես, այդժամ պատկերացնում ես, թե ինչքան կապ ունի որբությունը մեր իրականության հետ և, ցավալի է, բայց կարծես մենք որբերի սերունդներ լինենք, և կա դրա հետ առերեսվելու հարց»։

Գիրքը  թողարկվել է և՛ փափուկ, և՛ կոշտ կազմերով, ընդհանուր տպաքանակը՝ 350,  սակայն վաճառքի ենթական են միայն 200-ը՝ փափուկ կազմով։

Հեղինակ Նորա Ներսեսյանը շնորհանդեսին ներկա չէր, սակայն Վարդան Ազատյանի խոսքով՝ երկրում կլինի հոկտեմբերին և նրա հետ հանդիպումներ կկզամակերպվեն Երևանի Ազգային գրադարանում և Գյումրիում։

Ուշադրությունը չշեղելով այս գրքի պատմությունից՝ հեղինակը որոշել է էլ ավելի խորանալ դրանում և բացահայտել նոր գաղտնիքներ։ Հայտնի է, որ որբանոցների հիմնադրման առաջին տարիներից սկսած համապատասխան արտաքին տվյալներով հազարավոր երեխաներին տանում էին արտերկիր որդեգրման, ինչը չի վավերացվել, դրա մասին չի պահպանվել որևէ փաստաթուղթ և տեղեկություն։ Հենց այս ամենի պարզաբանմամբ է այժմ զբաղվում Նորա Ներսեսյանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով