fbpx

«Նախկինների խրոնիկան» ֆիլմի պրեմիերա և քննարկում

Հունիսի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Նախկինների խրոնիկան» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Այս անկեղծ կինոնկարը պատմում է երկու զույգերի մասին, որոնք հանդիպում են բաժանումից հետո և անկեղծ հարց ու պատասխանի միջոցով փորձում հասկանալ իրենց բաժանման պարտճառները․․․

Ցուցադրությունից հետո ներկաները քննարկեցին ֆիլմը և հեղինակներ Սոնա Սիմոնյանին և Հովհաննես Իշխանյանին հարցեր ուղղեցին:

Ինչպե՞ս առաջացավ ձեր անձնական կյանքն էկրանավորելու գաղափարը:

– Մի շրջան էր սկսել, երբ շրջապատումս անընդհատ զույգեր էին բաժանվում, ինչը բերեց ինձ այն մտքին, որ Հայաստանում ժամանակակից հարաբերությունների մեջ ինչ-որ խնդիր կա։ Երբ փորձեցի հասկանալ՝ որն է այդ խնդիրը, հասա նրան, որ մեզանից առաջ ավագ սերունդը փորձել է վերջ տալ ստիպողական հարաբերություններին և լինել ավելի ազատ, ինչն էլ հանգեցրել է ժամանակավոր և անկայուն հարաբերությունների։ Այդպես որոշեցի ընտրել մի քանի զույգեր ու նրանց մասին ֆիլմ նկարահանել։ Դիմեցի Սոնային, ով համաձայնեց, և ավելին՝ նույնպես նման միտք ուներ։ (Հովհաննես)

– Ֆիլմի ստեղծման ո՞ր փուլն էր ամենադժվարը։

– Ինձ համար շատ դժվար էին նկարահանումները, որովհտև կային բարդ խոսակցություններ ու լարված պահեր։ Իսկ մոնտաժի փուլն ամենահավեսն էր։ Իրար վրա լավ ղժում էինք։ Մոնտաժը նրանով էր շատ լավ, որ կարողանում ես քեզ կողքից նայել ու հասկանալ, թե ինչ տափակ ես հարաբերություններում ու ինչ ապաշություններ ես խոսում։ (Հովհաննես)

– Ի՞նչ սկզբունքով եք ընտրել տեսարանները։ Ո՞ր կադրերն եք հանել, որը՝ թողել։

– Իհարկե սա շատ սուբյեկտիվ ֆիլմ է, բայց այնպես չենք արել, որ մեզ պաշտպանենք իսկ դիմացինին վատ ձևով ցույց տանք։ Շեշտը դրել ենք նրա վրա, որ առավելագույնս չեզոք լինի, այլ ոչ թե «մենք ենք նկարել, մեզ էլ արդարացնենք» սկզբունքով։ Կադրերը տեղադրել ենք ըստ թեմաների, ըստ խոսակցությունների՝ փորձելով ոչինչ բաց չթողնել, սակայն կոնկրետ սկզբունք չի եղել։ (Սոնա)

– Ի՞նչ սկզբունքով եք ընտրել զույգերին։

– Ընտրել ենք այնպիսի զույգերի, որոնց հարաբերությունները միշտ խնդրահարույց են եղել և բաժանվել են։ Զույգերը սկզբում ավելի շատ էին, մոտ 20 հոգի, սակայն «թավշյա շարժում»-ից հետո ամեն ինչ փոխվեց։ (Հովհաննես)

– Որքա՞ն ժամանակ եք աշխատել ֆիլմի վրա։

– Ինձ այն մի ամբողջ հավերժություն է թվացել․․․ Նկարահանումները տևել են մոտ մեկ ամիս (իհարկե ոչ ամեն օր), մոնտաժը՝ ևս։ (Սոնա)

– Ո՞րն էր հենց ֆիլմ նկարահանելու մոտիվացիան։

– Ես արել եմ այն, ինչ կարողանում եմ, գրել եմ նաև պատմվածք։ Եթե քանդակագործ լինեի, մի հատ էլ քանդակ կսարքեի։ (Հովհաննես)

– Ես միայն ֆիլմ եմ կարողանում նկարել ու մոնտաժ անել․․․(Սոնա)

Հովհաննես Իշխանյանը նաև ստալինյան բռնաճնշումների մասին «Ընտանեկան ալբոմ» ֆիլմի և ԼԳԲՏ համայնքի մասին պատմող «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմի սցենարի հեղինակն է: Իսկ Սոնա Սիմոնյանը նկարահանել է դաունի սինդրոմ ունեցող աղջկա մասին «Նինա» վավերագրական ֆիլմը։ Այժմ աշխատում է իր առաջին երկարամետրաժ ֆիլմի վրա։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով