fbpx

Մշակույթի ոլորտում խնդիրների մեծ մասը պայմանավորված է վատ կրթական համակարգով

«Թավշյա հեղափոխության» հաղթանակից հետո նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նորանշանակ նախարարներն ունեն լուծելու մի շարք խնդիրներ։ Վարչապետի հետ հանդիպման ժամանակ շատ էին հարցերը մշակութային ոլորտում խնդիրների մասին։ Ահա այդ խնդիրների լուծման իրենց տեսլականը Մեդիա Կենտրոնի ասուլիսում երեկ՝ մայիսի 29-ին ներկայացրին գրականագետ Հասմիկ Հակոբյանը, Հովհաննես Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի տնօրեն, բեմադրիչ Ռուբեն Բաբայանը և ճարտարապետ Սաշուր Քալաշյանը։

Ընթերող և գիրք հարաբերակցության ամրապնդման մասին Հասմիկ Հակոբյանն ասաց․ «Այս ոլորտում տեսնում եմ երկու խնդիր․ մեկը՝ ընթերցողների, սպառողների պակասն է, մյուսը՝ գրողների սակավ վինանսավորումը։ Հայաստանի ներկայիս պայմաններում մենք գրողին չենք կարողանում իր ստեղծածի դիմաց համապատասխան ֆինանսներով ապահովել։ Ընթերցողների ավելացման հարցում մեծ դեր պետք է խաղա կրթությունն ու դպրոցը։ Տարիներ շարունակ մենք բարձրաձայնում ենք դպրոցներում հատկապես ժամանակակից գրականության ներկայացման հարցը։ Դպրոցական ծրագրերը վատն են,որոնք աշակերտի մոտ ցանկություն չեն առաջացնում կարդալ ժամանակակից հայ գրականություն, իսկ դասական գրականությունը պետք է ներկայացնել նորովի։ Մենք չենք կարող Մշակութի նախարարության առաջ պահանջներ դնել և դրանց բավարարումը ստանալ, եթե կրթության նախարարությունը կրթական ծրագրերում հստակ փոփոխություններ չկատարի։

Գրականագետը կարծում է, որ կարդացած մարդը պետք է լինի գնահատված ղեկավարության կողմից և այս հեղափոխական մթնոլորտում նկատվեցին շատ կարևոր միտումներ դեպի գրականությունը։ Կարծես հենց կարդացած ու ինտելեկտուալ մարդիկ արեցին թավշյա հեղափոխությունը, և այդ թևը պետք է պահել, զարգացնել։ Առայժմ կան միայն դրական առաջխաղացումներ նոր կառավարությունից, որը պիտի շարունակվի։

Ռուբեն Բաբայանին ուղղված հարցին՝ ինչպես ստեղծել և պահպանել մշակույթի ու հասարակության միջև անմիջական կապ, բեմադրիչը պատասխանեց․ «Հասարակության մշակութացման գաղափարախոսությունը շատ դրական է։ Մշակույթը քաղաքակիրթ հասարակութուն ստեղծելու կարևորագույն գործոնն է։

Ինչ վերաբերում է մեր՝ թատերական ոլորտի խնդիրներին, ապա այստեղ վերջին 30 տարիներին ոչ մի բարեփոխում չի արվել։ Խնդիրը նրանում է, որ արվեստի որևէ ճյուղ չպետք է կախված լինի «չինովնիկի» բարի կամքից և անհատական ճաշակից։ Կան հովանավորներ գտնելու և ֆինանսավորման խնդիրներ։ Կարծում եմ՝ մշակույթը պետք է կապել կրթության հետ, իսկ մեզ մոտ չկա մշակութային կրթություն։ Կա աշխատանքի շատ մեծ դաշտ, որով զբաղվելը ժամանակ է պահանջում»։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այլևս ոչ մի հուշարձան չի քանդվի, գործողություններն այդ ուղղությամբ լինելու են միայն վերականգնողական։ Սաշուր Քալաշյանն հայ ժամանակակից ճարտարապետության մասին ասաց․ «Այսօրվա վիճակն այդ ասպարեզում տխուր է։ Ի տարբերություն մշակույթի և արվեստի մյուս ճյուղերի, որտեղ խնդիրներն ավելի կազմակերպչական են, ճարտարապետությունը ղեկավարվում է օրենսդրական դաշտով։ Մեզ մոտ այդ օրենսդրական դաշտը կա, սակայն տեսանք, թե վերջին տարիներին ինչ ճակատագրի արժանացան ցայտող արժեքները»։

Ինչպես ասում են հյուրերը՝ այնպես չէ նախկինում եղել են վատ մշակույթի նախարարներ, ուղղակի պետք է գործել, ետ վերադարձնել իրավասությունները։ Շտկելու և լուծելու շատ խնդիրներ կան, որոնց համար ժամանակ է անհրաժեշտ, մնում է սպասել և տեսնել։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով