fbpx

«Մեր երկրով զարմացնելու ոչինչ չունենք», – Էդգար Կոստանդյան | Գրքի շնորհանդես

Էդգար Կոստանդյանի նոր «Սովորական երկիր» գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ապրիլի 5-ին Էոնում։

Հեղինակը նախկինում արժանացել է գրական միջազգային մրցանակների։ Նրա պիեսները բեմադրվել են տարբեր երկրներում, իսկ գրքերը՝ թարգմանվել տարբեր լեզուներով։ Էդգարը հայտնի է դարձել 2013 թվականին լույս տեսած իր «Որբանոց» գրքով, որը կարճ ժամանակում աղմուկ բարձրացրեց և դարձավ բեսթսելլեր։

«Ներեցեք», «Ձմռան վերջին օրը» և «Կուկու» գրքերի հեղինակն այս անգամ հանրությանը ներկայացրեց իր «Սովորական երկիր» վիպակը։

«Այս գիրքն ընթերցելիս մեզ ուղեկցում է մի մեղեդի, ինչի պատճառով գուցե Կոստանդյանի կոշտ գրչին սովոր ընթերցողների համար նախաբանը մի քիչ տարօրինակ թվա», – բացման խոսքը սկսեց «Բուկինիստ»-ի ներկայացուցիչը։

Մեզ հետ զրույցում Էդգար Կոստանդյանը մի փոքր պատմեց գրքի մասին․
– Գիրքը մի շատ սովորական երկրի մասին է, որը ոչ մեկից ոչ լավն է, ոչ՝ վատը։ Մեր երկրով զարմացնելու որևէ բան չունենք, աշխարհին ոչ մի նոր բան չենք ասում։ Ընդամենը նրա մասին է, որ մենք ոչ ոքի նկատմամբ առավելություն չունենք։ Մեզ կապիկի տեղ չդնենք, նորմալ ապրենք, և վաղը ամեն ինչ կարող է ավելի լավ լինել։

Շնորհանդեսին հնչած «Որբանոց»-ը դարձավ «Սովորական երկիր» արտահայտությունը գրողը մեկնաբանեց այսպես․
– Մի գուցե ընթերցողները որևէ կապ տեսնեն այդ երկու գրքերի մեջ, բայց ես այդ կապը չեմ տեսնում։ Այնուամենայնիվ, երկուսն էլ նույնն են․․․։

Վեպը գրվել է շուրջ մեկուկես տարի։ Գրքի նախնական տարբերակը ենթարկվել է վերախմբագրման և ստացել այսօրվա իր վերջնական տեսքը։

Շնորհանդեսը կազմակերպվել էր «Բուկինիստ» գրախանութի ցանցի և հրատարակչության կողմից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով