fbpx

«Հավանաբար ես» | Գարիկ Մանուկյան

Նոր Հայաստան, նոր մշակույթ, նոր արվեստ․․․ Հուլիսի 20-ին Երևանում գտնվող Գալա Արտ ցուցասրահում (Gala Art Gallery) մեկնարկել է «Հավանաբար ես» (Probably me) խորագրով ցուցահանդեսը, որում ցուցադրված են հայ անվանի երկու գեղանկարիչներ Գարիկ Մանուկյանի և Արթուր Շարաֆյանի աշխատանքները։

Գարիկ Մանուկյանը ծնվել է 1958 թվականին Գյումրիում։

Առաջատար այն գեղանկարիչներից է, ով լուրջ ներդրում ունի հայկական ժամանակակակից կերպարվեստի զարգացման գործում։ Նա հատկապես հայտնի է որպես ժամանակակից էքսպրեսիոնիզմի և սյուրռեալիզմի ներկայացուցիչ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։

Գարիկ Մանուկյանի կտավներում հաճախ ներկայացվում է հասարակ մարդն իր պարզունակ թվացող սովորույթներով։ Կտավներում  գերիշխող դեր է խաղում մերթ հազիվ նկատելի, մերթ կենտրոնական դերակատարում ունեցող մեծ անիվը, որն ամեն գնով շարունակվող կյանքի խորհրդանիշն է և որի շուրջը մարդն է, ով որոնում է իր տեղն ու դերը, իր անելիքն ու ասելիքը կյանքում։

Մանուկյանի վաղ շրջանի կտավներում գույները շատ վառ են ու բազմազան, գերակշռում է քրիստոնեական տրամադրությունը՝  սրբապատկերներ, երրորդության խորհուրդը, իսկ ամբողջ կտավը բաժանված է վանդակների։

Ինչպես երևում է նկարչի վերջին շրջանի ստեղծագործություններում, այստեղ նկատվում է ձեռագրի կայունացում, բաժանված վանդակներին փոխարինում է մի ամբողջ միջավայր, ամեն ինչ դառնում է միատոն, փոխվում են նաև խորհրդանիշներն ու մարդկանց դեմքերը։

Մանուկյանը կարծես մեզ տեղափոխում է նույն աշխարհի տարբեր ժամանակաշրջաններ, որտեղ գործող անձինք նույնն են՝ մեծ քթերով մարդիկ, աքաղաքը կամ մեկ այլ կենդանի։ Այդ կենդանիները պատկերված են կա՛մ առանձին՝ ընդգծելով  նրանց անկախությունը մարդկանցից, կա՛մ մարդկանց ձեռքերում՝ ընդգծելով նրանց հոգատարությունը կենդանիների նկատմամբ։

Այո, հեղինակը շատ լավ է տիրապետում «սյուրռեալիզմ» կոչվող արվեստի միջոցին, և նրա ստեղծած տրամադրությունը հիշեցնում է Դալիին։

Արվեստի պրոֆեսոր Գարիկ Մանուկյանը նաև Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենն է։

Նա իր աշխատանքներով մասնակցել է միջազգային մի քանի տասնյակ ցուցահանդեսների, որտեղ նրա ստեղծագործությունները գրավել են արվեստի ամենաբծախնդիր հավաքորդների ուշադրությունը։

Գարիկ Մանուկյանի աշխատանքները պահպանվում են բազմաթիվ անհատական հավաքածուներում, ինչպես նաև Հայաստանի և Իրանի ժամանակակից արվեստի թանգարաններում։

Ցուցադրությունը շարունակվելու է մինչև հուլիսի 30-ը, մուտքն ազատ է։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով