fbpx

Հանդիպում գրող Նարինե Աբգարյանի հետ

Ապրիլի 13-ին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան էր այցելել հայ հայտնի գրող Նարինե Աբգարյանը։

«Նարինեն գրող է, ում հաջորդ գրքերը նախորդից ավելի լավն են։ Նրա «Շարունակել ապրել» գիրքը վերջին տարիներին կարդացած ամենածանր գիրքն է, որը կարծես հոմերոսյան ազգային փոքրիկ էպոս լինի մեր վերապրած պատերազմի մասին։ Պատերազմը միշտ պարտություն է, որին մենք պատասխանում ենք գրքերով ու տաղանդով, և ես այսօր ուրախ եմ, որ մենք ունենք այսպիսի պատասխան», – հյուրին ներկայացրեց հանդիպման կազմակերպիչ, ՀՌՀ համաշխարային գրականության ամբիոնի վարիչ Լիլիթ Մելիքսեթյանը։

Իր նոր «Շարունակել ապրել» գրքում Նարինեն ցանկանում էր ներառել 40 կարճ պատմվածք պատերազմի ականատես եղած տարբեր բնակիչների մասին։ Սակայն ընթացքում նկատել է որքան ծանր գործ է և սահմանափակվել է 30 պատմությունով։

«Պատերազմի թեմային այլևս չեմ ցանկանա վերադառնալ, այդ պատճառով այժմ մտածում եմ գրել որևէ կատակերգական ստեղծագործություն՝ հավասարակշռությունը պահպանելու համար», – հավելեց գրողը։

Հյուրը շնորհակալություն հայտնեց հայ ընթերցողներին, ովքեր գրեթե 2 ամսում գնել էին «Մանյույա»-ի ամբողջ տպաքանակը։ Վաճառքներից ստացված 2,700,000 դրամը բարեգործության նպատակով կփոխանցվի սահմանապահ գյուղերից կամ ընտանիքներից մեկին:

Այն հարցին, թե ստացել է իր ստեղծագործություններն էկրանավորելու առաջարկներ և արդյոք չի վախենում դրանցից, Նարինեն պատասխանեց․
– Իհարկե գրածդ փչացնելու վախը միշտ կա։ Առաջարկներ ստացել եմ և ստանում եմ։ Իմ ամենամեծ հպարտությունն այն է, որ այս տարվա վերջին կլինի «Մանյույա»-ի թատերական ներկայացումը Ռուսական ակադեմիական երիտասարտական թատրոնում։ Սցենարի հեղինակը Ռուզաննա Մովսիսյանն է։ Նկարահանվում է նաև հեռուստասերիալ «Մանյույա»-ի հիման վրա, որտեղ գործողությունները տեղի կունենան մեծ հայ համայնքով ռուսական գյուղում։ Եթե առաջին սերիան հաջողվի, կնկարահանվի նաև շարունակությունը։

Հայտնի դարձավ նաև, որ այժմ անգլերեն են թարգմանվում «Երկնքից ընկավ երեք խնձոր» գիրքը և առաջարկ է ստացվել նաև թարգմանելու «Մանյույա»-ն։

Ռուսաստանում ապրող և ստեղծագործող Նարինե Աբգարյանը հայտնի է դարձել 2010 թվականին լույս տեսած իր «Մանյունյա» գրքով, որի համար արժանացել է «Տարվա ձեռագիր» Ռուսաստանի ազգային գրական մրցանակի։ Հեղինակի գրչին են պատկանում նաև «Երկնքից ընկավ երեք խնձոր», «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» և մի քանի այլ վեպեր։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով