fbpx

Հեղինակի աթոռին է Համբարձում Համբարձումյանը

Արդեն ավանդական դարձած «Հեղինակի աթոռ» միջոցառումը, որի այս անգամվա հյուրն էր գրող Համբարձում Համբարձումյանը, տեղի ունեցավ մարտի 17-ին Իլիկում։

Որպես բացման խոսք գրողը շնորհակալություն հայտնեց ներկաներին և ներողություն խնդրեց, քանի որ, ըստ իրեն՝ լավ չի կարդում։

Համբարձումն ընթերցանությունը սկսեց «Շենգավիթյան շարք»«Կորեական դելիկատես» պատմվածքով։ Ավարտելուց հետո ներկաների հետ զրույցում պարզվեց, որ պատմվածքը գրված է իրական փաստերի հիման վրա՝ նրա շանը կերել են։

Այն հարցին, թե ինչու է պատվածքների ժողովածուն՝ «Շենգավիթյան շարք»-ը կոչել այդպես, հեղինակը պատասխանեց․
– Մանկությունս անցկացրել եմ այնտեղ՝ այդ բանվորագյուղական թաղամասում և վերհիշելով անցյալը՝ գրել մի քանի պատվածքներ այդ թեմայով»։ Ի դեպ նշված շարքը հաղթել է «Երևանյան գրքի փառատոնի» առաջին մրցանակը և շուտով լույս կտեսնի տպագիր գրքի տեսքով։

Հաջորդիվ գրողը կարդաց ինչպես ինքն է ասում՝ իր գեղարվեստական գովազդներերից կամ կոմերցիոն գրականության շարքից մի պատմվածք Ջազվե սրճարանի մասին։ Նա ասաց, որ նմանատիպ աշխատանքներ կատարել է տարիներ առաջ գումար աշխատելու համար։

Անցում կատարելով դեպի այն ժամանակաշրջանը, երբ հյուրը աշխատելով լրագրող, ազատ ժամանակ պաստառների լոզունգների հիման վրա գրում էր պատմվածքներ, գրող Համբարձումյանը կարդաց իր «Նախագահը» ստեղծագործությունը, որը տպագրվել էր «Հայկական ժամանակ» թերթում։ Նա կարծում է, որ այդպիսով ստեղծել է մի նոր՝ պաստառ-պատվածք ժանր։

– Նախկինում շատ հաճախ եմ տպագրվել օրաթերթերում, և չնայած նրան, որ լսարանը քիչ էր իսկ գրականությունը՝ ոչ ակտուալ, այնուամենայնիվ մարդիկ ունեին դրա պահանջը, կարդում էին, – պատմեց Համբարձումն իր «Էդ գիշեր» պատվածքի մասին զրուցելիս։ Ի դեպ այն հեղինակի առաջին պատմվածքն էր, որը միանգամից արձագանք գտավ ոչ միայն ընթերցողների, այլ նաև տարբեր գրողների շրջանում։

Միջոցառումն ավարտվեց քաղաքական թեմայով գրված ևս մեկ՝ «Սերժիկ, հեռացի՛ր» պատմվածքի ընթերցանությամբ։

Մեզ հետ ցրույցում Համբարձումն ասաց, որ այժմ ընթացքի մեջ են մեկ կիսատ վեպ ու վիպակ, որոնց վրա աշխատում է ազատ ժամանակ և հույս ունի, որ հենց այս տարի էլ կավարտի։

Հեղինակն առաջին անգամ էր համագործակցում 1Դրամի հետ և իր խոսքով՝ շատ հաճելի էր։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով