fbpx

«Կանաչ Մղոն» | Սթիվեն Քինգ

Սթիվեն Քինգ, անուն, որը հայտնի է շատ-շատերին։ Մարդ, ով համարվում է ժամանակակից գրականության ամենաազդեցիկ ու հայտնի հեղինակներից մեկը և կրում «Սարսափի արքա» անսովոր տիտղոսը: Նա գրել է 54 վեպ, բազմաթիվ պատմվածքներ, որոնք վաճառվելով ավելի քան 350 միլիոն օրինակով՝ դարձել են բեսթսելլերներ ամբողջ աշխարհում:

Ամերիկացի այս գրողի հաջողությունները նշանակալի են ոչ միայն գրականությունում, այլ նաև կինոյում: Նրա աշխատություններն էկրանավորվում և ադապտացվում են անցյալ դարի 70-ական թվականներից: Քինգի «Կանաչ մղոնը» վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմն ըստ կինոքննադատների և դիտորդների՝ լավագույններից է կինոյի պատմության մեջ: Սակայն արդյո՞ք բնօրինակը` գիրքը, նույնքան ազդեցիկ է, որքան ներկայացնում են, կպարզենք ստորև:

Գրքի վեց գլուխները հրատարակվել են առանձին գրքերի տեսքով 1996 թվականի մարտ-օգոստոս ամիսներին, ինչն էլ հենց ամբողջական վեպի առաջին թերությունն է։ Կարդալը ոչ միայն հաճելի չէ, այլև շփոթմունք է առաջացնում ընթերցողի մոտ։ Այդ վեց մասերը սկսում ու ավարտվում են իրարից անկախ, և սյուժետային շղթան չկորցնելու համար հեղինակը մի քանի էջ կրկնում է նախորդ գլխի վերջաբանը։ Ամբողջական տարբերակով գիրքն ունի վերահրատարակման կարիք։

Պետք է նշել, որ Քինգը մշտապես անհանգստանում է իր հավատարիմ (և ոչ միայն) ընթերցողների համար՝ գրքի նախաբանը նվիրելով նրանց և ամենայն մանրամասնությամբ ներկայացնելով գրման պատմությունն ու մտահղացումը։ Կարդալիս չի մնում ոչ մի անհասնակալիություն, ամեն ինչ մտածված է, սակայն այս դեպքում մանրամասնությունների գերակշռությունը հարաբերականերով անիմաստ է, ձանձրացնում ու դանդաղեցնում են կարդալու ընթացքը։

Ստեղծագործությունը սկսվում է «Սառը լեռ» բանտի և դրանում «ապրող» գլխավոր հերոսի՝ էլեկտրական աթոռի սարսուռ առաջացնող նկարագրությամբ։ Որից հետո հեղինակը պատմում է 1932 թվականին այդ բանտում հայտնված չարագործ-հանցագործի՝ հսկա սևամորթ Ջոն Քոֆիի մասին, ով, ըստ ոստիկանության և ականատեսների ցուցմունքների՝ բռնաբարել և սպանել է Դետտերիկների ընտանիքի մանկահասակ դստրերին։

Այս ամենը, քույրերի առևանգումն ու հետագա զարգացումները կարդացվում են առավելագույն հետաքրքրությամբ, սակայն Քինգը Քոֆիի պատմության մանրամասները ներկայացնում է վերջին գլխում՝ այդպիսով ժամանակին սեփականաշնորհելով ընթերողին։

Այսպես, երկրորդից հինգերորդ գլուխները «առաջ են գնում» բավականին դանդաղ ու անհետաքրքիր, սյուժեն մակերեսային է և վերջում չի էլ արդարացնում սպասելիքները։ Նշված գլուխներում պատմվում է բանտային կյանքի, աշխատակիցների, նրանց փոխհարաբերությունների և խնդիրների մասին։

Չի կարելի չնշել Միստեր Ջինգլես մկանը, որը հայտնվում է Դելակրուա անունով բանտարկյալի խցում, ով էլ կենդանուն հետաքրքիր հնարքներ է սովորեցնում։ Սակայն այս մկան մասին մանրամասնությունները այնքան շատ են, որ նույնիսկ կարելի է ասել կազմում են գրքի կեսը։

Ինչ վերաբերում է «չարագործ» Քոֆիին, նա օժտված է գերբնական ուժով՝ վերակենդանացնում է մեռածներին, ինչն էլ շրջադարձային դեր է խաղում վեպում։ Ի դեպ բանտի հսկիչների նրա հանդեպ դրական վերաբերմունքը գնալով դառնում է ընկերական։

Հետաքրքիր են նաև բանտի աշխատակիցների կերպարները և նրանց անձնական, հոգեկան ու հատկապես կենցաղային խնդիրները, որոնց ծավալուն ու հոգեհարազատ նկարագրությունները շատ լավ են ստացվում գրողի մոտ։ Նման հնարքով Քինգը կարողանում է ազատ կապ հաստատել ըթերցողի հետ։

Վերջին գլխում բանտի գլխավոր հսկչի՝ Փոլ Էջքոմփի (ով, ի դեպ, գրքի գլխավոր հերոսն է) մոտ առաջանում են կասկածներ, որ այդ բարի ու անմեղ էակը, ինչպիսին հսկա Քոֆին է, չի կարող մարդ սպանել, առավել ևս անմեղ երեխաների։ Չեք էլ պատկերացնի, թե ինչքան արագ են բոլոր աշխատակիցներն ու Էջքոմփի կինը սեղանի շուրջ խոսակցության ժամանակ գլխի ընկնում դրա մասին և նույնիսկ գտնում իսկական մարդասպանին, ով նույնպես այդ ժամանակ «Սառը լեռ» բանտում էր և սպասում էր իր մոտալուտ մահվանը։
Ընդամենը մի քանի էջում է նկարագրվում Դետտերիկ քույրիկների մարդասպանի անցյալը, սպանության դրդապատճառն ու հետևանքները։

Այսպիսի լարված նախաբանով գրքի հանգուցալուծումը դառնում է այն, որ Ջոն Քոֆին պետք է փրկի բանտապետի քաղցկեղով հիվանդ կնոջը, ում կյանքին մի քանի օր է մնացել։ Նրան բանտից դուրս հանելու և վերադարձնելու ճանապարհը լարված է, իսկ  բանտապետի սառն արձագանքը՝ զարմանալի։ Կարևոր պահերն այս գրքում շատ արագ են ընթանում՝ այդպիսով իսկ կորցնելով ողջ ադեցությունը։ Քոֆին փրկում է մահամերձ կնոջը, իսկ ինքը՝ մահանում էլեկտրական աթոռին։

Տպավորություն է, կարծես Քինգը դեռ երկար ժամանակ ցանկացել է գրել պատմություն բանտային կյանքի մասին, սակայն ընթացքում նոր մտածել է, թե ինչ անի դրա հետ։

Ինչևէ, բնօրինակ լեզվով 591 էջից բաղկացած այս մեծ վեպը ներկայացնել մեկ վերլուծության մեջ հնարավոր չէ, սակայն պետք է նշել, որ այստեղ բաց թողնված տեսարաններն ու դեպքերը նույնպես շատ հետաքրքիր և սարսափելի են։
Սթիվեն Քինգին բնորոշ կողմերից է իր լավ ու վատ, չար ու բարի հերոսներին դնել այնպիսի վախ ներշնչող, զզվելի ու միաժամանակ ամենօրյա դարձած դեպքերում, որ անկախ կերպարից ընթերցողը սկսում է անհանգստանալ նրա համար։ Հենց դրա համար էլ նա համարվում է «Սարսափի արքա»։

Այս վեպում հեղինակը խոսում է տարբեր խնդիրների ու արատների՝ ռասիզմի, մարդկային կյանքի թշվառության, ամենուրեք տիրող անարդարության և կյանքի ու մահվան սահմանների այդքան մոտ գտնվելու մասին։

«Մենք բոլորս դատապարտված ենք մահվան, բոլորս առանց բացառության, ես գիտեմ, բայց, օ՜, Աստված, երբեմն Կանաչ մղոնն այնքան երկար է»։
Այսպես է ավարտում Սթիվեն Քինգն իր վեպը։ Տողերը բացատրվում են հետևյալ կերպ՝ «Սառը լեռան» միջանցքների հատակը ծածված է կանաչ խալիով, որի վրայով դատապարտյալները գնում են այն սենյակ, որտեղ էլ էլեկտրական հին աթոռը զբաղվում է նրանց կյանքի դատաստանով։ Այստեղից էլ պարզ է դառնում վեպի վերնագրի ընտրությունը, դրա բացատրությունն ու սիմվոլիկան։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով