fbpx

«Մի պահ ուզում եմ գիրք ունենամ, մի պահ էլ՝ ոչ։ Շատ ժամանակ մտածում եմ՝ իսկ ու՞մ է պետք», – Արամ Թարվերդյան

Արամ Թարվերդյան՝ բանաստեղծ, 2017 թվականի Երևանյան գրքի փառատոնի չափածո անվանակարգում երրորդ հաղթող։ Հեղինակն ակտիվ համագործակվում է 1Դրամ-ի հետ և մի քանի անգամ մասնակցել «Շրաջանաձև ընթերցանություն»-ներին։

Գրողի հետ զրույցի թեման գրականություն մուտք գործելու իր պատմությունն է։

– Ե՞րբ եք սկսել գրել։

– Գրել սկսել եմ 17 տարեկանից, բայց շատ մեծ դադար է եղել։ Մոտավորապես չորս-հինգ տարի ոչինչ չեմ գրել։ Վերսկսեցի արդեն քսանվեց-քսանյոթ տարեկանում։

– Ի՞նչ էիք անում ձեր գրածները։

– Գրածներս ուղղակի մնում էին թղթի վրա։ Տարիներ անց անդրադառնալով դրանց՝ հասկացա, թե ինչքան վատ եմ գրել ու փորձեցի կատարելագործվել։

– Ո՞ւմ հետ էիք կիսվում գրածներով։

– Այն ժամանակ դեռ 2003-2004 թվականներն էին, և սոցցանցեր դեռ չկային, համացանցը նույնպես տարածված չէր։ Կիսվելու հնարավորություն կար միայն տանեցիների ու ընկերների հետ։

– Որտե՞ղ եք առաջին անգամ տպագրվել։

– Առաջին անգամ տպագրվել եմ «Անդին» ամսագրում, հետո «Գրանիշ»-ում, «Գրեթերթ»-ում, «Գրական Թերթ»-ում։

– Դու՞ք եք կապ հաստատել հրատարակչությունների հետ, թե՞ նրանք ձեզ։

– Ինձ համար սկզբունքային է, որ ես ոչ ոքի չառաջարկեմ իմ գործերը կարդալ կամ տպագրել։ Այսինքն պահանջարկը պետք է լինի կողքից։

Օրինակ՝ Վիեննայի «Edition art science» հրատարակչության և ավստրիացի բանաստեղծուհի Ռեգինա Հիլբերի նախաձեռնությամբ անցյալ տարի հրատարակության էր պատրաստվում հայ արդի քնարերգության երկլեզու անթոլոգիա։ Նրանց հայտարարած մրցույթի հաղթողների շարքում նաև ես էի, և իմ մի քանի բանաստեղծությունները գերմաներով տեղ են գտել այդ գրքում։ Իսկ գրքի շնորհանդեսը սպասվում է այս տարի։ Շատ եմ պասում այն պահին, երբ գրածս տեքստերը պետք է գերմաներով տեսնեմ։

– Ինչպիսի՞ արձագանքներ ստացաք և ինչ ազդեցություն ունեցան դրանք ձեզ վրա։

– Արձագանքներին չեմ հետևում։ Շատ դեպքերում հնարավորություն էլ չկա հետևելու․ մարդիկ գնում են ամսագիրը, կարդում ու վերջ, փոխադարձ կապ չկա։ Իհարկե մի քանի գրողներ, գրականության մարդիկ կարծիքներ հայտնել են։ Կոնկրետ ինձ են հասել դրականները, բայց վստահ եմ՝ բացասականները նույնպես շատ կան։

Եթե արձագանք է ստացվում հասկացող մարդկանց կողմից, ապա դրանց անդրադառնալը անհրաժեշտ է։ Իսկ եթե որևէ չհասկացող մեկից է՝ ուշադրություն չեմ դարձնում։

– Ինչո՞վ է պայմանավորված ձեր ստեղծագործություններում ստորջրյա աշխարհի սիմվոլիկան։

– Այդ ամենը արհեստական չէ։ Դրանք գալիս են այն պայմաններից, որտեղ ես ապրում եմ՝ Սևանից, ուստի ավելի շատ եմ օգտագործել ջրի հետ կապված բառամթերքը։

Սևանի սիմվոլիկան հետ է տանում դեպի առանձնացում, օգնում է ազատվել ավելորդություններից և խանգարող բաներից, ինչպիսին օրինակ քաղաքի աղմուկն է։

– Այժմ ընթացքի մեջ նոր աշխատանքներ կա՞ն։

– Որևէ մեծ գործ չեմ անում։ Շարունակում եմ գրել բանաստեղծություններ, որոնք ընթացքում չեն լինում, այլ ուղղակի նստում եմ ու գրում։ Գլխումս պտտվող շատ մտքեր ունեմ, սակայն իրավաբանական աշխատանքի հետ շատ դժվար է համատեղել դրանց իրականացումը։

– Ինչպե՞ս է անդրադառնում իրավաբանի աշխատանքը ձեր պոեզիայի վրա։

– Նախ մտածողությունս է ուրիշ։ Իհարկե կարդացած օրենքները պոեզիայի վրա չեն ազդում, բայց իրավաբանական մտածելակերպը, հստակությունն ու կառուցվածքայնությունը ամեն դեպքում արտացոլվում են բանաստեղծություններիս մեջ։

– Հետագայում կցանկանա՞ք ստեղծագործել այլ ժանրերում։

– Երկար ժամանակ մտածել եմ, որ արձակն իմը չէ և չեմ կարող լավ գրել։ Վերջերս հետաքրքրություն է առաջացել էսսեիստիկայի հանդեպ։ Մոտակա ժամանակներս նմանատիպ բաներ չեմ գրի, բայց հետագայում՝ շատ հնարավոր է։

– Գիրք տպագրելու՞ եք։

– Մի պահ ուզում եմ գիրք ունենամ, մի պահ էլ՝ ոչ։ Շատ ժամանակ մտածում եմ՝ իսկ ու՞մ է պետք։ Շնորհանդես պիտի լինի, վեր կենաս կարդաս, քեզ իբրև թե լավ բաներ ասեն… Ուզում եմ տանն իմ գիրքն ունենալ: Չկա այդ ամենի համար մասշտաբ, ինչի պատճառով էլ չկա ցանկություն դրա մեջ թաթախվելու։

– Վերջում ի՞նչ կցանկանաք ավելացնել։

– Մերժի՛ր Սերժին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով