fbpx

«Մտքերս չափածո են», – Անահիտ Ղազախեցյան

Անահիտ Ղազախեցյան՝ բանաստեղծ, «Գրանիշ» կայքի 2017 թվականի տարվա հայտնություն։

1Դրամի հետ զրույցում երիտասարդ գրողը պատմում է իր առաջին քայլերի և հաջողությունների մասին։

Ե՞րբ եք կատարել ձեր առաջին լուրջ քայլերը պոեզիայում։

– Առաջին փորձերը պոեզիայում ավելի ուշ են եղել քան արձակում։ Սկզբում ինչ-որ շարադրություններ ու էսսեներ էի գրում, մասնակցում մրցույթների։ Հետո հասակացա, որ միտքս միանգամից չափածո է ձևավորվում ու հիմնականում ազատ բանաստեղծության տեսքով։ Պոեզիայում առաջին լուրջ քայլերս կատարել եմ «Փազլ» բանաստեղծությամբ, որը գրել եմ 2 տարի առաջ, 16 տարեկանում։

– Ինչու՞ եք բանաստեղծությունը կոչել «Փազլ»։

– Բանաստեղծությունը գրելուց հետո հասկացա, որ եթե այն բաժանվի երկու մասի և տողերը մտցվի իրար մեջ, կդառնա մեկ բանաստեղծություն, բայց կկարդացվի ավելի հեշտ։ «Փազլ»-ը բավականին խառն է, ինչի պատճառով էլ ես այն համարում եմ կարդալու, այլ ոչ թե լսելու պոեզիա։

 

– Ու՞մ հետ առաջինը կիսվեցիք գրածով։

– Առաջինը կիսվել եմ մոտ ընկերներիցս մեկի հետ, ում շատ դուր եկավ, հետո արդեն դպրոցում՝ ուսուցիչների հետ, մյուս ընկերներիս։ Միակ հասանելի հարթակը, որտեղ այդ ժամանակ կարող էի դրսևորվել պատանի թղթակիցների 17․am կայքն էր, որտեղ էլ առաջին անգամ հրապարակվել է «Փազլը»։

– Ո՞րն էր բանաստեղծության հետ կապված հետագա քայլը։

– Ես մի էսսե էի գրել «Կներեմ Հայաստան» վերնագրով, որը կարդացել էր Վանաձորի գրողների միության նախագահն ու զանգել ինձ, ասելով, եթե ունեմ ուրիշ աշխատանքներ, ապա ներկայացնեմ իրենց։ Տարա ընդամենը երեք բանաստեղծություն, որոնք էլ տպագրվեցին «Երկունք» թերթում։

– Ինքնե՞րդ եք կապ հաստատել խմբագրությունների հետ, թե՞ իրենք են ձեզ գտել։

– Բացի «Գարուն» ամսագրից մնացածն իրենք են բանաստեղծություններս տպագրելու ցանկություն հայտնել. խոսքս տպագիր մամուլի մասին է։։ Իսկ «Գարուն»-ը սիրել եմ դեռ շատ վաղուց, երազում էի այնտեղ տպագրվելու մասին։ Գլխավոր խմբագրին գրեցի, ցանկություն հայտնեցի այնտեղ հրապարակվելու, և , փաստորեն, ստացվեց։

 

– Արդյո՞ք բոլորի կարծիքները դրական էին, թե կային նաև բացասականները։

– Մեծամասնությունը դրական կարծիքներ էր արտահայտում, սակայն քննադատություններ նույնպես շատ են եղել։ Ասում էին, որ գրածս դեռ պոեզիա չէ։

– Սպասու՞մ էիք նման հաջողության։

– Ընդհանրապես։ Դիմեցի «Գրանիշ» կայքին, որը մեկ ամիս հետո հրապարակեց իմ առաջին շարքը, որը նույնպես «Փազլ» է կոչվում։ Նունն տարում դարձա կայքի «Տարվա հայտնությունը»։

– Ի՞նչ ազդեցություն թողեցին ձեռք բերված հաջողությունները ստեղծագործական հետագա քայլերի վրա։

– Իհարկե շատ հաճելի է ստանալ տարբեր արձագանքներ, ճանաչվել շատերի կողմից։ Ամեն շարքի լույս տեսնելուց հետո գրում են անծանոթ մարդիկ, ասում, որ կարդացել ու շատ են հավանել։ Շատ ոգևորիչ էր, երբ բանաստեղծ Հուսիկ Արան գրել էր ինձ՝ դու բանաստեղծ ես, շարունակիր․․․ Բայց անկախ ամեն ինչից ես շարունակելու եմ գրել, քանի որ այն նման է հաց ուտելուն, ջուր խմելուն, ապրելու համար որևէ առօրյա գործողության ։

«Գրանիշ»-ում հրապարկվում է բանաստեղծական երկրորդ շարքս՝ «Կարմիրի մասին», որը ստանում է շատ սիրուն ու հաճելի արձագանքներ։

Վերջերս էլ ձեզնից ստացել եմ «Շրջանաձև ընթերցանության» հրավեր, ինչի համար շատ շնորհակալ եմ և անհամբեր սպասում եմ բանաստեղծություններս ընթերցելուն։

 

– Ի՞նչ կմաղթեք ձեր անցած ճանապարհը նոր սկսող գրողներին։

– Ես կուզեմ, որ մարդիկ շատ կարդան, հետո գրեն և մշտապես փորձեր կատարեն, ուղիներ փնտրեն զարգանալու, կարծիքներ լսելու և տարբեր տեղերում տպագրվելու, քանի որ տանը նստած ոչ ոք չի զանգի և ասի, որ ցանկանում ենք ձեր գրածը տպագրել։ Կարող են սկսել փոքր լսարանից, ինչի մեծ հնարավորությունը տալիս է համացանցը։

Եվ վերջում պետք է հիշել, որ պոեզիան, գեղեցկությունը, ռոմանտիկան ու սերը այն բաներն են, որոնց համար մենք ապրում ենք («Մեռած պոետների ընկերակցություն», ֆիլմ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով