fbpx

Դպրոցի մասին, դպրոցականների համար և ոչ միայն

Ուսումնական տարին դեռ նոր է սկսել, բայց դուք արդեն հոգնե՞լ եք դպրոցից, համալսարանից ու աշխատավայրից։ Ինչ խոսք՝ բոլորս։ Այնուամենայնիվ, դրանցից խուսափելը խորհուրդ չի տրվում, իսկ մեզանից մնում է միայն ինքներս գունավորել մեր առօրյան։

Սեպտեմբերի առաջին ու ամենածանր շաբաթներին ընթառաջ մենք ընտրել ենք գրքեր, որոնք ուղիղ կապ ունեն դպրոցի ու դպրոցական կյանքի հետ։ Սարսափ, ֆանտաստիկա, իրական պատմություններ՝ միաժամանակ համեմված հումորով ու ողբերգություններով։

 

«Քերրի», Սթիվեն Քինգ

Carrie, Stephen King

Ծաղր, գաղջ մթնոլորտ, չարություն, մի խոսքով՝ տիպիկ ամերիկյան ավագ դպրոց։ Այդպիսի մի դպրոց է հաճախում դեռահաս Քերրի Ուայթը, ով իր աղանդավոր մոր տված դաստիարակության պատճառով ամեն օր ծաղրի է ենթարկվում համադասարանցիների կողմից։ Աղջնակի տարօրինակություններն այդպիսով չեն ավարտվում, նա ի ծնե օժտված է գերբնական, տելեկինետիկ ուժով, որի մասին նա իմանում է միայն վերջերս։ Թե ինչ կանի չարացած ու վախեցած աղջկա անկառավարելի ուժը մի ամբողջ քաղաքի հետ՝ կիմանաք, եթե կարդաք նամակագրական վեպի նոտաներով այս միստիկ սարսափը։

«Մարդկային կատակերգություն», Վիլյամ Սարոյան

The Human Comedy, William Saroyan

Ամերիկահայ գրողի ամենահայտնի վեպը պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Միացյալ Նահանգների Իթաքա քաղաքում ապրող Մաքոլիների ընտանիքի մասին։ Անհայր ընտանիքի ավագ որդին մեկնել է ռազմաճակատ, և տան ամբողջ հոգսը մնացել է 14-ամյա Հոմերի ուսերին։ Շատ կարճ ժամանակում դեռահաս տղան առերեսվում է կյանքի ամենադաժան ցավերին ու հիասթափությանը։ Նա հասունանում է ընթերցողի աչքի առաջ։Այս ամենի հետ մեկտեղ գրողը չի մոռացել հումորի, արկածներով լի դպրոցական ու բակային կյանքի մասին, որոնք էլ հենց կարծես լինեն ամերիկաբնակների զենքերը վեպի չարագործ պատերազմի դեմ։

«Թափանցիկության առավելությունները», Սթիվեն Չբոսկի

The Perks of Being a Wallflower, Stephen Chbosky

Չբոսկու դրական քննադատությունների արժանացած առաջին վեպը պատմում է 15-ամյա կարգապահ ու աչքի չընկնող, կոպիտ ասած՝ «թափանցիկ» Չառլիի մասին, ով սկսում է իր նավարկությունը դեպի պատանեկության ու հասուն կյանքի միջև ընկած տարօրինակ աշխարհ։ Առաջին ժամադրություններ, ընտանեկան վեճեր ու լի՜քը նոր ընկերներ։ Սեքս, թմրանյութեր և Ռոքի Հորորի սարսափ-շոու։

Եվս մեկ ստեղծագործություն, որը ցույց է տալիս անձի հասունանացումը։ Անտանելի կորուստներ, վաղաժամ սեր ու ծանր կյանք։ Իր կյանքով ապրելու ու դրանից փոխչելու փորձերով Չառլին պետք է սսովորի ղեկավարել այդ վայրի ու թունավոր օրերը, որոնք կոչվում են հասունացում;

«Կրելով երկինքը», Քեյթ Գրեյ

Carry the Sky, Kate Gray

Իր առաջին վեպում հեղինակը չմարող հայացք է գցում ծաղրին։ Իրադարձությունները դասավորվում են 1983 թվականի Դելեվեյրի մի էլիտար գիշերօթիկ դպրոցում։ Այստեղ է գալիս թիավարության մարզիչ Թեյլոր Ալթան, ով փորձում է մի փոքր ցրվռլ սիրած կնոջ մահից հետո։ Ֆիզիկայի ուսուցիչ Ջեք Սոնգը դպրոցի միակ ասիացին է։ Այս երկու երիտասարդ ու միայնակ ուսուցիչները պատմում են 13-ամյա տարօրինակ ու փայլուն մի տղայի մասին, ով սիրում է սնկեր նկարել իր նոութբուքի վրա, սուլում է միջանցքներում ու սիրահարվում իրենից մեծ աղջկա վրա։

Այս հրաշալի գիրքը երգում է քաջ ու անկեղծ հիմն այն մասին, թե ինչ է նշանակում լինել լիովին տարբեր այս միանման աշխարհում։

«Հինգերորդ ալիքը», Ռիք Յանսի

The Fifth Wave, Rick Yancey

Առաջին ալիքն իր հետևից թողեց մթություն, երկրորդից հետո ողջ մնացին միայն հաջողակները, իսկ երրորդից՝ միայն անհաջողակները, չորրորդ ալիքից մնաց միայն մեկ օրենք՝ ոչ ոքի չվստահել։

Հինգերորդ ալիքի արշալույսին և մայրուղու վրա միայնակ Քեսին փախչում է Նրանցից, որոնց առաքելությունը բոլոր ողջ մնացածներին սպանելն է։ Մենակ մնալ նշանակում է ողջ մնալ, մտածում էր Քեսին, մինչ Էվան Ուոքերի հետ հանդիպումը։ Առեղծվածային երիտասարդը դառնում է հերոսուհու փրկության միակ հույսը։ Պոստապոկալիպտիկ այս վեպում դպրոցական, երիտասարդ հերոսները ստիպված են լինում ընտրել վստահության ու հուսալքության, կյանքի ու մահվան, հանձնվելու և պայքարելու միջև։

«Տարօրինակ երեխաների տունը», Ռենսոմ Ռիգս

Miss Peregrine’s Home for Peculiar Children, Ransom Riggs

Պապիկի դաժան սպանությունից հետո Ջեյքոբի հետաքրքրասիրությունը նրան բերում է մի առեղծվածային կղզու լքված մանկատուն։ Այստեղ նա իմանում է, որ քանդված շինությունում ապրել են շատ տարօրինակ երեխաներ, ովքեր մի գուցե դեռ ողջ են։ Շատ շուտով Ջեյքոբը պարզում է նաև, որ ինք էլ է նրանցից մեկը․․․

Փշաքաղեցնող նկարազարդումներով այս ֆենտեզի վեպը ձեզ կտեղափոխի կախարդանքի, տարօրինակության և միաժամանակ դաժանությունների աշխարհ։ Լավ պատրաստվեք, որովհետև արկածները շատ սպասել չեն տա ու հաստատ չեն հոգնեցնի։

«13 պատճառ՝ ինչու», Ջեյ Աշեր

13 Reasons why, Jay Asher

Դու չես կարող կանգնեցնել ապագան կամ ետ բերես անցյալը։
Գաղտնիքը բացահայտելու համար պետք է միայն միացնել ձայնագրությունը։

Դպրոցից վերադառնալիս Քլեյ Ջենսենն տան շքամուտքի մոտ գտնում է մի տարօրինակ տուփ, որի վրա գրված է իր անունը։ Տուփում մի քանի կասետաներ են՝ ձայնագրված իր համադասարանցի և սիրած աղջիկ Հաննա Բեյքերի կողմից, ով երկու շաբաթ առաջ ինքնասպանություն էր գործել։ Հաննայի ձայնն ասում է, որ իր կյանքին վերջ է տվել տասներեք պատճառով, որոնցից մեկը հենց Քլեյն է։ Այն ինչ այդ գիշեր իմանում է գլխավոր հերոսը, ամբողջովին փոխում է նրա կյանքը։

Դեպրեսիվ ու դրամայով լի դպրոցական կյանք, որը ցույց է տալիս, թե ինչերի կարող է հասցնել ծաղրն ու դավաճանությունը։

«Հարված հետույքին» (կոմիքս), Մարկ Միլլար

Kick-Ass (comics), Mark Millar

Երևի չկա մի այնպիսի դպրոցական, ով չի երազել կամ դեռ երազում է լինել սուպերհերոս։ Դիմակ դնել ու դուրս գալ փողոց մի քանի հետույքներ հարվածելու համար։ Եթե այդ ցանկությունը ձեզ էլ հանգիստ չի տալիս, ապա այս կոմիքսը հենց ձեզ համար է, որտեղ մի շատ սովորական դպրոցական դառնում է բարձր մակարդակի սուպերհերոս։

Փողոցային լեքսիկոնն ու ահավո՜ր շատ արյունը թույլ չեն տա մոռանալ, որ այստեղ ամեն ինչ իրական է և չկա ոչ մի կախարդանք։ Հագի՛ր կոստյումդ ու գնա փողոցում արդարությու՛ն հաստատելու։

«Գրքի գողը», Մարկուս Զուսակ

The Book Thief, Markus Zusak

Եվս մեկ գիրք պատերազմական տարիների մասին։ 1939 թ․ հունվար։ Գերմանիա, շունչը պահած երկիր։ Մահը երբեք այսքան շատ չի աշխատել ու դեռ պիտի ավելի շատ աշխատի։ Մայրն 9-ամյա Լիզել Մեմինգերին տանում է խնամակալների մոտ, որովհետև ընտանիքի հայրը մահացել է, նրա կյանքը խլել է օտար ու տարօրինակ «կոմունիստ» բառը։ Շուտով այն կխլի նաև աղջկա մոր ու եղբոր կյանքերը նույնպես։ Հենց այսպես էլ հերոսուհին հայտնվում է Հիմելշտրասում՝ Եկրնային փողոցում։

Այստեղ խոսվում է մի մանկահասակ աղջկա, տարբեր բառերի, մի ակորդիոնիստի, տարբեր ֆանտաստիկ գերմանացիների, մի կռվարար հրեայի և շատ-շատ գողությունների մասին։ Սա գիրք է բառերում եղած ուժի և գրքերի հոգի սնուցող կարողության մասին։

«Կատաղություն», Սթիվեն Քինգ

Rage, Stephen King

Սկսել ենք Քինգից՝ վերջացնենք Քինգով, չնայած գիրքը լույս է տեսել հեղինակի Ռիչարդ Բախման գրական կեղծանվան ներքո։

Երևի բոլորդ էլ լուրերով լսել եք այն մասին, թե ինչպես է դպրոցականը զինված հարձակում կատարել սեփական դպրոցի վրա, գերի վերցրել համադասարանցիներին ու ուսուցիչներին և վերջում՝ սպանել նրանց ու ինքն իրեն։ Հենց այսպիսի մի դեպք է նկարագրում հեղինակը, ով բավական շատ արդարացումներ է տվել հանցագործ Չառլի Դեքերին։

18+ տարիքային սահմանափակում ունեցող այս գիրքը ստիպում է մտածել շատ բաների մասին, իսկ թե ինչից խելագարվել, ինչից՝ ոչ, որոշումը մերն է, եթե իհարկե դա մենք ենք որոշում։

Ի դեպ գիրքը շատ կարճ ժամանակում արգելել է տպագրել հենց ինքը հեղինակը, ինչը պայմանավորված էր երկրում նմանատիպ դեպքերի մեկնարկին ու հաճախակի կրկնությամբ, որը կատարողները բոլորն էլ վկայում էին այս գրքով ոգեշնչվելու մասին։

 

Հետաքրքրե՞ց։ Դե ուրեմն գունավորիր միապաղաղ դպրոցական առօրյադ այս գրքերով, մինչև մենք կգտնենք նորերը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով