fbpx

Դոն Կիխոտ | Բոլոր ժամանակների ամենավաճառված վեպը

Իսպանական Վերածննդի հայտնի գրող Միգել դե Սերվանտեսի «Հնարամիտ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցին» գիրքը ձեռք է բերել ավելի քան կես միլիարդ ընթերցող: 1605 թվականին տպագրված այս ստեղծագործությունը համարվում է առաջին ժամանակակից վեպը։

Գրքում պատմվում է Լա Մանչայում ապրող Ալոնսո Կիխանո անունով մի տղամարդու մասին, ով, կարդալով ասպետական շատ վեպեր, խելագարվում է և որոշում դառնալ ասպետ։ Հերոսն իրեն կոչում է Դոն Կիխոտ Լամանչեցի, թամբում է Ռոսինանտ անունով իր ծեր ձին և զինակիր Սանչո Պանսոյի հետ ճանապարհորդում՝ աշխարհում արդարությունն ու ազնվությունը վերականգնելու համար։ Այնուամենայնիվ ոչինչ իր ուզածով չի ընթանում, և նրանք հայտնվում են տարբեր արկածներում։

Առաջին հրատարակության տիտղոսաթերթը (1605)

Այս վեպը մի հանրագիտարան է, որտեղ լայն կտավի վրա պատկերված է տվյալ ժամանակաշրջանի Իսպանիայի կյանքը, արատավորված իրականությունը, վեպում հանդիպող բազմաթիվ հերոսների նյութական շահի ձգտումը: Սա անողոք քննադատություն է ուղղված թե՛ ֆեոդալական, թե՛ բուրժուական դասակարգերին:

Գիրքը թողարկվելուց անմիջապես հետո հիթ է դառնում և միայն առաջին տարում վերահրատարակվում վեց անգամ։ Սակայն Սերվանտեսն իր կենդանության օրոք հայտնի չի դառնում և 1616 թվականին աղքատ էլ մահանում է: Իր մահից հետո գիրքը շարունակում է մնալ հայտնի մինչ օրս։ 2005 թվականին բնօրինակ աշխատության 400-րդ տարեդարձի առթիվ 10 հրատարակչություններ վերահրատարակում են գիրքը։ «Royal Spanish Academy»-ի տարբերակն Իսպանիայում և Լատինական Ամերիկայում 2 ամսվա ընթացքում վաճառվում է 600,000 օրինակով։

Օկտավիո Օկամպո՝ «Դոն Կիխոտի տեսիլքները»

Իհարկե 1600-ականներից սկսած վաճառքները հստակ հաշվել հնարավոր չէ։ Մոտավորապես հասկանալու համար պետք է հաշվել, թե քանի լեզվով և քանի անգամ է գիրքը հրատարակվել։ Այսպես, «Դոն Կիխոտը» թարգմանվել է 25 լեզուներով, որոնք լույս են տեսել 963 տարբեր հրատարակությունների տեսքով, ինչն էլ մոտավորապես կազմում է ավելի քան 500 միլիոն օրինակ։

Գիրքն ունի երրորդ ամենաշատ հրատարակման ծավալը Աստվածաշնչից և «Հարրի Փոթեր»-ից հետո։

Աղբյուրներ։ BuzzFeed, TopTenz, Wikipedia

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով