fbpx

Բառեր, որոնք գրողը չպետք է օգտագործի | Չակ Պալանիկ

«Վեց վայրկյանից դուք ինձ կատեք։ Սակայն վեց ամսից կսկսեք ավելի լավ գրել։ Այս պահից սկսած մոտակա վեց ամսում ես արգելում եմ ձեզ օգտագործել մտածողական բայեր։ Ավելի կոնկրետ՝ «մտածել», «իմանալ», «հասկանալ», «գիտակցել», «հավատալ», «ցանկանալ», «հիշել», «պատկերացնել», «մաղթել» և այլ հարյուրավոր բառեր, որոնց օգնությանը շատ եք դիմում։

Այդ ցանկում պետք է տեղ գտնտեն նաև «սիրել» և «ատել» բառերը։

«Լինել» և «ունենալ» բայերին կանդրադառնանք ավելի ուշ։

Որևէ բան իմացող հերոսներ ստեղծելու փոխարեն դուք պետք է մտածեք մանրամասներ, որոնք կօգնեն ընթերցողին նրանց ավելի լավ ճանաչել։ Կերպարներին ստիպել որևէ բան ցանկալու փոխարեն դուք պետք է նկարագրեք ամեն ինչն այնպես, որ ընթերցողն ինքը կցանկանա։

Պետք չէ գրել՝ «Ադամը գիտեր, որ ինքը Գվենի դուրը գալիս է»։ Ավելի լավ կլինի այսպես․ «Դասամիջոցներին Գվենը մոտենում էր Ադամի պահարանին, երբ վերջինս գալիս էր բացելու այն։ Նա պտտում էր աչքերն ու դանդաղ գնում, իր հետևից ներկած հատակի վրա թողնելով կրունկների սև հետքն ու օծանելիքի բույրը։ Գաղտնաբառով կողպեքը դեռ պահպանում էր նրա հետույքի տաքությունը։ Հաջորդ դասամիջոցին Գվենը կրկին այստեղ կլինի»։

Ոչ մի կրճատումներ։ Միայն առանձնահատուկ զգացմունքային մանրամասնություններ՝ գործողություններ, բուրմունք, համ, ձայն և զգացմուքներ։

Որպես կանոն՝ գրողները տեքստի սկզբում օգտագործում են մտածողական բայեր։ (Այդ դեպքում դրանք նմանվում են «հաշվապահական հաշվետվությունների»)։ Այսինքն, հենց ամենասկբից նրանք սամանում են ամբողջ միտքը։ Իսկ հաջորդող ամեն ինչը կարծես նկարազարդում լինի։

Օրինակ՝ «Բրենդան գիտեր, որ չի հասցնի։ Խցանումը կամրջի սկզբից էր։ Նրա հեռախոսը լիցքաթափվել էր։ Տանը սպասում էին շները, որոնց պետք էր ման տալ, կամ խառնաշփոթ էր այնտեղ։ Բացի այդ, նա խոստացել էր հարևաններին ջրել նրանց ծաղիկները․․․» Տեսնու՞մ եք, թե ինչպես է առաջին նախադասությունը ձգում հաջորդողների իմաստը։ Այդպես մի գրեք։ Դրեք այն վերջում, կամ փոխեք՝ «Բրենդան ոչինչ չէր հասցնի ժամանակին անել»։

Միտքը վերացական է։ Գիտելիքն ու հավատը նյութական չեն։ Ձեր պատմությունն ավելի ուժեղ կլինի, եթե ցույց տաք միայն ֆիզիկական գործողություններն ու նյութապես ձևավորեք ձեր հերոսների բնավորության գծերը, իսկ ընթերցողին թույլ տաք ինքնուրույն մտածել և հասկանալ, ինչպես նաև սիրել ու ատել։

Մի հայտնեք կարդացողին, որ «Լիզան ատում է Թոմին»։

Դրա փոխարեն տվեք հստակ օրինակ՝ ինչպես փաստաբանը դատի ժամանակ՝ դետալ առ դետալ։ Պատկերացրեք ապացույցներ, օրինակ՝ «Ներկա-բացակայի ժամանակ, երբ ուսուցիչը կարդաց Թոմի անունը, նա չհասցրեց պատասխանել՝ «Ներկա», Լիզան բարձր ասաց՝ «Սրբած հետույք»։

Սկսնակ գրողների ամենատարածված սխալներից մեկը նրանց հերոսներին մենակ թողնելն է։ Դուք գրում եք և կարող եք լինել միայնակ։ Ընթերցողը կարդում է, նա նույնպես կարող է միայնակ լինել։ Սակայն ձեր հերոսը չպետք է մենակ մնա իր հետ, որովետև այդժամ նա կսկսի մտածել, անհանգստանալ և հետաքրքրվել։

Օրինակ՝ «Սպասելով ավտոբուսի՝ Մարկը սկսեց անհանգստանալ, թե որքան կտևի ուղևորությունը․․․»

Ավելի լավ է գրել՝ «Ըստ չվացուցակի՝ ավտոբուսը պետք է գար կեսօրին։ Մարկը նայեց ժամին՝ 11։57 էր։ Այստեղից երևում էր մինչև առևտրի կենտրոն տանող ճանապարհը, սակայն ավտբուսն այնտեղ չէր։ Անկասկած՝ վարորդը կանգնել էր մյուս կողմում և քնել։ Վարորդը քնած է, իսկ Մարկն ուշանում։ Կամ ավելի վատ, վարորդը հարբել է, իսկ Մարկը տվել է իր 75 ցենտը, որպեսզի մեռնի ավտոճանապարհային պատահարում․․․։

Երբ հերոսը մենակ է, նա կարող է սկսել երևակայել կամ հիշել որևէ բան, բայց նույնիսկ այս դեպքում դուք իրավունք չունեք օգտագործել մտածողական բառեր կամ որևէ աբստրակտ «բարեկամներ» (հոմանիշներ)։

Պետք չէ գրել նաև «մոռանալ» ու «հիշել»։

Պետք չէ այս տիպի որևէ անցում՝ «Վանդան հիշում էր, թե ինչպես էր Նելսոնը սանրում իր մազերը»։

Ավելի լավ է՝ «Այն ժամանակ, երկրորդ կուրսում, Նելսոնը ձեռքերով շփում էր նրա հարթ, երկար մազերը»։

Կրկին՝ վերծանեք, ոչ թե կարճ գրեք։

Ավելի լավ է մի հերոսին արագ դնել մյուսի առաջ։ Թող նրանք հանդիպեն, և կսկսի գործողություն։ Թույլ տվեք իրենց գործողություններով և խոսքերով ցույց տան իրենց մտքերը, իսկ ինքներդ հեռու մնացեք իրենց գլուխներից։

Երբ սկսեք խուսափել մտածողական բայերից, շատ զգույշ կօգտագործեք «լինել» և «ունենալ» տափակ բայերը»։

Օրինակ՝ «Էննի աչքերը կապույտ էին», «Էնն ուներ կապույտ աչքեր»։

Ավելի լավ է այսպես՝ «Էննը հազաց և թափահարեց ձեռքը դեմքի առջև, որպեսզի քշի ծխախոտի ծուխն իր կապույտ աչքերից, այնուհետև ժպտաց․․․»։

Սփրթնած, հաստատող «լինել» և «ունենալ»-ու փոխարեն փորձեք գործողությունների և շարժումների միջոցով գծագրել ձեր հերոսի դիմանկարը։ Այդպիսով դուք ցույց կտաք ձեր պատմությունը, այլ ոչ թե ուղղակի կպատմեք։

Եվ այդպիսով դուք կսովորեք վերծանել ձեր հերոներին և կատեք ծույլ գրողներին, որոնք սահմանափակվում են «Ջիմը նստեց հեռախոսի կողքին՝ ինքն իրեն հարցնելով, թե ինչու Ամանդան չի զանգում»։

Խնդրում եմ, այս րոպեից դուք կարող եք ինձ ատել, բայց մի օգտագործեք մտածողական բայեր։ Գրազ կգամ, որ դուք ինքներդ ամիսներ անց չեք ուզենա վերադառնալ դրանց»։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով