fbpx

«Բանաստեղծություններս ոչ թե տխուր են, այլ պատկերանում են իրականությունը», – Արամ Թարվերդյան

«Հյուլե» ակումբը պարբերաբար կազմակերպում է տարբեր քննարկումներ։ Այս անգամ նրանց հետաքրքրության կենտրոնում էր ժամանակակից հայ գրող Արամ Թարվերդյանն ու իր պոեզիան։ Հանդիպումը տեղի ունեցավ մարտի 24-ին «Հայ գիրք» գրախանութում։

Քննարկումը սկսեց ակումբի անդամներից մեկը այն հարցով, թե ինչու՞ է հեղինակն ընտրել «Նեմրութ» գրական կեղծանունը։

«Սկզբում ինձ դուր էր գալիս հենց Նեմրութ լեռան տեսքը, այնուհետև շատ կարդալով դրան նվիրված գրականություն՝ դարձավ ականջին հաճելի ու հարազատ։ Ըստ բառի ծագումնաբանության՝ նեմրութ նշանակում է նամռոտ մռութ, երես: Շատ օգտագործեցի և այդպես էլ մնաց», – պատասխանեց գրողը։

 

Ըստ ակումբականների՝ նրա գրածներում կա մեղեդայնություն, բառերի տարօրինակ դասավորություն ու ռիթմ։ Նրանցից մեկը գրողի բանաստեղծությունները նմանեցրեց ռեփ երաժշտության բառերի։

Անդրադարձ կատարվեց նաև գրելաոճին, տարբերվող ձեռագրին ու հեղինակի անկեղծությանը։ Այդ ամենը ներկաների շարքում նստած գրող Նորայր Սարգսյանը բացատրեց նրանով, որ Արամը չի եղել երևանյան գրողների շրջապատում և «կողքից»՝ իր ձևով է մուտք գործել գրականություն։

 

Մասնակիցների այն հարցին, թե ինչու՞ են բոլոր բանաստեղծությունները տխուր, Արամը պատասխանեց․ «Դրանք ոչ թե տխուր են, այլ պատկերանում են իրականությունը։ Ռեալիստական են և ուղղակի փաստերի արձանագրություններ»։

Մեկ այլ «Հյուլե»-ական ասաց, որ ըստ իրեն պոեզիան քննարկելու կարիք չունի․ այն կարդալիս կամ դուր կգա, կամ ոչ։ Պետք է ուղղակի կարդալ, անցնել ու գնալ։

Մեզ հետ զրույցում գրողն ասաց, որ առաջին անգամ էր մասնակցում իրեն նվիրված անհատական ընթերցանության ու քննարկման։ Տպավորությունները դրական էին։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով