fbpx

Անտուան դը Սենտ-Էքզյուպերի` «Ռազմական օդաչու» | Գրքի շնորհանդես

Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի 118-րդ ծննդյան օրը` հունիսի 29-ին ԽնկոԱպոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ գրողի «Ռազմական Օդաչու» գրքի շնորհանդեսը, որը թարգմանել է Շուշանիկ Թամրազյանը, հրատարակել` «Էդիթ Պրինտ»-ը:

«Երբ Շավարշ Կարապետյանն («Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն) ինձ ներկայացրեց Էքզյուպերիի ստեղծագործությունների թարգմանության ծրագիրը, առաջին երազանքս էր` թարգմանել «Ռազմական Օդաչու»-ն: Ինչու՞ Երկու տարի առաջ հեռուստացույցով հաղորդում էր Էքզյուպերիի մասին, որի ժամանակ «Ռազմական օդաչու»-ից մեջբերվեց հետևյալ տողերը` «Մեռնում են հանուն տան, ոչ հանուն իրերի և պատերի: Մեռնում են հանուն տաճարի, ոչ հանուն քարերի: Մեռնում են հանուն ժողովրդի, ոչ հանուն ամբոխի»:

Հենց ստացա գրողի ստեղծագործությունները թարգմանելու առաջարկը, առաջին տվածս հարցը` իսկ ե՞րբ պետք է թարգմանեմ «Ռազմական օդաչու»-ն: Ինձ վրա մեծ տպավորություն էին գործել Էքզյուպերիի այդ տողերը և չէին լքում, և ես անպայման ուզում էի դրանք օր առաջ տեսնել հայերեն: Եվ այսօր դա եղավ, ինչի համար շատ շնորհակալ եմ «Էդիթ պրինտ» հրատարակչությանը», – ասաց Շուշանիկ Թամրազյանը:

Ռազմական օդաչուն միաժամանակ ողբերգական և լուսավոր գործ է, ինչպես Էքզյուպերիի բոլոր գործերը: Բավական է մտածել պատմաքաղաքական այն հանգամանքների մասին, որոնցում հայտնվել է գրողը, պարզ կլինի, թե որտեղից է գալիս ստեղծագործության ողբերգությունը: Այն գրվել է 1942 թվականին աշխարհագրական  և ներքին աքսորի պարագայում: Այդ բառը հենց Էքզյուպերիինն է, որը նա օգտագործել է «Նամակ պատանդին» ստեղծագործության մեջ և այդպես նկարագրել Միացյալ Նահանգներում անցկացրած տարիներն ամփոփելու համար: Այդ տարիներին Ֆրանսիայի երկու երրորդն ընդունել էր ֆաշիստական Գերմանիայի կողմից պարտությունն ու հաստատվել էր նոր կարգեր, որոնց ժամանակ նա ուղղակի չէր կարող ազատ արտահայտել իր միտքը:

Թարգմանչուհու խոսքով Միացյալ նահանգներում նա շրջապատված էր ամերիկացիներով, ովքեր նրան պաշտում էին: Գրողը մինչև վերջ խուսափում էր սովորել անգլերեն և նրանց հետ շփվում թարգմանչի օգնությամբ: Էքզյուպերիին ցնցում է այն փաստը, որ շարքային ամերիկացին ֆրանսիացուն վերաբերվում է որպես պարտված մարդու, Ֆրանսիային` պարտված երկրի: Ընդամենը մի քանի ամիս և հերոսական, խրոխտ Ֆրանսիան ընդունում է իր պարտությունը: Դա շատ ծանր էր նրա համար: Հենց այս նախատեքստում է ձեռնարկում գրողը «Ռազմական օդաչու»-ն` պատմություն անձնազոհ մարդկանց, մահապարտ առաքելության մասին: Սակայն հանուն ինչի՞ Էին իրենց կյանքը նվիրում այդ մարդիկ… Հենց այս հարցն է անընդհատ արծարծվում գրքի գլուխներում:

Այն ընթերցելիս տպավորություն է առաջանում, որ Էքզյուպերին ամեն գնով, առանց կեղծ հայրենասիրական պաթոսի փորձում է արդարացնել իր հայրենիքը, փորձում խոսել մարդու, շարքային ֆրանսիացու մասին: Սակայն նա այստեղ չի փնտրում մեղավորների, չի զատում ոչ մեկի և գերադասում է խոսել իր հերոս ընկերների մասին::

Գիրքն ունի շատ հետաքրքիր կառուցվածք` անընդհատ զուգադրվում են անցյալն ու ներկան: Անցյալը մանկության, պատանեկության ու երիտասարդության շատ անձնական հիշողություններն են, ներկան` պատերազմը, ռազմական գործողությունները: Ցատկերը մի կենսափուլից մյուսին շատ անսպասելի են: Սկզբում շատ տարօրինակ կարող  է թվալ, թե ինչու պատերազմական ամենալարված գործողությունների ժամանակ, երբ իրենից է կախված ընկերների կյանքը, քանի որ նա է ռազմական օդաչուն, հանկարծ դիմում է իր դաստիարակչուհի Պաուլային, հիշում հորեղբայրներին, առաջին սիրուն… Ըստ էության նա այդպես փորձում է խոսել մարդու մասին, և ներքին հարցն է հայրենիքը: Իսկ Էքզյուպերիի տված պատասխանը զարմացնում է` հայրենիքը մանկությունն է, մեր ներքին եզերքը:

«Ռազմական օդաչու» գիրքը միաժամանակ լույս է տեսնում և՛ անգլերենով, և՛ ֆրանսերենով և կայծակնային արագությամբ մեծ ճանաչում բերում հեղինակին ամերիկացի մտավորականների և շարքային քաղաքացիների շրջանում: Իսկ Ֆրանսիայում, չնայած նոր կառավարության բռնաճնշումների, գիրքը վաճառվում է հիսուն հազար օրինակով:

Նախկինում, Շուշանիկ Թամրազյանի թարգմանությամբ լույս են տեսել նաև Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանը», «Նամակ պատանդին», «Գիշերային թռիչք» և «Մարդկանց երկիր» գրքերը:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով