fbpx

Այս լուռ խաղը շարունակում է մնալ արդի

Մնջախաղի համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ մարտի 22-ին՝ աշխարհահռչակ ֆրանսիացի մնջախաղաց Մարսել Մորսոյի ծննդյան օրը նշվում է մնջախաղի և ոչ բանավոր հախորդակցության արվեստի օրը։ Այն տոնվում է 2011 թվականից, և ամեն տարի տոնակատարությանը միանում են նոր երկրներ տարբեր մայրցամաքներից։ Մնջախաղի համաշխարհային օրը պաշտոնապես ճանաչված չէ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։

Մնջախաղը կամ հունարեն՝ պանտոմիման գոյություն ունի դեռևս շատ հին ժամանակներից։ Առաջին անգամ այն նկարագրել է Քսենոֆոնն իր «Խնջույք»-ում։ Հենց այդպիսին են եղել հնադարի թատերական ներկայացումները՝ համր։ Ժամանակի ընթացքում դերակատարը ձեռք է բերել խոսք, ձևավորվել են երկխոսություններ և ծնվել  է թատերական ներկայացումը։

«Երաժշտությունն ու լռությունը ուժեղ են միավորվում, որովհետև երաժշտությունը ստեղծվում է լռության մեջ, իսկ լռությունը լի է երաժշտությամբ», – ասել է Մարսել Մորսոն։

Այս լուռ խաղը շարունակում է մնալ արդի, ունի իր մշտական հանդիսատեսն ու երկրպագուները: Այստեղ խոսում է մեկ այլ, միջազգային` մարմնի լեզու, որն էլ կարողանում է միավորել աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներին մի գաղափարի, մի բեմի, մի պատմության ու երևույթի շուրջ:

Հայերի դերը բավական մեծ է այս ասպարեզում։ Աշխարհին հայտնի են ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանը և մեր ժամանակների վարպետ՝ հայտնի Մարսել Մորսոյի վերջին աշակերտ, ֆրանսաբնակ Վահրամ Զարյանը։

Ժիրայր Դադասյանի ղեկավարած Երևանի մնջախաղի պետական թատրոնը ստեղծվել է 1974 թվականին և գործում է մինչ օրս։ Այն իր խաղացանկում ներառում է թվով 15 ներկայացումներ։ Թատրոնն ամեն տարի Ծաղկաձորում կազմակերպում է մնջախաղի միջազգային թատերական փառատոն, որը կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը: Փառատոնին մասնակցում են թատերախմբեր կամ անհատ դերասաններ տարբեր երկրներից։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով